Մշակութային

Ստացւած գիրք. «Իրանի Ազգային խորհրդարանի եւ Իսլամական խորհրդարանի հայ պատգամաւորները՝ 1320-1387» / 1941-2008 թթ.

Խմբագրութիւնս շնորհակալութեամբ համահեղինակներից ստացել է.

Գրքի անուն՝ «نمایندگان ارمنی مجلس شورای ملی و مجلس شورای اسلامی 1387-1320»

نویسندگان: دکتر علی اکبر جعفری، هایک ساریان

(«Իրանի Ազգային խորհրդարանի եւ Իսլամական խորհրդարանի հայ պատգամաւորները՝ 1320-1387» / 1941-2008 թթ.)

Համահեղինակներ՝ դոկտ. Ալիաքբար Ջաֆարի եւ Հայկ Սարեան

(Հայկ Սարեանի պատմագիտութեան գերլիսանսի օղակի աւարտաճառ)

  • Սպահանի Պետ. համալսարանի Գրականութեան եւ հումանիտար գիտութիւնների ֆակուլտետի պատմութեան բաժնի մատենաշար
  • Տպագրւած՝ 2023 թ., Թեհրան: «Նայիրի» հրատարակչութիւն: 275 էջ, լուսանկարներով: Գինը՝ 300,000 թուման:

Ուրախութեամբ ստացել ենք օրաթերթիս տարիների ընթերցող-աշխատակից՝ Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի դասախօս, բանաստեղծ եւ հրապարակագիր՝ Հայկ Սարեանի համալսարանական գերլիսանսի օղակի աւարտաճառը՝ համատեղ աշխատասիրած դոկտ. Ալաաքբար Ջաֆարիի հետ, որտեղ մանրամասն լուսաբանւել եւ վերլուծւել են Իրանի խորհրդարանում վերջին 67 տարիների (1941-2008) իրանահայ պատգամաւորների իրականացրած գործունէութիւնը եւ ընդհանրապէս Իրանի խորհրդարանի դրւածքն ու կրօնական փոքրամասնութիւնների հասարակական իրաւունքները:

20-րդ դարասկզբում Իրանի Սահմանադրական շարժման յաղթանակը գետին ստեղծեց երկրի քաղաքական համակարգը միահեծան բռնապետութիւնից սահմանադրական միապետութեան փոխելու, որի արդիւնքում 1906 թւականին հիմնւեց Իրանի առաջին խորհրդարանը եւ մշակւեց սահմանադրական օրէնսդրութեան նախնական օրինակը: Այդ իրադարձութիւնը պատճառ դարձաւ, ժողովուրդն աստիճանաբար խորհրդարանում ունենայ իր պատգամաւորները, որը սկզբնական նստաշրջաններում հիմնւած էր դասակարգերի վրայ։ Իրանահայ համայնքը, որպէս իրանական համայնքի մաս, երկրորդ նստաշրջանից ունեցաւ իր ներկայացուցիչներին: Համաձայն խորհրդարանի օրէնսդրութեան՝ երկրի տարբեր քաղաքներում իրանահայերի ցրւածութեան պատճառով հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան համար երկու հայ իրաւաբաններ որպէս՝ պատգամաւոր ի նկատի առնւեցին խորհրդարանին անդամակցելու համար:

Նկատի ունենալով, որ խորհրդարանը կեանքի կոչւելով՝ պատգամաւորները պարտաւոր էին երկրի օրէնսդրական դաշտում քաղաքական մասնակցութիւնից բացի լուծել իրենց վստահորդների խնդիրներն ու կարիքները, ուստի իրանահայ հայ համայնքից ընտրւող պատգամաւորների վրայ պարտականութիւն դրւեց խորհրդարանում պաշտպանելու՝ իրանահայ համայնքի հասարակական, կրօնական եւ ազգային իրաւունքները եւ իրաւական առումով հարթել ու վերացնել իրանահայութեան սոցիալական իրաւունքները խոչընդոտող խնդիրներն ու թերութիւնները:

Այս գիրքը բովանդակային առումով քննում է երկու ընդհանուր թեմա՝ առաջին մասի թեման Ազգային խորհրդարանում հայ ներկայացուցիչների դերն ու կատարումն է, որն ուսումնասիրում է Իսլամական յեղափոխութիւնից առաջ դարաշրջանը, իսկ երկրորդ մասի թեման՝ Իսլամական խորհրդարանում հայ ներկայացուցիչների դերն ու կատարումը, որն ուսումնասիրում է Իսլամական Հանրապետութեան դարաշրջանը: Այս գրքի ընդհանուր կառուցւածքը ներառում է նաեւ հինգ գլուխ, որոնցից իւրաքանչիւրը բաժանւած է տարբեր բաժինների:

Ուսումնասիրութիւնն սկսւում է, աւարտաճառի շօշափած խնդրի ընդհանրական դրոյթի եւ հետազօտութեան անհրաժեշտութեան կարեւորութեան լուսաբանութեամբ, ապա քննարկում փոքրամասնութիւն տերմինի հայեցակարգը եւ դրանց հետ կապւած իրաւունքներն ու փաստաթղթերը, այնուհետեւ խօսում հասարակական այն խմբաւորումների մասին, որոնք ռասայական, լեզւական եւ կրօնական առումով տարբերւում են մեծամասնութիւնից եւ ունեն իրենց սոցիալական իրաւունքները ներքին եւ միջազգային մակարդակներում:

Սոյն ուսումնասիրութեան մէջ ծանօթանում ենք Իրանի նախկին Ազգային խորհրդարանի 1941-1978 թթ. ժամանակահատւածի եւ ապա՝ Իրանի Իսլամական խորհրդարանի 1980-2008 թթ. նստաշրջանների հայ ներկայացուցիչների կենսագրութիւնը: Միւս էջերում մէկ առ մէկ ուսումնասիրւել են նախկին Ազգային խորհրդարանի 13-ից 24-րդ եւ Իսլամական խորհրդարանի առաջինից մինչեւ 7-րդ նստաշրջանների նիստերը, շօշափւող նիւթին առնչւող օրինագծերը եւ փաստաթղթերը։ Մանրամասն վերանայւել եւ ուսումնասիրւել են վաւերական գրքեր եւ փաստաթղթեր, ինչպէս նաեւ հայկական մամուլում ժամանակին հրապարակւած իրանահայ պատգամաւորների հարցազրոյցները:

Ընթացիկ հետազօտութեան շերտերից կարելի է հասկանալ այն ձեռքբերումներն ու յաջողութիւնները, որ զարգացրել եւ բացել են իրանահայ պատգամաւորներն իրենց հասարակութեան համար, եւ նրանց շարունակական ջանքերի խորութիւնը։

Առաջաբանում շեշտւած է այն տեսակէտը, ըստ որի՝ փոքրամասնութիւններն, որոնց հասարակական դրւածքը գտնւում են մեծամասնութեան համեմատ անբարենպաստ հիմքերի վրայ՝ տուժում են որոշ իրաւական տարբերութիւններից, ինչպէս նաեւ սահմանափակ հնարաւորութիւններից։ Շատ կարեւոր խնդիր է այն, որ սահմանադրական համակարգի հաստատումից եւ խորհրդարանի բացումից մինչեւ Իսլամական խորհրդարանի հինգերորդ եւ վեցերորդ շրջանները, երկրի կրօնական փոքրամասնութիւնները, յատկապէս հայ համայնքը, տրտնջում էին երկրի օրէնսդրութեան մէջ տիրող որոշ թերութիւններից։ Ընթացիկ հետազօտութեան արդիւնքը ցոյց է տալիս, որ իրանահայ ներկայացուցիչների բազմիցս ու անխոնջ ջանքերով այդ խնդիրներից շատերը վերջնականապէս լուծւեցին, եւ հայ հասարակութիւնն ունեցաւ աւելի ամուր սոցիալական հիմքեր։

Ա. Յ.

Related Articles

Back to top button