Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնը հնարաւոր է յունւարից արդէն գործի նոր շէնքում
«Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնը հնարաւոր է արդէն 2025 թւականի յունւարին իր գործունէութիւնը շարունակի նոր շէնքում»,- այս մասին Panorama-ին ասաց Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար Նարինէ Գրիգորեանը։
Յիշեցնենք, որ կառավարութիւնը որոշել է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեանը 2024 թւականի պետական բիւջէով յատկացւած միջոցների հաշւին կատարել վերաբաշխում եւ գումար յատկացնել «Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցէում կառուցւած նոր շէնքի ներքին յարդարման համար։
Նարինէ Գրիգորեանն ասաց, որ յայտարարւելու է մրցոյթ, որից յետոյ արդէն աշխատանքներն ակտիւօրէն կընթանան։
«Նախատեսւում է ամենաուշը յունւարին բացել մեր թատրոնի նոր շէնքը»,- նշեց նա։
Ն. Գրիգորեանի խօսքով, իրականում մեծ աշխատանքն արդէն արւած է, մնացել է ներքին յարդարանքը։
Հարցին՝ արդէն ունե՞ն պլաններ, թէ որ ներկայացմամբ է բացւելու թատրոնի նոր շէնքը, նա ասաց. «Այս տարւայ մեր թատերաշրջանը նւիրւելու է Սօս Սարգսեանի 95-ամեակին։ Սեպտեմբերի 26-ին՝ Սօս Սարգսեանի մահւան օրը, մեզ մօտ կը լինի պրեմիերա. բեմադրել ենք նրա գրած «Լակոտ» վիպակը։ Նախատեսում էինք հէնց այդ ներկայացմամբ բացել իր անւան թատրոնը։ Բայց մենք չսպասէինք մինչեւ շէնքի բացումը։
Հիմա պատրաստւում եմ բեմադրել Անտոն Չեխովի «Բալի այգի» պիէսը, որը կորսւած այգու մասին է։ Իսկ Արցախն ինչքա՜ն կորսւած այգի է մեզ համար։
Նախատեսում եմ յունւար-փետրւարին արդէն ներկայացնեմ հանդիսատէսին։ Եթէ մինչ այդ էլի թատրոնի նոր շէնքը բացման համար պատրաստ չլինի, յաջորդ տարի մեզ մօտ բեմադրութիւններ է անելու ֆրանսահայ դերասան, թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարեանը։ Նա գալու է Հայաստան նկարահանւելու «Իմ անունը Արամ է 2» ֆիլմում, զուգահեռ բեմադրութիւններ է անելու մեզ մօտ։ Այնպէս որ, Սիմոն Աբգարեանի բեմադրութեամբ հաստատ կը բացենք մեր նոր թատրոնի շէնքը»։
Յիշեցեննք, որ Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնի շէնքի հիմնարկէքի արարողութիւնը կայացել է 2019 թ. մարտի 23-ին։ Շէնքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսեանը։
Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնը հիմնադրւել է 1991 թւականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանի նախաձեռնութեամբ: Այն գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շէնք չունի: