ԻրանՔաղաքական

Դիւանագիտական եւ անվտանգային յստակ ուղերձ

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար. Նաւատորմի 103 եւ 104-րդ նաւախմբերն ուղեւորւել են Հարաւային Աֆրիկայի ջրեր

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանիի խօսքով՝ բանակի ռազմածովային ուժերի 103 եւ 104-րդ նաւախմբերը մեկնարկել են ծովային առաքելութիւն եւ ներկայ պահին գտնւում են Հարաւային Աֆրիկայի ուղղութեան վրայ։

Ինչպէս հաղորդում է «ԻՌՆԱ»-ն, ծովակալ Իրանին նշել է, որ նաւախմբերից մէկը իրականացնում է առեւտրային նաւերի ուղեկցման առաքելութիւն, իսկ 103-րդ նաւախումբը՝ գերագոյն հրամանատարի ցուցումներին համապատասխան, մասնակցելու է «ԲՐԻՔՍ»-ի համատեղ ռազմածովային զօրավարժութիւններին՝ պաշտպանական եւ ծովային դիւանագիտութեան ամրապնդման նպատակով։

Նա ընդգծել է, որ Իրանի դիրքը ծովային ոլորտում գտնւում է լիարժէք պատրաստւածութեան վիճակում, եւ բանակի ռազմածովային ուժերը՝ յենւելով ներքին կարողութիւնների, արտատարածաշրջանային գործնական փորձի եւ բաց ջրերում մշտական ներկայութեան վրայ, ճանաչւած են, որպէս տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ծովային անվտանգութեան ազդեցիկ դերակատար։

Ծովակալ Իրանին կտրուկ արձագանքել է Իրանը որպէս մեկուսացւած երկիր ներկայացնելու թշնամական փորձերին՝ շեշտելով, որ հակառակորդի քարոզչական փորձը ձախողւելու է, եւ իրականութիւններն են պարտադրելու իւրաքանչիւրի իրական պատկերը։

Նա նաեւ նշել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան զինւորական ղեկավարները բացայայտ կերպով ընդունում են Իրանի առաջնորդող եւ ազդեցիկ դերը, եւ լուրջ մակարդակներում վերլուծում են Իրանի դիրքորոշումները, ինչը տարածաշրջանային եւ համաշխարհային ռազմաքաղաքական գործընթացներում վկայում է Իրանի խոր ազդեցութեան մասին ։

Եզրափակելով՝ ծովակալ Իրանին ընդգծել է, որ Իրանի ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումներն, այդ թւում՝ 86-րդ նաւախմբի եւ «Սահանդ» բազմաֆունկցունալ ռազմանաւի առաքելութիւնները, համատեղ աշխատանքի, հաւատի եւ գերագոյն առաջնորդին հետեւելու արդիւնք են։

 

Related Articles

Back to top button