Մշակութային

Մարդու եւ տեխնիկաների համակցւած կեանքն ու նրանց փոխյարաբերութիւնները Վահրադ Մելիքջանեանի արւեստում

«Փիւնիկ» զարգացման կենտրոնում տեղի է ունեցել «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնի թւային նկարչութեան ծրագրավար, ժամանակակից նկարիչ Վահրադ Մելիքջանեանի նկարների ցուցադրութեան առաջին անհատական ցուցահանդէսը։ Yerkir.am-ը նկարների ստեղծման, ժամանակակից արւեստում այն ներկայացնելու իր ուրոյն ձիրքի վերաբերեալ զրուցել է նկարչի հետ:

Պարո՛ն Մելիքջանեան, որտե՞ղ էք սովորել նկարել, ի՞նչ ժանր էք օգտագործում ստեղծագործելիս, ո՞րն է նկարելու ձեր թեման։

– Սովորել եմ Վանաձորի կերպարւեստի ինստիտուտի գծանկար-գունանկար բաժինը, որոշ ժամանակ անց եկել եմ Երեւան, յետոյ փորձել եմ մի փոքր երաժշտութեան մէջ խորանալ, բայց էլի վերադարձել եմ  նկարելու ստեղծագործական ասպարէզին։ Իմ արւեստը կոնցեպտուալ է, ժանրն ինքնին բնորոշւում է այսպէս. գաղափարն աւելի կարեւոր է, քան կատարողական ձեւը, իսկ դա, երեւի մի փոքր նեոէքսպրեսիոնիզմից եմ վերցրել (ժամանակակից կերպարւեստի ուղղութիւն), որը մինիմալիստական ճանապարհով ինֆորմացիան տեղ հասցնելու ձեւ է։ Գաղափարներում գերակշռում են տեխնոլոգիական թեմաները, օրինակ՝ մարդու եւ տեխնիկաների համակցւած կեանքը, նրանց փոխյարաբերութիւններն ու դրանից բխող վտանգները, անտիուտոպիստական թեմաները, դրանցով փորձում եմ տարբեր իրականութիւններ իրար կապել, եւ համադրել ստեղծագործութիւններումս։

Ձեր նկարների վրայ արւած գրառումներ կան, ինչո՞ւ էք այդ մեթոդը կիրառում ձեր արւեստում։

– Այդ  գրառումները կարող եմ վերցնել, օրինակ, հէնց իմ կամ ընկերներիս արտայայտած մտքերից, գրքերից կամ ֆիլմերից փողոցում պատին ինչ-որ բան կարդալուց, աւտոտնակների վրայ ինչ-որ հետաքրքիր բաներ նկատելուց, այնուհետեւ, դրանք փորձում եմ կապել նկարներիս հետ, չնայած, յաճախ այդ ամէնը կարող է նաեւ դեկորատիւ բնոյթ կրել, նայած, թէ նկարին ինչ լուծում է տրւած։

Ընդհանուր առմամբ քանի՞ աշխատանք ունէք, քանի՞ ցուցահանդէս էք ունեցել, եւ  ցուցահանդէսում դրանցից քանի՞սն են ներկայացւած եղել։

– Սա առաջին անհատական ցուցահանդէսն է Երեւանում, ցուցահանդէսներ ունեցել եմ  Վանաձորում եւ Գիւմրիում,  ընդհանուր ունեմ  70-ից աւելի տարբեր ժանրերում  նկարւած աշխատանքներ, որոնք ներառում են գրաֆիկ աշխատանքներ, երկաթից քանդակներ, իսկ ցուցասրահում  ներկայացւած է 18 աշխատանք։

Ինչպէ՞ս էք սկսում ստեղծագործել, արդեօք կա՞յ որեւէ աշխատանք, որը կառանձնացնէք ձեր նկարներից։  

– Կոնցեպտուալ ժանրի միտքն այն է, որ ստեղծւող նկարը խմորւում է գլխումդ, այսինքն դրա տեւողութիւնը յստակ ժամանակահատւած չունի։ Միշտ վերջին նկարած աշխատանքն է, որի հետ նկարչի կապն աւելի շատ է լինում, իսկ իմ վերջին աշխատանքը  նկարել եմ ցուցահանդէսից մի օր առաջ (ծիծաղում է)։

Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում արւեստում։

– Կոնկրետ մէկը կամ մի քանիսը չեն, դա կարող է լինել թէ՛ մարդ, թէ՛ արտիստ, թէ՛ որեւէ անիմացիոն ֆիլմ կամ որեւէ երեւոյթ։ Ինձ վրայ միանշանակ տպաւորութիւն են գործում շատ մեծանուն նկարիչներ, նաեւ երաժշտութիւնը, օրինակ, կարծում եմ, ռոքը: Լաւ երաժշտութիւն պէտք է միշտ փնտրել, իսկ դրանց թողած մոտիւացիան օգտագործել սեփական ստեղծագործութիւններում։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿԵԱՆ

Related Articles

Back to top button