Բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակով ՀՀ-ԵՄ գագաթնաժողովից առաջ կոչ է արել սատարել Բաքւում ապօրինաբար պահւող հայերի ազատ արձակմանը

Միացեալ թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել Հայաստան-Եւրոպական միութիւն գագաթնաժողովի նախաշեմին։
Նամակում Քերոլայն Քոքսը բարձրացրել է Ադրբեջանում ապօրինի պահւող հայ գերիների խնդիրը, կոչ է արել ապահովել նրանց ազատ արձակումը՝ «որպէս արդար եւ կայուն խաղաղութեան նախապայման»։
«Իմ առաջին մտահոգութիւնը վերաբերում է Հայաստանի եւ Արցախի պատանդառւած անձանց եւ ռազմագերիներին, որոնք մինչ օրս մնում են Ադրբեջանում գերութեան մէջ։
Տեղեկութիւններ կան, որ նրանցից շատերը ենթարկւում են վերաբերմունքի, որը հակասում է Եւրոպական միութեան օրէնքներին եւ կանոններին՝ կապւած գերութեան մէջ գտնւողների նկատմամբ վերաբերմունքի եւ արդար դատաքննութեան իրաւունքի հետ։
Ես չեմ կարծում, որ նման հարցերը կարող են անտեսւել։
Յաճախ է ասւում, որ «խաղաղութիւն չի կարող լինել առանց արդարութեան», եւ յոյս եմ յայտնում, որ այս խօսքերը բոլոր նրանց մտքում են, ովքեր ներգրաււած են Հայաստանի ապագայի կերտման գործում։ Կրկնում եմ՝ անցեալը չի կարելի պարզապէս անտեսել կամ ջնջել։
Յարգանքով կոչ եմ անում Հայաստանի կառավարութեանը եւ ժողովրդին, ինչպէս նաեւ բոլոր շահագրգիռ գործընկերներին՝ ապահովել, որ այս մօտեցումը դառնայ առաջնահերթութիւն։
Տեւական արդարութեան եւ խաղաղութեան, ինչպէս նաեւ համագործակցութեան ընդհանուր նպատակները, անկասկած, պահանջում են, որ Եւրոպական Միութիւնն էլ այս հարցին առաջնահերթութիւն տայ»,- նշւած է նամակում։



