Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ. Սիրակ Մելքոնեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ վարպետին նւիրւած յուշերեկոյում
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան եւ «Արիա» ցուցասրահի համագործակցութեամբ տեղի ունեցաւ Սիրակ Մելքոնեանին նւիրւած յուշերեկոյ, որին կից «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում ցուցադրութեան էր հանւել Սիրակ Մելքոնեանի տպագիր ստեղծագործութիւններից 13 ցուցանմուշ, ինչը տրամադրւել էր «Արիա» գալերիայի կողմից:
Յուշերեկոյին մասնակցած իրանահայ եւ պարսիկ արւեստի գործիչների կողքին ներկայ էին նաեւ մայրաքաղաքի յայտնի ցուցասրահներից մի քանիսի տնօրէններն ու աշխատակիցները, ում հետաքրքել էր նաեւ «Խաժակ Արզումանեան» ցուցասրահի գործունէութիւնը:
Ծրագրի ընթացքում բացման խօսքն ընթերցւեց Մեղրի Սարխոշեանի միջոցով, որտեղ անդրադարձ կար Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեայ գործունէութեանը, ինչպէս նաեւ արւեստի ու արւեստագէտների հետ կազմակերպութեան առնչակից լինելու եւ կատարւած աշխատանքներով հայկական մշակոյթին զարկ տալու փաստի մասին:
Ընթացքում Սիրակ Մելքոնեանի ստեղծագործական աշխարհի թեմայով ելոյթ ունեցաւ արւեստաբան Սիամաք Դելզենդէն: Նա իր պարտքը համարեց Սիրակ Մելքոնեանի անմոռաց յիշատակի ու արւեստի աւանդի մասին խօսքում ընդգծել այն բացառիկ յատկանիշերը, որոնցով Սիրակ Մելքոնեանի արւեստը տարբերւում էր իր ժամանակակիցներից: «…Եւ դրանք Իրանի ժամանակակից գեղանկարչութեան հիմնաքարերն էին»,- նշեց նա:
Գրող-հետազօտող Քիանուշ Մոթաղեդին յաջորդ բանախօսն էր, ում կարծիքով Սիրակ Մելքոնեանին նւիրւած յուշերեկոյ կազմակերպելը նոյնն է, ինչ իրանական ժամանակակից արւեստի զարգացման ընթացքի մասին վերյիշելն ու նոր բացայայտումներ անելը:
Յիշեցնենք, որ տարւայ առաջին կէսին «Նիաւարան» թանգարանում Սիրակի կտաւների ցուցադրմանը կից միջոցառման ժամանակ Սիամաք Դելզենդէն եւ Քիանուշ Մոթաղեդին աւելի ընդարձակ կերպով անդրադարձել էին Սիրակ Մելքոնեանի արւեստին, ինչին անդրադարձել էր «ԱԼԻՔ»-ը համապատասխան էջերում:
Ապա տեսակապի միջոցով (նախօրօք ուղարկւած տեսագրութիւն) Կանադայից ելոյթ ունեցաւ Սիրակ Մելքոնեանի հարսը՝ նկարիչ Անի Քոնարաքին: Նա Սիրակ Մելքոնեանի ընտանիքի անունից շնորհակալութիւն յայտնելով Հ.Մ.Ա.Կ.-ին, ինչպէս նաեւ «Արիա» գալերիային միջոցառումը կազմակերպելու համար, ապա պատմեց արւեստի սիրահարների նկատմամբ վարպետի հոգատար վերաբերմունքի մասին, յատկապէս՝ իր փորձի, երբ աշակերտել սկսեց Սիրակ Մելքոնեանին:
Ելոյթ ունեցան նաեւ Սանազ Արիանֆարը եւ «Արիա» գալերիայի ներկայացուցիչ Մարիամ Ռահմաթին:
Նշենք, որ ցուցասրահում ցուցադրւած Սիրակ Մելքոնեանի աշխատանքները, ինչպէս նաեւ նրա մասին պատմող հայերէն, պարսկերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով թերթերի հատւածների պատը, կարծես բացառիկ առիթներից էր իրանահայ եւ պարսիկ արւեստագէտներին ի շուրջ հաւաքելու եւ ծանօթանալու համար:
Յուշերեկոյին ներկայ հանդիսատեսի շարքերում էին նաեւ Պատգամաւորական ժողովի, «ԱԼԻՔ» հասատատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները: