Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փէշերն ու դուրս գալիս դէպի գագաթ, սկսւում է Սիսիանի տարածաշրջանը։ Վայքի եւ Սիսիանի սահմանագծին բարձրաչափի սլաքը կանգ է առնում 2344 մետրի վրայ, որտեղից տեսանելի է տարածաշրջանի բնապատկերի մի հատւած. ամենուր լեռների պար է, լեռներն իրար կապող, իրարից բաժանող ձորերի շարան։ Համօ Սահեանի պատկերաւոր արտայայտութեամբ՝ այստեղից բացւում է սարերի վրայ հենւած սարերի եւ ձորերի մէջ մխրճւած մթին ձորերի համայնապատկերը։ Բնութիւնը ցուցադրում է իր բազմերանգ ներկապնակը, դառնում հմայիչ ու ռոմանտիկ։ Այն ոչ մի անկիւնում իրեն չի կրկնում. եզակի է, ինքնատիպ ու անըմբռնելի։

Հէնց այստեղ, անցած դարի 80-ական թւականներին, կառուցւեց Սիւնիք մտնող դարպասը։ Թէեւ կան Սիւնիք անւան տարբեր բացատրութիւններ, սակայն դարպասի վրայ փորագրւել է պատմահայր Խորենացու վկայութիւնն այն մասին, որ Գեղամի որդի «…Սիսակն այստեղ բնակւելով, իր բնակութեան սահմանները լցնում է շինութիւններով եւ երկիրը իր անունով կոչում է Սիւնիք, բայց պարսիկներն աւելի ճիշտ կոչում են Սիսական»։ Եւ հենց այդ նկատի ունենալով՝ հեղինակները գերադասել են դարպասի վրայ փորագրել ոչ թէ «Սիւնիք», այլ՝ «Սիսական»։

Դարպասի վրայ կայ նաեւ լեռնաշխարհի միւս՝ Զանգեզուր անւան փորագրութիւնը։ Դարպասից կախւած զանգերը հենց կապւում են Զանգեզուր անւան հետ։

Այն ճարտարապետական մի հետաքրքիր կառոյց է, որի հեղինակը Սիսիանի այն ժամանակների գլխաւոր ճարտարապետ Արեգ Իսրայէլեանն է՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայէլ Իսրայէլեանի շնորհաշատ զաւակը։ Քանդակներն արւել են մեր հայրենակից քանդակագործ Գետիկ Բաղդասարեանի կողմից, իսկ շինարարութիւնն իրականացւել է Սիսիանի շինտեղամասի կողմից, որը ղեկաւարում էր Բագրատ Խաչատրեանը։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button