ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Փեզեշքիան. «Տարածաշրջանի խնդիրների արտայանձնումը արտատարածաշրջանային տէրութիւններին, իրավիճակն աւելի է բարդացնում»

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւններ չպէտք է տեղի ունենան

«ԱԼԻՔ» – ՀՀ նախագահի նստավայրում, երէկ՝ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինեանի հանդիպումը:

Դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ, տեղի է ունեցել մասուդ Փեզեշքիանի եւ Նիկոլ Փաշինեանի առանձնազրոյցը, որը տեւել է շուրջ մէկ եւ կէս ժամ:

Զրուցակիցները քննարկել են Իրան-Հայաստան համագործակցութեան օրակարգային մի շարք հարցեր: Մասնաւորապէս, անդրադարձ է կատարւել մի շարք ոլորտներում կապերի հետագայ զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակւել երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Առանձնազրոյցին յաջորդել է ընդլայնւած կազմերով հանդիպումը, որից յետոյ Փեզեշքիանն ու Փաշինեանը հանդէս են եկել մամուլի համար յայտարարութիւններով:

«Իրանը միշտ պաշտպանել է Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, եւ դա մեր քաղաքականութիւնն է, մենք դէմ ենք տարածաշրջանում ուժի կիրառմանը, ինչպէս նաեւ կարծում ենք, որ ոչ տարածաշրջանային ուժերի կողմից խնդիրների լուծումն էլ աւելի է սրում իրավիճակը տարածաշրջանում»,- յայտարարել է նախագահ Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ Իրանը խաղաղութիւն եւ հանգստութիւն է ցանկանում իր հարեւաններին, մասնաւորապէս՝ Հայաստանին եւ կարծում է, որ ինտեգրացիան եւ բարեկամութիւնը անվտանգութեան եւ զարգացման պահպանման լաւագոյն գործօններն են։

«Խաղաղութիւնը Իրանի համար ռազմավարական առաջնահերթութիւն է եւ մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան բանակցութիւններին։ Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւններ չպէտք է տեղի ունենան եւ մենք կարծում ենք, որ այդ փոփոխութիւնները կարող են աշխարհաքաղաքական մրցակցութիւն առաջացնել», – նշել է Փեզեշքիանը։

Հանրապետութեան նախագահը Հայաստանն անւանել է Իրանի կարեւոր հարեւան՝ յաւելելով, որ պատմութիւնը վկայում է երկկողմ յարաբերութիւնների խորը արմատների մասին։ «Իրանում հայկական համայնքի, յատկապէս սահմանամերձ շրջաններում, ներկայութիւնը վկայում է մեր քաղաքակրթական եւ մշակութային ընդհանրութեան, ինչպէս նաեւ սահմանի երկու կողմերում բարեկամութեան մասին։ Մեր ընդհանուր սահմանը միշտ եղել է ժողովուրդների միջեւ բարեկամութեան եւ կապի կամուրջ», – եզրափակել է Փեզեշքիանը։

Նիկոլ Փաշինեանն իր հերթին նշել է, որ հայաստանի եւ Իրանի համար երկու պետութիւնների միջեւ սահմանների անխախտելիութիւնն ու անխափան հաղորդակցութիւնն ունի կենսական նշանակութիւն:

«Պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրւած համատեղ հռչակագրի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին նախաստորագրւած համաձայնագրի մանրամասները»,-նշել է նա:

Related Articles

Back to top button