Anthropozoologica. «Իրանում յայտնաբերւել է վագրի 5000-ամեայ պատկեր»

«ԱԼԻՔ» – Հիւսիսային Իրանում ԱՄՆ Բրին Մոր կոլէջի հնագէտները վագրի աշխարհի, հնարաւոր է՝ ամենահին պատկերն են յայտնաբերել։ Աւելի քան 5000 տարեկան կերամիկական արձանիկը յայտնաբերւել է Եարիմ Թեփէում (Հիրկանիա շրջանում)։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Anthropozoologica հանդէսում, հաղորդում է News.am-ը:
Ինչպէս նշում է հետազօտութեան ղեկավար Հենրի Փ. Քոլբըրնը, յայտնագործութիւնը գրեթէ երեք հազարամեակով նախորդում է իրանական արւեստում վագրերի բոլոր յայտնի պատկերներին։ Դա կարող է վկայել վագրերի եւ իրանական մշակութային ինքնութեան միջեւ շատ աւելի խոր եւ հին կապի մասին։
Մօտաւորապէս ութ սանտիմետր երկարութեամբ փոքր արձանիկը պատրաստւած է կաւից՝ վագրի գոյնն ընդօրինակող բնորոշ շերտերով։ Այն թւագրւում է ուշ էնդրոլիթի ժամանակաշրջանով՝ մօտաւորապէս մ.թ.ա. 3500-3100 թւականներին։ Քոլբըրնը նշում է, որ արձանիկի ստեղծողը յստակօրէն անմիջականօրէն պատկերացում է ունեցել կենդանու արտաքին տեսքի մասին։ Դա ենթադրում է մարդկանց եւ վագրերի հնարաւոր համակեցութիւն այս տարածաշրջանում։
Հիրկանիան, որտեղ յայտնաբերւել է արձանիկը, անտառապատ շրջան է Էլբրուսի եւ Կասպից ծովի միջեւ։ Հին ժամանակներում այնտեղ բնակւում էին կարմիր եղջերուներ, վայրի վարազներ եւ թուրանական վագրեր (Panthera tigris virgata), որոնցից վերջինը ոչնչացաւ միայն 20-րդ դարում։
Չնայած նմանատիպ խեցեղէն յայտնաբերւել է տարածաշրջանի այլ նէոլիթեան վայրերում (Շահ Թեփէ, Տուրենգ Թեփէ, Թեփէ Հիսար), այնտեղ նմանատիպ կենդանիների պատկերներ չեն յայտնաբերւել։ Դա Եարիմ Թեփէի գտածօն դարձնում է եզակի ամբողջ տարածաշրջանի հնագիտութեան մէջ։
Եթէ թւագրումը ճիշտ է, Եարիմ Թեփէի արձանիկը դառնում է ոչ միայն Իրանում վագրի ամենավաղ պատկերը, այլեւ մարդկութեան պատմութեան մէջ Հնդկական ենթամայրցամաքի սահմաններից դուրս գտնւող ամենահին նմանատիպ պատկերներից մէկը։
Պատմական եւ գեղարւեստական արժէքից բացի, արձանիկը կարող է նաեւ խոր խորհրդանշական նշանակութիւն ունենալ։ Գիտնականները ենթադրում են, որ այն կարող է լինել խորհրդանիշի վաղ նախատիպ, որը հետագայ դարերում կարեւոր տեղ է զբաղեցրել պարսկական մշակոյթում՝ Ֆերդուսիի էպիկական «Շահնամէ»-ից մինչեւ Սասանեան ժամանակաշրջանի թագաւորական իշխանութեան պատկերներ։



