ԱԳ նախարարը ներկայացրել է Պակիստան այցի հիմնական նպատակները

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 5-ին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին պաշտօնական այցով Պակիստանում էր:
Իսլամաբադում ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի նախագահ Ասէֆ Ալի Զարդարիի եւ փոխվարչապետ, ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաղ Դարիի հետ:
Կայացած հանդիպումների ընթացքում, Արաղչին նախանշել է իր այցի երեք հիմնական նպատակները՝ Հարաւային Ասիայում տեղի ունեցող զարգացումների քննարկում, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների վերաբերեալ կարծիքների փոխանակում եւ երկկողմ համագործակցութեան զարգացում։
Արաղչին յայտնել է, որ Իրանը ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թւում՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ յարաբերութիւնների վերջին զարգացումներին։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ Իրանի համար բարեկամ պետութիւններ են, իսկ Պակիստանը՝ որպէս հարեւան եւ եղբայրական երկիր, առանձնայատուկ տեղ է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածաշրջանային քաղաքականութեան մէջ։
«Հնդկաստան մեր այցից առաջ մենք կարեւոր համարեցինք խորհրդակցութիւններ անցկացնել մեր պակիստանցի ընկերների հետ եւ լսել նրանց կարծիքը հիմնական հարցերի վերաբերեալ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Արաղչին առաջիկայ օրերին կայցելի Հնդկաստան: