ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը չի մասնակցի Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովին

«ԱԼԻՔ» – Իրանը չի մասնակցի Եգիպտոսի Շարմ էլ Շէյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովին, որը նւիրւած է Գազայում հրադադարի վերաբերեալ ԱՄՆ առաջարկին։ Հաղորդում է «Թասնիմ»-ը՝ յղում կատարելով ԱԳՆ-ում իր աղբիւրին:

Աւելի վաղ ամերիկեան Axios-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարութիւնը պաշտօնական հրաւէր է ուղարկել Իրանին՝ մասնակցելու միջոցառմանը։

Նշենք, որ Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովը մեկնարկելու է այսօր՝ հոկտեմբերի 13-ին: Աւելի քան 20 երկրների ղեկավարներ քննարկելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Իսրայէլի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայի հատւածում պատերազմը դադարեցնելու վերաբերեալ։

Ներկայ դրութեամբ հրադադարի ռեժիմը յարաբերականօրէն պահպանւում է Գազայի հատւածում: Տասնեակ հազարաւոր պաղեստինցիներ ոտքով, մեքենաներով եւ սայլերով հիւսիսից շարժւում են Գազայի ափով՝ վերադառնալով իրենց լքւած եւ հիմնականում աւերւած տները Գազայի հատւածում:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Հոսամ Բադրամը յայտարարել է, որ շարժումը բանակցութիւններին մասնակցում է անուղղակիօրէն՝ միջնորդների միջոցով, եւ չի մասնակցի Շարմ էլ Շէյխում համաձայնագրի ստորագրման գործընթացին, եւ որ արարողութեանը ներկայ կը լինեն միայն միջնորդներ եւ ամերիկացի ու սիոնիստ պաշտօնեաները։

Միեւնոյն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի Քաղաքական բիւրոյի ղեկավարի մամուլի խորհրդական Թահեր ալ Նունուն Շարմ էլ Շէյխի բանակցային գործընթացի մասին յայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը գործում է դրական մօտեցմամբ եւ անհրաժեշտ պատասխանատւութեամբ՝ անհրաժեշտ առաջընթացին հասնելու եւ համաձայնագիրն աւարտին հասցնելու համար։

Related Articles

Back to top button