ՌԴ ԱԴԾ-ն յայտնել է գեներալ-լէյտենանտ Մոսկալիկի սպանութեան գործով ուկրաինացի գործակալի ձերբակալման մասին

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի յատուկ ծառայութիւնների գործակալ Իգնատ Կուզինը ձերբակալւել է գեներալ-լէյտենանտ Եարոսլաւ Մոսկալիկի սպանութեան գործով, հաղորդում է «Կոմերսանտը»՝ յղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին։
Մոսկալիկը մահացել է ապրիլի 25-ին Մոսկւայի մարզի Բալաշիխա քաղաքում տեղի ունեցած մեքենայի պայթիւնի հետեւանքով։
«Իգնատ Կուզինը հաւաքագրւել է Կիեւի մարզում ուկրաինական յատուկ ծառայութիւնների կողմից 2023 թւականի ապրիլին, ասւում է ԱԴԾ-ի յայտարարութեան մէջ։ Նրա ղեկավար Վադիմի յանձնարարութեամբ նոյն թւականի սեպտեմբերին տղամարդը մեկնել է Մոսկւա, իսկ 2024 թւականի նոյեմբերին բնակութիւն է հաստատել իր նշած հասցէում»,- հաղորդում է ռուսական լրատւամիջոցը։
Գերատեսչութեան տւեալներով՝ 1983 թւականին ծնւած կասկածեալը ձեռք է բերել Volkswagen Golf մակնիշի աւտոմեքենայ եւ դրա մէջ տեղադրել ինքնաշէն պայթուցիկ սարք եւ տեսախցիկ։
Նա սարքի բաղադրիչները վերցրել է Մոսկւայի մարզում Ուկրաինայի յատուկ ծառայութիւնների կողմից ստեղծւած թաքստոցից՝ օգտագործելով իր հեռախօսին ուղարկւած կոորդինատները։ Երբ Եարոսլաւ Մոսկալիկը դուրս եկաւ իր տնից, պայթուցիկ սարքը հեռակառավարմամբ պայթեցւեց Ուկրաինայի տարածքից եկած մասնագէտի կողմից։
Կուզինը ձերբակալւել է Թուրքիայում, որտեղ նա թռել էր մեքենայում ռումբ տեղադրելուց յետոյ։ Նրան տեղափոխել են Մոսկւա՝ Քննչական կոմիտէի շէնք։ Յարուցւել է քրէական գործ՝ ահաբեկչական գործողութեան եւ պայթուցիկ նիւթերի կամ սարքերի ապօրինի պահպանման յօդւածներով։ Կասկածեալը բնակութեան թոյլտւութիւն ունի Ուկրաինայում։