ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼԸ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՉԻ ՓՈԽՈՒՄ

ՀԱՏԻՍ

 

Վերջին օրերին սոցիալական ցանցերում նկատւում է վտանգաւոր մի միտում՝ լրագրողների նկատմամբ ատելութեան խօսքի աճ, անձնական վիրաւորանքների եւ անհիմն մեղադրանքների տարածում։ Այս երեւոյթը ոչ միայն սպառնում է լրագրողների մասնագիտական անվտանգութեանը, այլեւ խաթարում է հասարակական խօսքի եւ հանրային քննարկման առողջ միջավայրը։ Նման իրավիճակներում լռութիւնը յաճախ ընկալւում է որպէս համաձայնութիւն կամ խուսափում։

Քաղաքացիական անհնազանդութեան եւ հանրային ցոյցերի ընթացքում արձանագրւած բռնութիւնները, ցաւօք, հանգեցրել են էական մարդկային կորուստների՝ ներառելով ինչպէս խաղաղ ցուցարարներին, այնպես էլ ոստիկանութեան ծառայողներին։ Մեր գործընկեր լրագրողը պատմել էր այդ մասին՝ անդրադառնալով զոհերի յիշատակմանը եւ ներկայացրել նրանց յուղարկաւորութիւնների ընթացքը՝ բացառապէս փաստային եւ տեղեկատւական նպատակով։

Այդ տեսանիւթը չունէր քաղաքական ենթատեքստ․ այն պարզապէս փաստագրում էր մարդկային ցաւն ու կորուստը՝ հասարակութեան իւրաքանչիւր շերտում։

Չնայած դրան, որոշ սոցիալական ցանցերի օգտատէրեր եւ ակտիւիստներ, հեռու մնալով լրագրողի աշխատանքի բովանդակային գնահատումից, ընտրել են անձնական յարձակումների ուղին՝ նրան մեղադրելով կողմնակալութեան մէջ, օգտագործելով փողոցային եւ հայհոյախառն բառամթերք։ Սա ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգաւոր։

Ի՞նչ իմաստով:

Լրագրողի հասցէին նման լեզւով արշաւ կազմակերպելը խախտում է նրա՝ մարդու արժանապատւութիւնը, ինչպէս նաեւ վտանգում մամուլի ազատութեան հիմքերը, որոնք առանցքային են ժողովրդավարական հասարակութեան համար։

Որպէս գործընկեր, դատապարտում եմ նմանատիպ ատելութեան դրսեւորումները եւ յիշեցնում․ 

– Լրագրողի գործն է ներկայացնել փաստերը, անկախ նրանից, թէ ումն են դրանք դուր գալիս կամ ոչ։ 

– Լրագրողը չի ծառայում իշխանութեանը կամ «ընդդիմութեանը» (չնայած այս հարցում եւս պահանջւում է հիմնարար սկզբունքներ եւ որ կարեւորն է գրագէտ ու պատասխանատու մօտեցում) ․ նա ծառայում է հանրութեանը եւ ճշմարտութեանը։ 

– Հանրային իրադարձութիւնների լուսաբանումը պէտք է ընդունւի որպէս մասնագիտական պարտքի կատարում, ոչ թէ որպէս քաղաքական ընտրութիւն։ 

Ատելութեան խօսքը չի կարող փոխարինել փաստարկւած քննադատութեանը։ Քննադատութիւնը՝ ի տարբերութիւն վիրաւորանքի, առաջ է տանում հասարակական եւ մեդիա գիտակցութիւնը։ 

Ուստի անհրաժեշտ է ապահովել խօսքի ազատութեան իրացումը՝ առանց խախտելու խօսքի արժանապատվութիւնը:

Բոլորիս պատասխանատւութիւնն է ձեւաւորել մի հանրային միջավայր, որտեղ լրագրողը կարող է կատարել իր գործը՝ առանց վախի, ընտանիքի հասցէին տեղած սպառնալիքի կամ վարկաբեկման։

Այսպիսի դէմ-արշները չեն կարող խեղաթիւրել մեր լրագրողութեան արժէքները՝ մարդու նկատմամբ յարգանքն ու փաստերի ներկայացման պատասխանատւութիւնը։ 

Related Articles

Back to top button