Հայաստանը մօտենում է 2026-ին որպէս փրկութիւն որոնող վիրաւոր ազգ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ
ՀՀ նախկին ԱԳ նախարար
2023-ին Արցախի վերջնական կորստից յետոյ մեզնից շատերը կը ցանկանային, որ Փաշինեանի կառավարութիւնը պարզապէս անհետանար։ Բայց յոյս ունենալ հասնել այդ արդիւնքին՝ առանց գործնական միջոցների, անիմաստ է։ 2025-ի աւարտին իրական յոյս է ձեւաւորւել, որ 2026-ը մեզ հնարաւորութիւն կը տայ ընտրութիւնների միջոցով ազատւելու այս ձախողւած ու ապաշնորհ կառավարութիւնից։ Հաշւի առնելով հանրային կարծիքի հարցումները եւ լայն հանրային տրամադրութիւնները՝ իշխանութեան մնալու համար Փաշինեանը ստիպւած է լինելու ձեւախեղել գործընթացը՝ թէ՛ ընտրութիւններից առաջ, թէ՛ ընթացքում, թէ՛ յետոյ։
2025-ը սարսափելի էր Հայաստանի համար, ինչպէս 2020-ից յետոյ բոլոր տարիները, սակայն մէկ կարեւոր տարբերութեամբ՝ բոլոր ճեղքերն ու բաժանումները՝ քաղաքական, տարածքային, դիւանագիտական, կրօնական, դատական, տնտեսական եւ բարոյական, խորացան։ Այն, ինչ նախկինում պարզապէս ձախողում էր, այժմ կարծրացել է որպէս փտախտ եւ դիտաւորութիւն։
Տարւայ ամենանշանակալի իրադարձութիւններից մէկն այն էր, որ Փաշինեանը եւ նրա արտգործնախարարը Ադրբեջանի հետ նախաստորագրեցին «խաղաղութեան համաձայնագիրը»։ Այդ փաստաթուղթը վերահաստատեց Հայաստանի զիջումները, իսկ Ադրբեջանի համար միջանցք կը բացի Հայաստանի ամենակարեւոր ռազմավարական շրջաններից մէկով։ Այն ոչ միայն խորհրդանշեց Արցախի կորստի պաշտօնական ընդունումն ու Բաքւում պահւող Արցախի քաղաքական առաջնորդներին ու միւս գերիներին լքելը, այլեւ լուրջ կասկածի տակ դրեց Հայաստանի՝ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնւած ինքնիշխան տարածքների վերադարձի հեռանկարը։ Աւելին, այս համաձայնագրի ստորագրումից յետոյ այն կը դառնայ նոր զիջումների եւ կորուստների իրաւական հիմք՝ սահմանադրական փոփոխութիւնների, լրացուցիչ տարածքների յանձնման եւ բնակչութեան միակողմանի տեղաշարժերի ձեւով։
Այս զիջումների ներքին հետեւանքները նոյնքան կործանարար են։ Փաշինեանն ու նրա նեղ շրջապատը փակւել են իրենց մէջ՝ լեգիտիմութիւն փնտրելով այլեւս ոչ թէ աշխատանքի արդիւնքներով, այլ ճնշմամբ, բռնութեամբ ու հարկադրանքով։ Տարւայ ընթացքում աննախադէպ էր Հայ Առաքելական Եկեղեցու դէմ յարձակումը՝ մի հաստատութեան, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ինքնութեան հիմքը։ Հալածանքների, դատավարութիւնների եւ կեղծ քարոզչութեան միջոցով կառավարութիւնը փորձում է լռեցնել Եկեղեցու բարոյական ձայնը՝ նրա ինքնուրոյնութիւնը ընկալելով որպէս մէկ մարդու իշխանութեանը սպառնացող վտանգ։ Հոգեւորականների նւաստացումն ու համայնքների ահաբեկումը խորը հարւած են հասցրել հայ հասարակութեանը՝ քայքայելով նրա միասնութեան եւ արժանապատւութեան վերջին աղբիւրներից մէկը։
Հայաստանը անգամ չի էլ ձեւացնում թէ ժողովրդավարական երկիր է՝ ժողովրդավարութեան պատրանքն էլ է այլեւս վերացել։ Երկիրը գրեթէ դարձել է բռնապետութիւն՝ ոստիկանապետական ռեժիմ։ Ազգային ժողովը մնացել է գործադիր իշխանութեան կնիքը։ Դատական համակարգը, որը վաղուց էր զիջել իր անկախութիւնը, այժմ դարձել է քաղաքական հետապնդման գործիք։ Ապօրինաբար կալանաւորւած են հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից ու գործարարներից մէկը, աւելի քան քառասուն հոգեւորական, ընդդիմադիր գործիչ, լրագրող, ակտիւիստ եւ սովորական քաղաքացի՝ ընդամէնը իրենց քաղաքական հայեացքների համար։ Ազատ մամուլի ճնշումը դարձել է համակարգւած. Փաշինեանի կառավարութեան նկատմամբ քննադատաբար տրամադրւած լրագրողները պարբերաբար ենթարկւում են հետապնդումների, ապօրինի ձերբակալութիւնների կամ լռեցւում են անօրինական միջոցներով։ Ռեժիմի ուղերձը յստակ է՝ քաղաքական ընդդիմախօսութիւնը դաւաճանութիւն է, իսկ հաւատարմութիւնը Փաշինեանին՝ հաւատարմութիւն պետութեանը։
Այս ամէնի ընթացքում Եւրոպան լուռ էր։ Եւրամիութիւնը եւ նրա անդամ պետութիւնները, որոնք ժամանակին բարձրաձայնում էին ժողովրդավարական արժէքների մասին, այս տարի եւս հանդիսատեսի պէս դիտեցին, թէ ինչպէս է Հայաստանի ժողովրդավարութիւնը ներսից քայքայւում, իսկ բռնաճնշումները՝ խորանում։ Տարւայ ընթացքում նրանց լռութիւնը խլացուցիչ էր, եւ պատմութիւնը դա կը դատի ոչ թէ որպէս զգուշութիւն, այլ որպէս մեղսակցութիւն։
Այս զարգացումների կուտակային հետեւանքն այսօրւայ շփոթւած եւ ընկճւած հասարակութիւնն է։ Բեւեռացումն այժմ դարձել է կառավարման գործիք, ոչ թէ քաղաքական հետեւանք։ Կառավարութիւնը սնւում է բաժանումից՝ հասարակութեան տարբեր շերտերին հանելով միմեանց դէմ։ 2018-ի երազանքը՝ նորացման, թափանցիկութեան եւ ազգային միասնութեան խոստումը, այժմ թւում է հեռաւոր յիշողութիւն, որին փոխարինել են ցինիզմն ու վախը։
Առաջ նայելով՝ Հայաստանը մօտենում է 2026-ին ոչ թէ որպէս ընտրութիւններին պատրաստւող ժողովրդավարութիւն, այլ որպէս փրկութիւն որոնող վիրաւոր ազգ։ Եթէ 2024-ը նախազգուշացում էր, ապա 2025-ը՝ դատաստան։ Հայաստանը հասել է մի կէտի, երբ իրավիճակի շարունակականութիւնը հաւասար է կործանման։ Պետութեան պահպանումը, արժանապատւութիւնն ու ապագան այժմ կախւած են վճռական ազգային զարթօնքից՝ այնպիսին, որը անձերից վեր է եւ պահանջում է հաշւետւողականութիւն, ազնւութիւն եւ նպատակայնութիւն։
Առաջիկայ տարին պէտք է դառնայ ոչ թէ անկման հերթական գլուխը, այլ փոփոխութեան ու վերականգնման սկիզբը:



