Քաղաքական

Հայաստանի գոյատեւումը կախւած է ուժեղ բանակից, այլ ոչ թէ դատարկ խօսքերից

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ամենօրեայ յայտարարութիւններին արձագանքելը լիաժամկէտ աշխատանք է։ Ես ոչ մի հաճոյք չեմ ստանում նրան բազմիցս քննադատելուց, սակայն անպատասխանատու կը լինէր անտեսել նրա հակազգային դիրքորոշումները՝ առանց մտահոգւելու դրանց կործանարար հետեւանքների մասին։

Ահա նրա վիճայարոյց յայտարարութիւնների վերջին օրինակը.

Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած «Համապարփակ անվտանգութիւն եւ դիմակայութիւն 2025» միջազգային համաժողովում ունեցած իր 46 րոպէանոց ելոյթում Փաշինեանն սկսեց այն պնդումով, որ «նախորդող շրջանում մեր արտաքին անվտանգային խոցելիութիւնները նւազեցնելու առաջնային գործիքները եղել են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը»։ Սակայն, նրա խօսքով, «պատմութիւնն ապացուցեց, որ այս բանաձեւը չաշխատեց…»։ Նա պնդեց, որ «լեգիտիմութիւնն» աւելի կարեւոր է, քան ռազմական ուժը՝ երկրի անվտանգութիւնն ապահովելու համար։ Նա նոյնիսկ թելադրեց, որ «այս ռազմավարութիւնն է, որ հնարաւոր է դարձրել խաղաղութիւնը», ինչը թափանցիկ հնարք էր՝ համոզելու ընտրողներին աջակցել իր կուսակցութեանը յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններում։

Անբացատրելիօրէն, Փաշինեանն այնուհետեւ իր «լեգիտիմութեան ռազմավարութիւնը» կապեց բանակի նպատակների հետ՝ յայտարարելով՝ «Հայաստանի Հանրապետութեան բանակը Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչւած տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի եւ բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչւած տարածքի պաշտպանութիւնն ապահովելն է»։

Այս յայտարարութիւնը քօղարկւած փորձ է արդարացնելու ապագայ սերունդների պահանջների զիջումը Հայաստանի պատմական իրաւունքների վերաբերեալ։ Աւելի լաւ կը լինէր, որ նա պարզապէս լռեր, քան թէ վաղաժամ հրաժարւէր այդ իրաւունքներից՝ մինչեւ յարմար պահի գալը։

Փաշինեանը նաեւ կրկնեց իր սխալ պնդումը, թէ Հայաստանի ներկայիս սահմանները ճանաչելը հեշտացնում է զէնքի ձեռքբերումը: Իր կարծիքով, զէնք մատակարարողները վստահ կը լինեն, որ Հայաստանը զէնքը չի օգտագործի «ոչ լեգիտիմ ձեւով»: Նա չի հասկանում, որ Հայաստանի սահմանների լեգիտիմութիւնը որեւէ կապ չունի զէնք գնելու հնարաւորութեան հետ: Գնումների համար կարեւորը միայն վճարունակութիւնն է: Կամ ունես գումար զէնք գնելու համար, կամ չունես: Եթէ պատրաստ ես վճարել, միշտ կը գտնւեն բազմաթիւ երկրներ, որոնք պատրաստ կը լինեն վաճառել ցանկացած զէնք՝ առանց հարցեր տալու: Լեգիտիմութիւնը զէնքի շուկայում նշանակութիւն չունի։

Այնուհետեւ, Փաշինեանն անհեթեթօրէն յայտարարեց, որ նախկինում «բանակը մեզ համար եղել է անվտանգութեան ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ, ե՛ւ չորրորդ բնագիծ …. եթէ քո անվտանգութեան ապահովման թիւ մէկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգութիւն։ Բանակը նոյնիսկ անվտանգութեան երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպէտք է լինի …. Բանակը պէտք է լինի ամենավերջինը …. 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը»։ Զարմանալի չէ, որ 2020-ի կործանարար պատերազմը տանուլ տւած վարչապետը կարտաբերէր նման անողնաշար անհեթեթութիւններ:

Փոխանակ հզօրացնելու բանակը ժամանակակից զէնքերով՝ թշնամիներին զսպելու համար, որոնք բացայայտօրէն սպառնում են Հայաստանի գոյութեանը, Փաշինեանն ասում է, որ բանակը պէտք է լինի երկիրը պաշտպանելու վերջին միջոցը։ Նման պարտւողական մտածելակերպով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել անգամ այն փոքր տարածքը, որն այսօր ունի։

Աւելի հզօր թշնամիներ ունենալը չի նշանակում, որ Հայաստանը պէտք է հրաժարւի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զէնք ձեռք բերելուց։ Ընդհակառակը, երբ մինչեւ ատամները զինւած ես, նոյնիսկ ամենահզօր թշնամին երկու անգամ կը մտածի քեզ վրայ յարձակւելուց առաջ՝ լաւ իմանալով, որ ինքը եւս կորուստներ կունենայ։ Երբ թշնամուցդ թոյլ ես, անպաշտպան մնալը լուծում չէ։ Պաշտպանւել չկարողանալը՝ աղէտի բաղադրատոմս է։ Թշնամին կարող է առանց մի կրակոցի հեշտութեամբ հասնել Երեւան։

Փաշինեանն իր տեսակէտը պատկերաւոր ներկայացրեց անհեթեթ օրինակով՝ տան արտաքին պատին որմնանկար նկարելու մասին, որը, իբր, ուղերձ է յղում, թէ հարեւանը իրաւունք չունի այն տան նկատմամբ, որտեղ նա ապրում է։ «Սա կը յանգեցնի վէճի, կռւի, հակամարտութեան, պատերազմի»։ Փաշինեանը, կարծես թէ, չի հասկանում, որ քո տան պատին արւած ցանկացած նկար հարեւանիդ արտօնութիւն չի տալիս յարձակւել քո տան վրայ եւ սպանել ընտանիքիդ անդամներին։ Եթէ թշնամիդ տեղեակ է, որ դու լաւ զինւած ես եւ պատրաստ ես պաշտպանել քո տունը, նա յետ կը կանգնի իր թշնամական մտադրութեան իրականացումից։

Վարչապետը սխալմամբ կարծում է, թէ Հայաստանը որպէս պետութիւն կը շարունակի գոյութիւն ունենալ 50, 100, 150 տարի յետոյ։ Նա պարծեցաւ. «Մենք այսօր անկախ ենք, քան երբեւէ, ինքնիշխան ենք, քան երբեւէ, պետութիւն ենք, քան երբեւէ, եւ թոյլ տւէք ասել անվտանգ ենք, քան երբեւէ։ Հայաստանի Հանրապետութիւնը երբեք չի ունեցել աւելի անվտանգութիւն իր անկախութեան ընթացքում, քան ունի այսօր»։ Իրականում, Փաշինեանի պարտւողական մօտեցումը կասկած է առաջացնում, թէ Հայաստանը կը կարողանայ գոյատեւել նրա իշխանութեան օրօք։

Հայաստանը չի կարող իր անվտանգութիւնը ռիսկի ենթարկել՝ բանակը երկրորդական համարելով։ Իսկական լեգիտիմութիւնը բխում է ոչ թէ դատարկ խօսքերից, այլ այն ակնյայտ երաշխիքից, որ Հայաստանի սահմանները եւ ժողովուրդը պաշտպանւած են կարողունակ, լաւ սպառազինւած ուժերի կողմից։ Ժամանակն է, որ վարչապետն ու ամբողջ ղեկավարութիւնը հրաժարւեն պարտւողական հռետորաբանութիւնից, ամրապնդեն ռազմավարական դաշինքները եւ վճռականօրէն ներդրումներ կատարեն հայկական բանակի արդիականացման գործում։ Միայն այդ դէպքում հայ ժողովուրդը կը կարողանայ ապահովել, որ ոչ մի թշնամի չհամարձակւի կասկածի տակ դնել նրա վճռականութիւնը՝ պաշտպանելու իր ինքնիշխանութիւնը, ինչը Հայաստանը կը դարձնի ազատ, անվտանգ եւ հպարտ պետութիւն՝ գալիք սերունդների համար։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button