ԳաղափարականԴաշնակցական Բեմ

ԻՐԱՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԸ, ԱՆՑՈՂԱԿԻ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ, ՀԱՐՑԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԻ ՍՊԱՌՒՈՒՄ

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ

 

Օրեր առաջ ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանը ԱԺ-ի տրիբունայից քննադատեց ՀՅԴ-ին, իբրեւ թէ ՀՅԴ-ն երբեք էլ կողմ չի եղել Հայաստանի անկախութեան գաղափարին։ Սա բնական երեւոյթ է, եւ նոյնիսկ ուրախալի, երբ ազգային եւ պետական շահերին հակընդէմ ընթացող իշխանութիւնների գաղափարախօսական տեսադաշտում է յայտնւում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպէս գլխաւոր թիրախ։

Այնուամենայնիւ վատ չէր լինի, որ հակադաշնակցական նոր արշաւանքի նորալուկ ասպետները գոնէ կարդային, անկախութեան փաստն ու գաղափարը ոչնչացնող, իրենց նախահայրերի՝ բոլշեւիկ պետական գործիչների տեսակէտը ՀՅԴ-ի մասին, եւ տեսնէին, թէ «իրական Հայաստան» շինծու հասկացութիւնը հայրենիքի գաղափարին հակադրելու նախագծի առաջին հեղինակներն ինչպիսի նրբանցքներով էին փորձում մօտենալ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ գաղափարական պայքարին։

Այս առումով, չափազանց կարեւոր է հաշւի առնել բոլշեւիկ համեմատաբար խելամիտ գործիչ՝ Ալեքսանդր Մեասնիկեանի (1886-1925թթ․) կարծիքը, որը հնչել է շուրջ մէկ դար առաջ, Դաշնակցութեան «լիկւիդացիա»-ի, այսինքն այս կուսակցութեան «պաշտօնական յուղարկավորութեան» բոլշեւիկեան թատերախաղի օրերին․

«Բայց եւ վերլուծութիւնը չպէտք է կրի մակերեսային բնոյթ,- գրում է Մեասնիկեանը,- նա չպէտք է բաւականանայ թեթեւ ակնարկներով, որակումներով եւ երկրորդ կարգի դիտողութիւններով։ Լինում են եւ կան մարդիկ, որոնք սովորաբար անցողակի հայհոյում են Դաշնակցութիւնը… եւ ապա յանկարծակի խոստանում են, որ Դաշնակցութիւնը շուտով իսպառ կը կործանւի։ Սակայն բանը սրանում չէ, եւ հարցը այնքան էլ հեշտ չի սպառւում…

Խնդիրը նրանում է, որ գաղութահայութեան ծոցում Դաշնակցութիւնը տակաւին ուժ է ներկայացնում: Իրերի ընթացքն այդ ուժը տանում է դէպի կորուստ, այստեղ է օրհասականութիւնը: Բայց եւ այնպէս, մինչեւ կորչելը, Դաշնակցութիւն կոչւածը որոշ դեր է կատարում, մտքեր է խմորում, տրամադրութիւններ է ստեղծում․․․

Առհասարակ պէտք է, որ մենք լրջօրէն եւ հանգամանօրէն կանգ առնենք Դաշնակցութեան վրայ, նրա ծագման, զարգացման էպոխաների վրայ, չէ որ Դաշնակցութիւնը մի ամբողջ պատմութիւն է, շրջան է, եւ նոյնիսկ վերապրում է հայ կեանքում: Եւ այսօրւայ հայերի մօտ այդ վերապրումը ստեղծել է ողջ հոգեբանութիւն:

Մի այլ տեղում մենք արդէն ասել ենք, որ դաշնակցականութիւնը հոգեբանութիւն է դառել հայ մասնաւոր սեփականատիրոջ, հայ խանութպանի, հայ ինտելիգենտի համար: Այդ հոգեբանութեան կողքից անցնել մենք չենք կարող։ Պէտք է, կրկնում ենք, լուրջ ուսումնասիրութիւն» (Ալեքսանդր Մեասնիկեան, Կուսակցութիւնները գաղութահայութեանը մէջ, Թիֆլիս, 1924, էջ 8-9):

Ու մի պարզ բան էլ նկատի ունեցեք պրն․ Ռուբինեան․ ՀՅԴ-ի «օրհասականութեան» մասին Մեասնիկեանի տեսութիւնը, ըստ որի․ «Իրերի ընթացքն այդ ուժը տանում է դէպի կորուստ», արտաբերւել է 1924 թւականին, եւ 100 տարի շարունակ մնացել է թղթի վրայ։

Իրաւ Դաշնակցութեան դէմ մանաւանդ գաղափարական պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, որ դուք պատկերացնում էք, եւ «հարցը այնքան էլ հեշտ չի սպառւում»…

Related Articles

Back to top button