Ջուղայի ոչնչացւած խաչքարերի մեծ մասն արւեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է
Գարդման-Շիրւան-Նախիջեւան Համահայկական միութիւնը յայտարարութիւն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցութեամբ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասւած է.
«Դեռեւս 2003 թ․ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցութեամբ մի խումբ հայ պատմաբաններ եւ հնագէտներ պաշտօնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպութիւններին։ Այդ ժամանակ վերսկսւել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրւագները արձանագրւել էին դեռեւս 1998 եւ 2002 թւականներին՝ արժանանալով միջազգային հանրութեան զայրոյթին ու կշտամբանքին։
Սակայն որեւէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղաւ հեռացնել բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնէական քաղաքակրթական երեւոյթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թ․ տեղի ունեցաւ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը։
2006 թ․ ադրբեջանական կառավարութիւնը թոյլ չտւեց Եւրոպառլամենտի ներկայացուցիչներին այցելել Ջուղա, ինչը յանցանքը քողարկելու յուսահատ փորձ էր։ Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողութիւնը՝ հերքելով հայկական ներկայութիւնը Նախիջեւանում անպատմելի ժամանակներից եւ քրիստոնէական յուշարձանները վերագրելով աղւաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում, եթէ աղւանները ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգութիւնը» եւ դրա փոխարէն ռազմական հրաձգարան կառուցում։
Ջուղայի ոչնչացւած խաչքարերի մեծ մասն արւեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգեւոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրայ կառուցւած են ադրբեջանական հասարակութեան ու աւտորիտար ռեժիմի հոգեւոր ընկալումները։ 2020-2023 թթ․ ռազմական գործողութիւններին եւ էթնիկ զտմանը յաջորդած մշակութային զտումը եւս գալիս է փաստելու ասւածը։
Գարդման-Շիրւան-Նախիջեւան Համահայկական միութիւնը, լինելով ոչ միայն պատմական Գարդմանից, Շիրւանից եւ Նախիջեւանից բռնագաղթւած հայութեան ոտնահարւած իրաւունքների վերականգնման, այլեւ այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդրի յանձնառու, պահանջում է ադրբեջանական իշխանութիւններից քաղաքական կամք դրսեւորել վերջ տալու այն բարբարոսութեանը, որն այսօր ընթանում է Լեռնային Ղարաբաղում, պատասխանատւութիւն կրելու կատարւած մշակութային ցեղասպանութեան համար, ինչը դէպի խաղաղ ու ապահով ապագայ տանող միակ ճանապարհն է։
Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրութեանը, հեղինակաւոր իրաւապաշտպան կազմակերպութիւններին կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ խօսոյթը, որովհետեւ նախկինում արձանագրւած կոչերն ու յայտարարութիւնները մշտապէս անտեսւել են միջազգային իրաւունքը առաւելագոյնս ոտնահարող ադրբեջանական վարչակարգի կողմից»: