Արամ Խաչատրեանի 120-ամեակին նւիրւած գեղարւեստական երեկոյ՝ «Կոմիտաս»-ում
Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 80-ամեակի միջոցառումների շարան
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ յունիսի 7-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահում, ամփոփւեց Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նւիրւած միջոցառումները:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ իրականացւած յոբելեանական միջոցառման մասին պատմելով Արփի Սիմրոջեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել են շուրջ մէկ տարի առաջ, որի արդիւնքում նոյն համերգասրահում հնարաւոր եղաւ վայելել «Արամ Խաչատրեան տրիօ»-ի համերգը, երբ եռեակը յոբելեանական համերգներով հանդէս էր գալիս տարբեր երկրներում ու երկրամասերում եւ այդ ընթացքում կարճ ժամանակով այցելել էր Թեհրան:
Միջոցառմանը մասնակից անւանի արւեստագէտների կողքին ինչպիսին Ռաֆայէլ Մնացականեանն էր, աչքի էին ընկնում Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ «ԱԼԻՔ» հաստատութեան եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, ովքեր մինչեւ համերգի մեկնարկը նախասրահում առիթն ունեցան դիտելու Արամ Խաչատրեանի ստեղծագործական եւ ընտանեկան կեանքի մասին պատմող լուսանկարները:
Համերգը մեկնարկեց Արամ Խաչատրեանին նւիրւած միջոցառումը կազմակերպելու նպատակի մասին խօսքով, որն ընթերցեց ծրագրի հաղորդավար Անի Յովհաննիսեանը: «Բարի երեկոյ, կամ ինչպէս ինքը՝ մեծանուն կոմպոզիտորը կասէր՝ թող լինի լոյս ու ցնծութիւն»: Այս խօսքերով մեկնարկած բացման խօսքով հաղորդավարը յիշեցրեց, որ միջոցառումը նախատեսւած էր իրականացնել երկու շաբաթ առաջ, կամ գոնէ մինչեւ յունիսի 6-ը՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդեան օրը: «Սակայն բոլորիս յայտնի հանգամանքների բերումով այն յետաձգւեց յատելով Արամ Խաչատրեանի ծննդեան 121-րդ տարին»: Խօսքում նշւած էր, որ ծրագրի մտայղացումն ու կազմակերպման առաջարկը միջոցառման գեղարւեստական ղեկավար «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախմբերի ղեկավար Արփի Սիմրոջեանինն էր:
Ընթացքում պարբերաբար ցուցադրւում էր միջազգային երաժշտութեան աստղաբոյլում իր ուրոյն տեղն զբաղեցրած կոմպոզիտորի կեանքի մասին պատմող տեսանիւթը, որտեղ յատուկ կարեւորութեամբ անդրադարձ կար նաեւ Արամ Խաչատրեանի եւ Չարլի Չապլինի հանդիպման մասին, որի ընթացքում կոմպոզիտորը շնորհակալութիւն է յայտնել Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ դարձած որբերին օգնութեան ձեռք մեկնած Չապլինին:
Ծրագրի ընթացքում ելոյթներով հանդէս եկաւ «Արարատ» երգչախումբը: Ինչպէս նաեւ դահլիճը շունչը պահած վայելեց 9-ամեայ Լուսիա Մուրադեանի, Ռենէ Ոսկանեանի եւ Ալին Թաշճեանի դաշնամուրային անգնահատելի կատարումները:
Իր սովորութեան համաձայն, անթերի ներկայացումներով, այս անգամ եւս հանդիսատեսին զարմացրեց «Արարատ» պարախմբի անսամբլը:
Պարային կատարումներին եւ գեղարւեստական բաժնի աւարտով հաղորդավարը բեմ հրաւիրելով միջոցառման բոլոր մասնակիցներին յայտարարեց սպասւող անակնկալի մասին: Էկրանին յայտնւեց Արամ Խաչատրեանի տուն-թանգարանի տնօրէն Արմինէ Գրիգորեանը: Արմինէ Գրիգորեանը նախորդ տարի «Կոմիտաս»-ի բեմում հանդէս եկած «Արամ Խաչատրեանի տրիօ»-ի դաշնակահարուհին է: Նա իր խօսքն ուղղելով թեհրանահայ հանդիսատեսին նշեց, որ Խաչատրեանի ստեղծագործութիւնների նկատմամբ երաժիշտների եւ երաժշտագէտների հետաքրքրութիւնը տարիների ընթացքում միայն մեծանում է:
Յաւելելով, որ չպէտք է մոռանանք, որ պատկանում ենք այն ազգին, որը համաշխարհային մշակոյթին նւիրեց այնպիսի մեծութիւն, ինչպիսին է Արամ Խաչատրեանը, որը դարձաւ մի ամբողջ դարաշրջանի սիմւոլ, նա ընդգծեց. «Թեհրանի «Կոմիտաս»-ի բեմից արդէն նկատել էի արւեստի նկատմամբ թեհրանահայ հանդիսատեսի յատուկ ուշադրութիւնը: Իսկ այսօր այն առաւել գնահատելի է եւ ուշադրութեան արժանի, երբ նման կերպ եւ որակով է հանդիսատեսին ներկայացւում»:
Միջոցառման կազմակերպման աշխատանքների իրականացման համար յատուկ գնահատանքի արժանացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակը՝ գլխաւորութեամբ Անահիտ Աբրահամեանի:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ