Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Թող վարչապետական աւտոբուսի ուղեւորը չփորձի ինքնիշխանութեան զիջումը ներկայացնել որպէս կոմերցիոն գործարք»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած յայտարարութիւններն «էժանագին աֆերիստութիւն» է որակել։

«Երբ ինչ որ մի ծառայութիւն արտապատւիրակում ես երրորդ կողմին, դրա համար վճարում ես։ Օրինակ՝ եթէ որեւէ ընկերութիւն հաստիքային հաշւապահ պահելու փոխարէն իր հաշւապահութիւնն արտապատւիրակում է ինչ որ հաշւապահական ընկերութեանը, ապա նա դրա համար վճարում է այդ հաշւապահական ընկերութեանը։ Այլապէս ինչո՞ւ պէտք է ինչ որ մէկը քո փոխարէն քո հաշւապահութիւնն անի։ Այլ ընկերութիւնների հաշւապահութիւնը վարելը հաշւապահական ընկերութիւնների բիզնեսն է, նրանց փողի աղբիւրը։ Նրանք հօ՞ քո սիրուն աչքերի համար քո հաշւապահական հաշւետւութիւնները չեն կազմում։

Պետութիւնների ընտրութիւնը մի քիչ աւելի մեծ է։ Մասնաւորի նման նրանք կարող են ինչ որ ծառայութիւն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայութիւն իրականացնելու փոխարէն այն արտապատւիրակել մասնաւորին։ Սակայն, պետութիւնները կարող են ծառայութիւնն արտապատւիրակել՝ ծառայութեան դիմաց վճար գանձելու իրաւունքով։ Օրինակ՝ պետութիւնը կարող է իր թունելների կառավարումը յանձնել մասնաւորին՝ պայմանով որ մասնաւորը դրանք վերանորոգի ու սպասարկի։

Դէ հիմա այս տրամաբանութիւնը տարածենք Հայաստանի հարաւային սահմանով անցնող ճանապարհի/միջանցքի վրայ։ Ինչու՞ ինչ որ միջազգային կազմակերպութիւն պէտք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը։ Կարո՞ղ է վաղը Հայաստանը վճարի ինչ որ օտարերկրեայ մասնաւոր ընկերութեանը, որ այդ ընկերութիւնն ապահովի ադրբեջանցիների ու թուրքերի անխոչընդոտ երթեւեկութիւնը Հայաստանի տարածքով։ Կամ, կարո՞ղ է յանկարծ այդ օտարերկրեայ մասնաւոր ընկերութիւնը ճանապարհի մուտքի վրայ «տոմսավաճառ» նստացնի ու երթեւեկողներից փող գանձի։ Թուրքերից ու ադրբեջանցիներից փող գանձի, հարց չունեմ, բայց․․․ հիմա պատկերացնո՞ւմ էք, թէ որքան կը գանձեն թուրքերն ու ադրբեջանցիները, եթէ վաղն ինչ որ հայ յանկարծ փորձի իրենց ճանապարհներին ոտք դնել։ Կը կլպեն մինչեւ վերջին լուման (եթէ իհարկէ այդ ժամանակ մեր երկրում մանաթը կամ թուրքական լիրան չշրջանառւեն)։

«Վէոլիայի» (Հայաստանի ջրային համակարգը կառավարող ընկերութիւն-ԽՄԲ.) օրինակն ընդհանրապէս շառլատանութիւն է։ Հայստանն իր ենթակառուցւածքը վարձով է տւել, որ ֆրանսիացիները փող աշխատեն։ Այդքան բան։ Նոյնն է, թէ մէկն իր խանութի տարածքը տայ ուրիշին, որ այդ ուրիշն այդ խանութն աշխատացնի։

Այնպէս որ, թող վարչապետական աւտոբուսի ուղեւորը չփորձի ինքնիշխանութեան զիջումը ներկայացնել որպէս հասարակ կոմերցիոն գործարք։ Այդ ճանապարհի տնօրինումը կոմերցիոն հետաքրքրութիւն չի ներկայացնում։ Պրիմիտիւ է ու զզւելի…»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։

Related Articles

Back to top button