Ադրբեջանցիները Ստեփանակերտում աւերել են Անատոլի Զինեւիչի կիսանդրին
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2024 թւականի յունւարի 10-ին ադրբեջանական Azərbaycan Ordusu/Ordu.az «Ֆէյսբուք»-եան էջում տեղադրւել է տեսանիւթերի շարք, ուր ներկայացւում էր առատ ձիւնը օկուպացւած Արցախի տարբեր շրջաններում: Տեսանիւթերից մէկը նկարահանւել էր Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում, Անատոլի Զինեւիչի անւան փողոցում: Այստեղ 2014 թւականին բացւել էր Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-լէյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրին:
Ադրբեջանական տեսանիւթի 7-րդ վայրկեանից երեւում է այն տեղը, որտեղ գտնւել է կիսանդրին: Տեղում երեւում են միայն պատւանդանի մնացորդները: Ակնյայտ է, որ կիսանդրին աւերւել կամ հեռացւել է:
Մեր արձագանգը
Համաձայն «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։ Ըստ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութեան՝ արգելւած է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։ Հաագայի 1999 թւականի երկրորդ արձանագրութիւնը վերահաստատում է այս պահանջը եւ այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ յօդւածի, որակում որպէս միջազգային յանցագործութիւն։ Մշակութային արժէքների ոչնչացման գործողութիւններն արգելւում են նաեւ Ժնեւի 1949 թւականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանութեան, պատերազմի օրէնքների եւ սովորոյթների վերաբերեալ միջազգային չորս կոնւենցիաների եւ արձանագրութիւնների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան պայմանագրերի»։