Հայաստան - ԱրցախՄշակութային

Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգութեան անբաժանելի մասը

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգութեան եւ արդի քաղաքական զարգացումների գիտական խմբի եւ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան օմբուդսմենի գրասենեակի

 

ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Շուշին, որպէս Արցախի եւ ընդհանրապէս Հարաւային Կովկասի կարեւորագոյն պատմամշակութային եւ քաղաքակրթական կենտրոններից մէկը, բնակեցւած է եղել դեռեւս հնագոյն ժամանակներից։ Իր պատմութեան ընթացքում Շուշին դարձաւ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր եւ մշակութային ինքնութեան կերտման առանցքային կենտրոններից մէկը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ բարձունքի վրայ, նպաստեց ոչ միայն նրա ռազմական կարեւորութեան, այլեւ՝ մշակութային եւ կրթական կենտրոն դառնալուն։

 

Շուշիի դերը եւ նշանակութիւնը

  • Բերդաքաղաքը, որպէս Հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչ։

Դեռեւս վաղ միջնադարից Շուշին կարեւոր դերակատարութիւն է ունեցել Մեծ Հայքի տարածքում հայակական պետական միաւորների անվտանգութեան պահպանման, իսկ ուշ միջնադրարում՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պաքարի կազմակերպման գործում:

  • Մշակութային կենտրոն. 19-րդ դարի վերջից Շուշին դարձաւ Հարաւային Կովկասի խոշորագոյն մշակութային կենտրոններից մէկը։ Այստեղ գործել են թատրոններ, տպարաններ, հրատարակւել են թերթեր եւ գրքեր, ձեւաւորւել է հայկական մշակոյթի ինքնատիպ հոսք, որը միաւորում էր ժողովրդական եւ դասական արւեստը։
  • Կրթութեան կենտրոն. քաղաքում հիմնադրւել են բազմաթիւ հայկական դպրոցներ, գիմնազիաներ, ուսումնական հաստատութիւններ, որոնք նպաստել են հայ մտաւորականութեան ձեւաւորմանը։
  • Հոգեւոր կենտրոն. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը դարձել է Արցախի եւ ամբողջ Կովկասի հայկական համայնքի հոգեւոր խորհրդանիշներից մէկը։ Բացի այդ, Շուշիում գործել են բազմաթիւ եկեղեցիներ, որոնք արժէքաւոր մշակութային յուշարձաններ են։
  • Քաղաքական եւ հասարակական կենտրոն. Շուշին նաեւ եղել է հայկական քաղաքական եւ հասարակական կեանքի կիզակէտ՝ նոր հասարակական միտումների եւ ազգային շարժումների ձեւաւորման վայր։
  • Տնտեսական զարգացում. 19-րդ դարում Շուշին յայտնի էր զարգացած արհեստագործութեամբ, առեւտրով եւ արդիւնաբերութեամբ՝ իր շուկաներով եւ ձեռնարկութիւններով կարեւոր տեղ զբաղեցնելով տարածաշրջանում։

Շուշին Արցախում եւ Կովկասում հայ ինքնութեան, կրթութեան եւ մշակոյթի խորհրդանիշն էր եւ ունեցել է համամարդկային նշանակութիւն՝ հանդիսանալով համաշխարհային մշակոյթի եւ քաղաքակրթութեան կարեւոր բաղադրիչ։

 

Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական մշակութային ժառանգութեան համակարգւած ոչնչացում եւ իւրացում

Արցախեան հակամարտութեան սրման եւ յատկապէս 2020 թւականի պատերազմից յետոյ։ Ադրբեջանի իշխանութիւնները որդեգրել են Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգութեան համակարգւած ոչնչացման եւ իւրացման քաղաքականութիւն, որը ներառում է հետեւեալ ուղղութիւնները.

  • Ֆիզիկական ոչնչացում եւ վնասում. Շուշիի հայկական եկեղեցիները եւ յուշարձանները ենթարկւել են վնասման եւ աւերման։ Մասնաւորապէս՝ 2020 թւականի հոկտեմբերին հրթիռակոծւել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ պատճառելով ծանր վնասներ դրա ճարտարապետական ամբողջականութեանը։
  • Մշակութային իւրացում. հայկական ժառանգութիւնը ներկայացւում է որպէս «աղւանական» կամ «ադրբեջանական քրիստոնէական» մշակոյթ՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ինքնութեան հետքերը։ Այս գործընթացը յաճախ իրականացւում է եկեղեցիների վերանորոգման անւան տակ՝ հայկական դիմագիծը փոխարինելով «ադրբեջանական» տարրերով։
  • Պատմութեան ռեւիզիա. Շուշիի հայկական պատմութիւնը խեղաթիւրւում է, հայկական տեղանունները ադրբեջանացւում են, եւ հայկական մշակոյթի վերաբերեալ տեղեկատւութիւնը վերացւում է պաշտօնական աղբիւրներից։
  • Քաղաքային միջավայրի ձեւափոխում. աւերւում են հայկական ոճի կառոյցները՝ փոխարինւելով ադրբեջանական կամ իսլամական ճարտարապետական տարրերով՝ նպատակ ունենալով վերափոխել քաղաքի պատմական դիմագիծը։
  • Միջազգային հանրութեան մոլորեցում եւ քարոզչութիւն. Շուշին միջազգային հարթակներում ներկայացւում է որպէս «ադրբեջանական մշակոյթի մայրաքաղաք», կազմակերպւում են միջոցառումներ եւ փառատօններ՝ շրջանցելով քաղաքի հայկական ինքնութեան մասին յիշատակումը։

Վերը նշւած գործողութիւնները լիովին համապատասխանում են մշակութային ցեղասպանութեան սահմանումներին եւ միջազգային իրաւունքի լուրջ խախտում են՝ հակասելով մասնաւորապէս 1954 թւականի «Մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի կոնվենցիային եւ ԻՒՆԵՍԿՕ-ի մի շարք որոշումներին։

Այսպիսով՝ Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգութեան անբաժանելի մասը, որի դերը համամարդկային մշակոյթի զարգացման մէջ չի կարելի թերագնահատել։ Ադրբեջանի կողմից իրականացւող համակարգւած ոչնչացման եւ իւրացման գործողութիւնները վտանգում են ոչ միայն հայկական, այլեւ՝ ամբողջ մարդկութեան մշակութային ժառանգութիւնը։

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգութեան եւ արդի քաղաքական զարգացումների գիտական խումբը եւ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան օմբուդսմենի գրասենեակը կոչ են անում միջազգային հանրութեանը.

  • Ակտիւ միջամտել Շուշիի հայկական մշակութային ժառանգութեան պահպանման, փաստագրման եւ վերականգնման ուղղութեամբ,
  • Ադրբեջանից պահանջել դադարեցնել ինչպէս՝ Շուշիում, այնպէս էլ՝

ողջ Արցախի տարածքում մշակութային ցեղասպամնական քաղաքականութիւնը,

  • Սահմանել Ադրբեջանի նկատմամբ համապատասխան իրաւական եւ քաղաքական պատասխանատւութիւն՝ միջազգային իրաւունքին համահունչ։

Arfd.am

Related Articles

Back to top button