ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ. «Բանակը պէտք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման «երեք-չորս տարի անց»»

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիէն Մանդոնը չորեքշաբթի յայտարարել է, որ Ռուսաստանը «կարող է հակւած լինել շարունակելու պատերազմը մեր մայրցամաքում»,- հաղորդում է News.am-ը Le Figaro-ին յղումով:

Սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայի զինւած ուժերի ղեկավարութիւնը ստանձնած Մանդոնը նշել է, որ նա բանակին յանձնարարել է «պատրաստ լինել հակամարտութեան երեք-չորս տարի անց»։ 

«Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է փորձել շարունակել պատերազմը մեր մայրցամաքում, եւ դա որոշիչ գործօն է նրանում, ինչ ես պատրաստում եմ»,- յաւելել է ֆրանսիացի գեներալը։ 

Ըստ գեներալ Մանդոնի՝ Մոսկւան պատկերացում ունի Եւրոպայի կոլեկտիւ թուլութեան մասին, իսկ ինքն ընկալում է «ուժի կիրառման Ռուսաստանի անկաշկանդութիւնը»։

Նա յաւելել է նաեւ, որ եւրոպացիները գերազանցում են Ռուսաստանին տնտեսապէս, ժողովրդագրական եւ արդիւնաբերական առումով։ «Ռուսաստանը չի կարող մեզ վախեցնել, եթէ մենք ուզում ենք պաշտպանւել»,- կարծում է գեներալը։

Յիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայութեան ղեկավար Մարտին Եգերը անցեալ շաբաթ զգուշացրել էր Ռուսաստանի հետ ռազմական հակամարտութեան իրական վտանգի մասին։

Related Articles

Back to top button