ՄիջազգայինՔաղաքական

Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապի առաջին լուսանկարը հոսպիտալացումից յետոյ

«ԱԼԻՔ» – Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի առաջին լուսանկարը՝ մէկ ամիս առաջ հիւանդանոց տեղափոխւելուց յետոյ։

Լուսանկարում պոնտիֆիկոսը նստած է հաշմանդամի սայլակում Հռոմի Ջեմելի հիւանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց, որտեղ նա բուժւում է թոքաբորբից։

Կիրակի օրը (մարտի 16-ին, ԽՄԲ.) իր գրաւոր «Անգելուս» ուղերձում Հռոմի Պապն ասել է, որ իրեն «փորձութեան շրջան» է սպասւում, շնորհակալութիւն է յայտնել  բարի կամեցողներին իրենց աղօթքների համար եւ աղօթել խաղաղութեան համար «պատերազմից աւերւած երկրներում»:

«Եկէք շարունակենք աղօթել խաղաղութեան համար, յատկապէս պատերազմից տուժած երկրներում՝ հիւծւած Ուկրաինա, Պաղեստին, Իսրայէլ, Լիբանան, Միանմար, Սուդան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւն», – նշել է նա:

Հինգերորդ կիրակին անընդմէջ Պապն անձամբ չի մասնակցում շաբաթական օրհնութեան արարողութեանը։ Այս շաբաթւայ սկզբին Վատիկանը յայտարարեց, որ ռենտգեն հետազօտութիւնը հաստատել է նրա վիճակի «բարելաւումը», սակայն նա դեռեւս հիւանդանոցային բուժման կարիք ունի:

88-ամեայ Ֆրանցիսկոս Պապը փետրւարի 14-ին հիւանդանոց ընդունւելուց յետոյ չէր երեւացել հանրութեան առաջ, եւ մինչեւ կիրակի ոչ մի լուսանկար չէր հրապարակւել:

Հռոմի Ջեմելի հիւանդանոց ընդունւելուց յետոյ Հռոմի Պապը բուժւել է կրկնակի թոքաբորբից եւ այլ վարակներից: Նա նաեւ մի քանի շնչառական ճգնաժամ է ունեցել, ինչը մտահոգութիւն է առաջացրել նրա կեանքի վերաբերեալ:

Ըստ news.am-ի Այս ամսւայ սկզբին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեց ձայնագրութիւն, որում Հռոմի Պապը խօսում էր իր մայրենի իսպաներէնով:

Նրա ձայնը խռպոտ էր, երբ նա շնորհակալութիւն էր յայտնում կաթոլիկ հաւատացեալներին իրենց աղօթքների համար, հաղորդում է BBC News-ը:

Related Articles

Back to top button