ՄիջազգայինՔաղաքական

Ինչո՞ւ է Բաքուն ցանկանում լուծարել Մինսկի խումբը

ԴՈԿՏ. ԱՀՄԱԴ ՔԱԶԵՄԻ

 

Մինսկի խումբը լուծարելու վերաբերեալ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Հայաստանին ներկայացւող շարունակ պահանջներից յետոյ, Հայաստանի վարչապետը յայտարարեց, որ Երեւանը քննարկում է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը (ԵԱՀԿ) ներկայացնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար ստեղծւած Մինսկի խումբը լուծարելու մասին խնդրանքը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս, այդ թւում՝ 2024 թւականի դեկտեմբերին, Մինսկի խմբի լուծարմաբ պահանջը ներկայացրել է որպէս նախապայման՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման եւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար:  Իրաւական առումով, Մինսկի խմբի լուծարումը ենթակայ է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը ներկայացւող  Բաքւի եւ Երեւանի համատեղ խնդրանքին:

Մինսկի խումբն ստեղծւել է 1992 թւականին՝ Ղարաբաղեան Առաջին պատերազմի ամենաթէժ շարջանում, Միաւորւած ազգերի կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը վերապահւած դերով՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան 33-րդ յօդւածի համաձայն (որը գործի է դնում տարածաշրջանային կազմակերպութիւններն ու պայմանագրերը վէճերի խաղաղ լուծման համար)։

Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան 11 անդամ երկրներ Մինսկի խմբի անդամ են. Բայց որոշումներ կայացնող կառոյցը գտնւում է Մինսկի խմբի համանախագահների ձեռքում, մասնաւորապէս երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ձեռքում։

1994-ից 2020 թւականների հրադադարի 26 տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները տասնեակ անգամներ մեկնել են Ադրբեջանի Հանրապետութիւն, Հայաստան, այնտեղից՝ Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ինչպէս նաեւ տարբեր երկրներում հիւրընկալել են երկու կողմերի բանակցութիւնները։

Այդ տարիներին Ադրբեջանի Հանրապետութիւնն աւելի ոգեւորւած էր Մինսկի խմբի գործունէութեամբ, քան Հայաստանը, եւ չնայած ժողովրդի եւ «որոշ երկրների» խնդրանքներին՝ դուրս գալ այս խմբից, որը ոմանք որակել էին քրիստոնէական ակումբ, ոչ Հեյդար Ալիեւի, եւ ոչ էլ Իլհամ Ալիեւի ժամանակաշրջանում Բաքուն պատրաստ չեղաւ լքել Մինսկի խումբը։

Սակայն Ղարաբաղեան Երկրորդ պատերազմից (2020 թւական), ինչպէս եւ Ղարաբաղեան երրորդ պատերազմից եւ Ղարաբաղի վրայ Բաքւի գերիշխանութիւնից (2023 թ. սեպտեմբեր) յետոյ Բաքուն ընդգծում է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտութիւնը եւ դրա (լուծարման) կարեւորութիւնը համարում է որպէս խաղաղութեան բանակցութիւնների նախապայմաններից մէկը: Սակայն հիմնական հարցը սա է, ինչո՞վ է պայմանաւորւած Մինսկի խումբը լուծարելու Բաքւի պնդումները, կամ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահներից ոմանց՝ դժկամութիւնը:

Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղեան երրորդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութիւնը Մինսկի խմբի առաքելութիւնը, որը խաղաղութեան հաստատումն էր՝ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան իրացման եւ Ղարաբաղի իրաւական կարգավիճակի որոշման միջոցով, համարում է աւարտւած:

Իսկ մինչ այդ, Հայաստանը եւ Մինսկի խմբի որոշ համանախագահներ Բաքւի պահանջին հակադրւելու մի քանի պատճառ ունեն, որոնցից հիմնականներն են.

Ա- Մինսկի խմբի համանախագահները, յատկապէս,  Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, որտեղից աւելի քան 1207000 բնիկ հայեր բռնի տեղահանւել եւ ենթարկւել են էթնիկ զտումների, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար ընդունելի օրինակ չեն համարում։ Աւելի շուտ, ստեղծւած իրավիճակը կարող է կայծ տալ առաջիկայ տարիներին ճգնաժամի վերսկսման եւ տարածաշրջանային հաւասարումների փոփոխման գործընթացներին։ Մինսկի խումբը լուծարելով՝ Բաքուն մտադիր է աւարտւած տեսնել Ղարաբաղի գործը տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում, եւ օրակարգից հանել հայերի վերադարձը ապահովող խնդիրը, որը ընդգծւած նշւած է 2023 թւականի հոկտեմբերին Եւրախորհրդարանի բանաձեւում։

Բ- Ղարաբաղեան Երկրորդ եւ Երրորդ պատերազմներից յետոյ Ադրբեջանի Հանրապետութիւնը օկուպացրել է շուրջ երկու հարիւր քառակուսի կիլոմետր հայաստանեան տարածք, յատկապէս Սիւնիքի եւ Ջերմուկի մարզերում եւ սկսել է ճանապարհներ եւ ռազմակայաններ կառուցել այդ տարածքներում։ Հաշւի առնելով խաղաղութեան պայմանագիր չստորագրելը եւ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան պաշտօնական եւ իրաւական չճանաչման հետեւանքով վէճերի սրման հաւանականութիւն կայ։ Յատկապէս, երբ սահմանազատման հարցը բազմաթիւ խոչընդոտների առաջ է կանգնած: 

Գ- Մինսկի խմբի երկրները, յատկապէս Ֆրանսիան, դէմ են ՆԱՏՕ-ի «թուրանական միջանցք»-ի ստեղծմանը (կեղծ «Զանգեզուրի միջանցք») եւ այսպէս կոչւած «թուրքական աշխարհ»-ի գաղափարի իրականացմանը՝ նէոօսմանիզմի հետ կապւած մտահոգութիւնների պատճառով։ Հետեւաբար, Մինսկի խմբի լուծարումը դիտւում է որպէս Բաքւին եւ Անկարային խթանող միջոց՝ աշխարհաքաղաքական նկրտումներին հետամուտ լինելու համար: Բաքւի որոշ գործողութիւնները, այդ թւում՝ Անգլիայի անունից Բաքւի միջամտութիւնը Նոր Կալեդոնիայի բողոքի ցոյցերին, որոնք իրականացւում են որպէս քարոզչական լծակ Ֆրանսիայի դէմ, ազդել են  Փարիզի որոշման վրայ՝ աջակցելու Մինսկի խմբի գործունէութեան շարունակմանը։ Այս մօտեցումների ու մտահոգութեան արդիւնք էր Եւրոպական մոնիտորինգային խմբի ստեղծումը։

Դ. Բացի Ղարաբաղի էթնիկ զտումների եւ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից այս շրջանի ինքնավարութեան պատմական կարգավիճակի վերացման խնդրից, այլ չլուծւած խնդիրներ, այդ թւում՝ ռազմագերիների հարցը, ականապատ տարածքների քարտէզագրումը եւ ամենակարեւորը այս տարածաշրջանում ղարաբաղցի հայերի սեփականութեան իրաւունքի հեռանկարները, ինչպէս պատմամշակութային յուշարձանների կարգավիճակը, աւելին են խորացրել Մինսկի խմբի որոշ երկրների մտահոգութիւնները։ Բացի Ռուսաստանից, որը յայտարարել է իր աջակցութեան մասին Մինսկի խմբի լուծարմանը (Բաքւի միջոցով իր գազը վաճառելու քողի տակ՝ պատժամիջոցային գազը Եւրոպա տեղափոխելու եւ էներգետիկ զիջումներ ստանալու համար), Մինսկի խմբի միւս համանախագահներից ոչ մէկը հաւանութիւն չի տւել այդ պահանջին։ Նրանք աւելի շուտ՝ ի նշան բողոքի, այս հարցում խզել են իրենց կապը Ռուսաստանի հետ։ Նոյնիսկ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան ներսում չկայ Մինսկի խմբի լուծարման հասարակական պահանջ: Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու Բաքւի հրաժարումից մինչեւ 2024 թւականի նոյեմբերին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան կոնֆերանսը, չնայած Երեւանի կողմից Պրահայի գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան կազմում տեսնելու մասին, աւելի են խորացրել Բաքւի նկատմամբ Եւրոպայի եւ ՄԱԿ-ի թերահաւատութիւնը, որից Բաքւի «խաւիարային» դիւանագիտութիւնը, որը տարիներ շարունակ աշխատել է Եւրոպայի անվտանգութեան ու համագործակցութեան կազմակերպութիւնում, կորցրել է արդիւնաւէտութիւնը:

Ե. Իրաւական եւ բանականութեան տեսանկիւնից Մինսկի խմբի լուծարումը պէտք է տեղի ունենայ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ, քանի որ միայն նման իրաւական փաստաթուղթն է կարող ապահովել երկու երկրների միջեւ հիմնարար վիճելի հարցերի լուծումը։ Եւ բնականաբար, հաշտութեան պայմանագրից յետոյ Մինսկի խմբի գործունէութեան շարունակութիւնը կարող է նշանակութիւն չունենալ։ Սակայն Ադրբեջանի Հանրապետութիւնը ոչ միայն չի ընդունում այս ակնյայտ տրամաբանութիւնը, շարունակելով «միջանցքի» սպառնալիքը եւ «Արեւմտեան Ադրբեջանի» պատրանքը կիրառելով Հայաստանի նկատմամբ ինչպէս նաեւ պահանջելով սահմանադրութեան փոփոխութիւն, ցոյց է տալիս, որ նոյնիսկ, եթէ Երեւանը հետ կանգնի այս հարցում, Բաքուն նոր ախորժակով նոր պահանջներ կը դնի Երեւանի սեղանին:

Թարգմանութիւնը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button