Սիւնիքի մարզի գիւղերի վրայ ադրբեջանական կողմը ոչ թէ վերջին շաբաթներին է ինտենսիւ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս

«ԱԼԻՔ» – Սիւնիքի մարզի սահմանամերձ գիւղերի վրայ ադրբեջանական կողմը ոչ թէ վերջին շաբաթներին է ինտենսիւ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թերթը տեղեկացրել է, որ գիւղի բնակիչները պատմել են, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնէք, տեսանիւթեր չանէք, մամուլի բերանը չգցէք: Ասել է` ուժային կառոյցներից են հրահանգել:
«Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիւ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, եւ սկսել են սոցցանցերում տեսանիւթեր հրապարակել: Միայն դրանից յետոյ ՔՊ-ականները մեկնել են նշւած գիւղեր՝ ցոյց տալով, թէ իբր գիւղացիների կողքին են: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գիւղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գիւղից։
Գրել էինք, որ Արսէն Թորոսեանն ու Դաւիթ Դանիէլեանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանն ու Արմէն Խաչատրեանը։ Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ յայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թէ կրակոցները «չեն թիրախաւորում ՀՀ տարածքը»,- գրել է «Հրապարակ»-ը: