Ինչպէս սպանւեցին Կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի եղբայրները՝ օտարերկրեայ լրտեսի շինծու մեղադրանքով

Զ. ՇՈՒՇԵՑԻ
1938 թւականի ապրիլի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորէն Ա Մուրադբէկեանը Պետանվտանգութեան ծպտեալ գործակալների կողմից խեղդամահ արւեց Վեհարանում: Բնականաբար, Խորէն Մուրադբէկեանի մահը հանրութեանը ներկայացւեց՝ որպէս առողջական խնդիրների պատճառով առաջացած մահ, սակայն հանրութիւնը լաւ հասկանում էր, թէ ինչ է կատարւել եւ ինչ է կատարւելու Կաթողիկոսի մահւանից յետոյ: Կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի մահւան օրը կազմւեց զեկուցագիր, որում նշւեց, որ կաթողիկոսն իբր մահացել է սրտի կաթւածից.
«Տարւոյս ապրիլ ամսի 5-ի լոյս 6-ի գիշերը իր մահկանացուն կնքեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տէր Խորէն Առաջինը: Հանգուցեալը, վերջին տասն օրւայ ընթացքում նամանաւանդ խստօրէն գանգատւում էր իր սրտի անկանոն գործունէութիւնից, սակայն միշտ հրաժարւեց բժշկական օգնութեան դիմել եւ մեզ հանգստացնում էր, «թէ ցաւերն անցողական են, քանի որ այլ անգամներ էլ է պատահել»:
Բժշկական քննութիւնը ցոյց տւեց, որ հանգուցեալի մահն առաջացել է սրտի կաթւածից: Այս բանն ապացուցեց անդամահատութիւնն ու դիազննութիւնը՝ մասնագէտ բժիշկների կողմից, որոնք եւ կազմեցին պատշաճ արձանագրութիւն կաթողիկոսի մահւան այդ պատճառի մասին:
Դիազննութեանը ես անձամբ ներկայ եղայ, իբրեւ Գերագոյն խորհրդի անդամ:
Այս մասին զեկուցանելով Գերագոյն Հոգեւոր Խորհրդիդ, թողնում եմ Ատեանիդ աւանդական ձեւերով՝ շրջաբերական գրութիւններով բոլոր թեմերին հաղորդել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահւան մասին»: (Ս. Բեհբուդեան, «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան (1921-1938 թթ.)», Երեւան, 1994, էջ 327):
Զեկուցագիրը կազմել է Արսէն արքեպիսկոպոսը՝ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի համար: Վստահաբար կարելի է փաստել, որ նմանատիպ զեկուցագիր կազմւել է Պետանվտանգութեան գործակալների ուղիղ հրահանգով: Նախքան սպանութիւնը կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի դէմ ճնշումներն ուժգնացնելու համար ձերբակալւում է կաթողիկոսի եղբայրը՝ Լեւոն Մուրադբէկեանը: Նա ձերբակալւում է բրիտանացիների համար լրտեսութիւն անելու շինծու մեղադրանքով: Կաթողիկոսի եղբօր՝ Լեւոն Մուրադբէկեանի շինծու մեղադրանքն ու հարցաքննութեան մանրամասները ներառւած են Արմենակ Մանուկեանի «Հայ Առաքելական Եկեղեցու բռնադատւած հոգեւորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/» գրքում:
«ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռեակի որոշումից պարզ է դառնում, որ կաթողիկոսի եղբայրը մեղադրւում էր լրտեսական գործունէութեան մէջ յօգուտ անգլիական հետախուզութեան՝ կապի մէջ գտնւելով «Ամերկոմի» տնօրէն, ոմն առասպելական Յարոյի հետ, որտեղ նրան աշխատանքի էր տեղաւորել եղբայրը՝ Խորէն Ա. Մուրադբէկեանը: Ուղղակի փաստենք, որ նման աշխատակից «Ամերկոմում» չի եղել»: (Մանուկեան Ա., «Հայ Առաքելական Եկեղեցու բռնադատւած հոգեւորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/», Երեւան, 1997, էջ 46):
Թերթելով եւ ծանօթանալով կաթողիկոսի եղբօր՝ Լեւոն Մուրադբէկեանի հարցաքննութեանը, յստակ է, որ այդ ժամանակաշրջանում «մեղադրեալների» պատասխանները կորզւում էին ֆիզիկական եւ հոգեբանական բռնաճնշումներով: Նոյն ոճով էին կազմւում նաեւ փաստաթղթերը: Լեւոն Մուրադբէկեանի հարցաքննութիւնից պարզ է դառնում, որ պատասխանները ճնշումներով կորզւում էին կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի դէմ օգտագործելու համար: Հարցաքննութիւնից պարզ է դառնում, որ կաթողիկոսը եւս մեղադրւում էր որպէս «օտարերկրեայ գործակալ»:
«Հարց.- Ձեզ յայտնի է ձեր եղբօր՝ Խորէն Մուրադբէկեանի լրտեսական գործունէութիւնը: Քննութիւնն առաջարկում է ցուցմունքներ տալ այդ մասով:
Պատ.- Խորէն Մուրադբէկեանի լրտեսական գործունէութեան մասին ինձ ոչինչ յայտնի չէ, բայց ես մտադիր չեմ թաքցնել քննութիւնից, որ Խորէնը շատ մօտ էր եւ նրան այցելում էին կապիտան Յարօն, Ամերկոմի աշխատակից Քլարկը, ինչպէս նաեւ անգլիական առաքելութեան աշխատակիցները: Եղբօրս խօսքերից ինձ յայտնի է, որ նրան այցելել է Անգլիայից ժամանած ինչ-որ պրոֆեսոր եւ ուրիշներ, որոնց անունները ինձ չի յայտնում»: (Նոյն տեղում, էջ 47):
ՀԽՍՀ ՆԳԺԿ 1938 թւականի մարտի 16-ի որոշմամբ կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի եղբայրը՝ Լեւոն Մուրադբէկեանը, դատապարտւեց գնդակահարութեան: Արմենակ Մանուկեանն իր գրքում գրում է նաեւ կաթողիկոսի միւս եղբօր՝ Սերգէյ Մուրադբէկեանի մասին.
«Տարածւած է այն մտայնութիւնը, թէ ձերբակալւել եւ գնդակահարւել է նաեւ Խորէն Առաջինի միւս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգէյ Մուրադբէկեանը, սակայն դա հաստատող տւեալներ արխիւում նոյնպէս չեն գտնւել»: (Նոյն տեղում, էջ 45):
Ինչպէս կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի սպանութիւնը կեղծւեց՝ ներկայացւելով իբրեւ սրտի կաթւած, այնպէս էլ կեղծւեց Լեւոն Մուրադբէկեանի մահը.
«Հանրապետութեան Հայկ. ԽՍՀ ՆԽ-ին կից ԶԱԳՍ-ի բիւրոյում գրանցել Լեւոն Յովհաննէսի Մուրադբէկեանի մահը, որպէս 1939 թ. Սեպտեմբերի 11-ին կալանավայրում գլխուղեղի ուռուցքից մահացած»: (Նոյն տեղում, էջ 49):
Կեղծւած փաստերն ու իրողութիւնները թոյլ են տալիս պնդելու, որ կաթողիկոս Խորէն Մուրադբէկեանի եղբայր Սերգէյ Մուրադբէկեանի գնդակահարութիւնը եւս փաստ է, թէեւ արխիւում չեն յայտնաբերւել թղթեր այդ ամենի մասին:
Խորէն Ա Մուրադբեկյանի սպանութիւնն ու նրա եղբայրների նկատմամբ իրականացւած հաշւեհարդարը ոչ միայն մէկ հոգեւորականի ճակատագրի ողբերգութիւն էին, այլ խորհրդային բռնապետական համակարգի՝ Հայ Առաքելական Եկեղեցուն լռեցնելու եւ ենթարկեցնելու ծրագրի խորհրդանշական դրսեւորում: Սպանութիւնը, կեղծւած զեկուցագրերը, շինծու մեղադրանքները եւ փաստաթղթային մանիպուլիացիաները ցոյց են տալիս, թէ ինչպէս էր պետութիւնը ոչ միայն ֆիզիկապէս ոչնչացնում իր համար վտանգաւոր անձանց, այլեւ հետմահու փորձում ջնջել ճշմարտութեան հետքերը:
Կաթողիկոսի սպանութեան պատմութիւնը միայն մեր անցեալի ողբերգական էջերից չէ: Այն նախազգուշացում է նաեւ ներկայի համար. ժամանակները փոխւել են, սակայն թշնամիների գործելաոճը մնացել է նոյնը:
168.am







