Վիգէն Յակոբեան. «Միջանցքի հարցով Իրանը յօգուտ Հայաստանի աւելի մեծ աշխատանք է տարել, քան ՀՀ իշխանութիւնները»
Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանի կարծիքով՝ ՌԴ բարձրագոյն պաշտօնեաների մակարդակով ինտենսիւ այցելութիւնները Բաքու պայմանաւորւած են մեծ տարածաշրջանի զարգացումներով՝ Իրանի հետ կապւած խնդիրներ, որոնք կարող են առաջանալ Իրան-Իսրայէլ հնարաւոր էսկալացիայի ժամանակ, եւ այդ պրոցեսներում իւրաքանչիւրի դիրքաւորմամբ:
«Իւրաքանչիւրը փորձում է իր քաշին եւ իր ազդեցութեանը համապատասխան՝ ոչ միայն սեփական դիրքաւորում ապահովել, այլեւ՝ որոշակի ծառայութիւններ մատուցել իր դաշնակիցներին: Ես կարծում եմ, որ թէ՛ Շոյգուի, թէ՛ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պայմանաւորւած էր ոչ միայն տարածաշրջանում ՌԴ դիրքերի ճշտմամբ, այլ նաեւ ՌԴ-ն ինչ-որ չափով փորձում է երաշխաւոր լինել Իրանի առջեւ՝ առնւազն Ադրբեջանի չէզոքութեան առումով հնարաւոր զարգացումների ժամանակ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Նա նկատել է՝ միակ պետութիւնը, որը դէմ է Սիւնիքում Ադրբեջանին «միջանցք» տալուն, Իրանն է. «Իրանը գրեթէ բաց տեքստով ասում է, որ՝ եթէ նոյնիսկ դուք չկռւէք ձեր սահմանի համար, մենք կռւելու ենք, որովհետեւ դա մեր ընդհանուր սահմանն է: Պարզ է, որ դա ուղղակի իրենց անվտանգային խնդիրն է, եւ իրենք մինչեւ վերջ էլ դրա համար պայքարելու են: Պատահական չէ, որ Իրանը՝ լինելով աւանդական քաղաքակրթութիւն, իրենք այլընտրանքային ճանապարհ առաջարկեցին, Ադրբեջանին եւ Թուրքիային ասելով, որ եթէ նրանց հետաքրքրում է տնտեսական կոմպոնենտը, ապա այնտեղով կարող են անցնել: Փաստացի, Իրանն արտաքին քաղաքականութեան մէջ յօգուտ Հայաստանի աւելի մեծ աշխատանք է տարել՝ այդ միջանցքի հետ կապւած, քան Հայաստանի իշխանութիւնները: Ժամանակին Էրդողանն ասում էր, որ միջանցքի միակ խոչընդոտն Իրանն է: Իրանը մինչեւ վերջին փամփուշտն իր դիրքերը պահելու է եւ պահում է»:
Բելառուսի նախագահ Լուկաշենկօն մասնաւորապէս վստահութիւն է յայտնել, որ արտակարգ իրավիճակների դէպքում ԱՊՀ երկրները կը դիմեն Մոսկւայի ու Մինսկի օգնութեանը, եւ այստեղ հարց է առաջանում, թէ այդ որ երկիրն է երբեւէ դիմել Մինսկի օգնութեանը, իսկ Հայաստանի ղեկավարութեան քաղաքականութեան վերաբերեալ ասել է հետեւեալը. «Ո՞ւմ են պէտք հայերը, բացի մեզնից։ Ոչ մէկին պէտք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսութիւնը եւ սեւեռւեն նրա վրայ, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, եւ բոլորը կը մոռանան Հայաստանի մասին»:
Լուկաշենկոյի այս յայտարարութիւնների վերաբերեալ Վիգէն Յակոբեանը հետեւեալն է ասել. «Լուկաշենկօն Պուտինի խօսափողն է: Ինչպէս երկրի ներսում երկար ժամանակ Պուինի խօսափողը Ժիրինովսկին էր եւ ասում էր այն, ինչ Պուտինը հրապարակային խուսափում էր ասել, արտաքին քաղաքական ասպարէզում Պուտինի խօսափողը Լուկաշենկօն է, այսինքն՝ այն, ինչ ասել է Լուկաշենկօն, համարենք, որ Պուտինի տեսակէտն է, Պուտինի նախազգուշացումն է»: