ԱԳ նախարարի գրառումը. «ԱՄՆ-ում «Նեթանիահուն՝ առաջինը» փոքրամասնութիւնը սարսափում է դիւանագիտութիւնից»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցութիւններում հնարաւոր կը լինի հասնել համաձայնութեան, բայց դրան հասնելու միայն մէկ ճանապարհ կայ՝ դիւանագիտութիւն՝ հիմնւած յարգանքի եւ փոխադարձ շահի վրայ:
«Ամերիկացի ժողովուրդը ոչնչի չի հասել զէնք մատակարարելու միջոցով, Գազայում Նեթանիահուի ցեղասպանութեանն աջակցելով, եւ Եմէնում Նեթանիահուի անունից պատերազմ մղելով:
Նեթանիահուն լկտիաբար փորձում է նախագահ Թրամփին թելադրել, թէ ինչ կարող է եւ ինչ չի կարող անել Իրանի հետ բանակցութիւններում։ Աշխարհն արդէն հասկացել է, թէ ինչպէս է Նեթանիահուն ուղղակիօրէն միջամտում ԱՄՆ կառավարութեան գործերին՝ նրան մղելով դէպի մեր տարածաշրջանում հերթական աղէտը:
Նեթանիահուն խաբեց Բայդէնի պարտւած թիմին, որպէսզի ամերիկացի հարկատուների գումարից 23 միլիարդ դոլար տրամադրի իրեն: Այս գումարը ոչինչ է՝ համեմատած այն ինչի, որ ստիպւած են լինելու վճարել Իրանի դէմ ցանկացած սխալ քայլի դէպքում:
Եթէ վերջնանպատակն այն է, ինչ նախագահ Թրամփը բազմիցս ասել է. «միակ բանը, որ նրանք (Իրան-ԽՄԲ.) չեն կարող ունենալ, միջուկային զէնքն է», ապա գործարքը հասանելի է: Բայց դրան հասնելու միայն մէկ ճանապարհ կայ՝ դիւանագիտութիւն՝ հիմնւած յարգանքի եւ փոխադարձ շահի վրայ: ԱՄՆ-ում «Նեթանիահուն՝ առաջինը» փոքրամասնութիւնը սարսափում է դիւանագիտութիւնից, եւ հիմա բացայայտել է իր իրական ծրագիրը: Աշխարհը պէտք է ուշադրութիւն դարձնի այն իրողութեանը, թէ ո՞րն է նրանց իրական առաջնահերթութիւնը»,- գրել է մեր երկրի ԱԳՆ ղեկավարը: