Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

Արիք, կանչում եմ, ես փախչողը չեմ.

արիք, լափեցէք սիրտս վիրաւոր, 

Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք,

դուռը չեմ բախի մարդու նենգաւոր:

 

Մարդիկ ի՞նչ են որ… դիմակւած

դեւեր, ժանիքներ ունեն, անտես

ճիրաններ, սմբակներ ունեն եւ

որոճող են եւ նրանց լեզուն՝ թունաւոր սուսեր:

 

Եւ ո՞վ են մարդիկ… աղւէսների հօտ,

եսամոլ անհուն, ուրացող,

մատնիչ, անկումիդ ուրախ, արիւններ լակող,

գազան, մանկասպան, եւ դահիճ, դահիճ:

 

Աղքատութեան մէջ՝ քծնի, վաճառւող,

թշւառութեան մէջ՝ վախկոտ, դաւաճան, 

Հարստութեան մէջ՝ լկտի, չարախինդ,

եւ վրիժառու, եւ ամբարտաւան:

 

Զոհւում է լաւը վատերի համար,

եւ վատն ու չարը լլկում են, տանջում 

մի բուռ լաւերին այս վատ աշխարհում,

եւ կեանքի արտում որոմն է աճում:

 

Նզովում եմ ձեզ, հեռաւոր մարդիկ,

ձեր չարն ու բարին, կրօնները ձեր, 

որոնք միմիայն շղթայ են կռում

եւ ստրկութեան կոփում զնդաններ:

 

Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին

դարձնում է գողին՝ ազնիւ բարեյոյս, 

ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,

տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կոյս:

 

Մարդկային աշխարհ, արեան բաղանիք,

ուր թոյլն՝ յանցաւոր եւ հզօրն՝ արդար, 

ուր մարդը տխեղծ՝ ինչ-որ անում է

այս գարշ աշխարհում՝ սոսկ նիւթի համար:

 

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի,

աստւածացնող թաթը եղեռնի, 

ահա մարդը միշտ – պատկերն Աստծու,

սակայն իրապէս վիժւածք շէյթանի:

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Related Articles

Back to top button