ԹեհրանՀամայնք

«Սասուն» ազգային մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակի գրքի շնորհանդէս

Թւականիս մարտի 9-ին «Սասուն» քաղաքամասի «Սասուն» ազգային մանկապարտէզում տեղի ունեցաւ մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակի առիթով նախաձեռնւած գրքի հրատարակման շնորհանդէսը, մասնակցութեամբ Իրանի Իսլամական խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների։

Սահմանափակ հիւրերի ներկայութեամբ համեստ եւ համարեա ներքին միջոցառման բացումը կատարեց օրւայ հաղորդավար Արփինէ Յարութիւնեանը, որը բացման եւ խօսքերի ընթացքում ակնարկեց մանկապարտէզի անցեալ 40 տարիների անցած ուղին, նշելով.-

«1983 թւականին, նկատի ունենալով հայահոծ քաղաքամասի պահանջը, Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան անդամներից, քաղաքամասի մի շարք ազգայինների հետ դիմելով Թեհրանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհրդին, առաջարկեցին հիմնադրել քաղաքամասի երկրորդ մանկապարտէզը, հիմնադիր կազմի համար առաջարկելով միութեան, դպրոցների ու ազգային մարմիններում անդամակցող լուսահոգիներ՝ Ալբերտ Ղազարեանին (1949-2005), Հելէն Զէյնալեանին (1944-1998), Սաքօ Յովսէփեանին (1952-2011) եւ Շահէն Բանդարեանին (1937-2018)»։

«1983-84 ուսումնական տարեշրջանում հիմնադրւում է «Սասուն»ազգային մանկապարտէզը տեսչուհի նշանակւելով Արաքս Ջաւադի Ղազարեանը»։

«… 2006-07 ուս. տարեշրջանից մանկապարտէզի նորանշանակ տեսչուհի Ալվարդ Այդինեանը, ամենայն հոգատարութեամբ սկսում է իր աշխատանքը, շարունակելով հանգուցեալ տկն. Արաքսի անաւարտ թողած աշխատանքները»:

«… 2014-15 ուս. տարեշրջանում մանկապարտէզի տեսչուհի Ալվարդ Այդինեանը հանգստի կոչւելով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից մանկապատէզի տեսչուհի է նշանակւում նոյն մանկապարտէզում 27 երկարաձիգ տարիների փորձառու Մադլէն Քեշիշեանը»։

Ապա Մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանը ներկայացրեց գրքի կազմութեան եւ դասաւորման գործընթացը, աւելացնելով, որ արխիւների ստուգման նիւթերի եւ նկարների հաւաքագրման եւ ստուգման ծանր աշխատանքը իր վրայ վերցնելով վայելել է նաեւ մանկապարտէզի ուսուցչուհիների անվերապահ համագործակցութիւնը։ Սկզբնական շրջանում թէպէտ համագործակցութեան էին հրաւիրել Յովիկ Մինասեանին, սակայն նիւթերի դասաւորման, խմբագրման եւ սրբագրման աշխատանքի համար հրաւիրել են մանկապարտէզի վաղեմի բարեկամ Ժիզէթ Տէր Օհանեանին, իսկ գրաֆիկի աշխատանքը յանձնել ծնողական խորհրդի անդամ՝ Անգինէ Շահբանդարեանին։

Տկն. Մադլէնը յայտնեց նաեւ այսօրւայ միջոցառումը կազմակերպելուց առաջ Կրթական խորհրդի ներկայացուցչի ուղղեկցութեամբ այցելել է թեմիս առաջնորդ գերաշնորհ Սեպուհ արք. Սարգսեանին եւ գրքի առաջին օրինակը Սրբազան Հօրը նւիրելուց յետոյ, մտերմիկ եւ սեղմ շրջանակով կազմակերպել գրքի այսօրւայ շնորհանդէսը։ Վերջում Ժիզէթ Տէր Օհանեանին հրաւիրելով օրւայ առիթով իր խօսքը յայտնելու։

Տկն. Տէր Օհանեանը գնահատելով եւ շնորհաւորելով գրքի հրատարակման այս գեղեցիկ մտայղացումը, իր խօսքը սկսեց գրքի նախաբանում մէջբերւած յայտնի բանաստեղծ Յովհաննէս Շիրազի այս հրաշալի խօսքով՝

Ծիլը նոր կեանքի, թող ծաղկի յաւէտ,

Միայն թէ ծաղկի, հայոց լեզւի հետ։

Ապա գրքի բովանդակութիւնը ընդհանուր ենթագլուխներով ներկայացրեց յիշելով նաեւ հիմնադիր տեսչուհի բարեյիշատակ տկն. Արա՛քսին նշելով թէպէտ այսօր ֆիզիկապէս Մանկապարտէզում չես, բայց քո շնչով առաջնորդւող տեսուչուհիների եւ ուսուցչական կազմերի ներկայութիւնն ու գործունէութիւնը, վկաներն են, քո երկարաձիգ տարիների դրւատանքի արժանի գործունէութեան եւ մեզ հետ լինելու։ Ապա դիմելով տեսչութեան եւ աշխատակազին խօսքը աւարտեց՝ ցանկանալով իրենց սրտերում անմար լինի մանուկներին հայեցի եւ լուսաւոր դաստիարակութեան երթի հաւատքը, որպէսզի կարողանանք անխախտ կատարել իրենց օրհնւած առաքելութիւնը, եւ մաղթեց, իւրաքանչիւր ուսումնական տարին, իրենց համար յուզիչ գրքի պէս լինի՝ արկածներով ու նոր պատմութիւններով լի։

Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը խորհրդի անունից շնորհաւորելով գրքի հրատարակումը, անդրադարձ ունեցաւ կրթական համակարգի ի մասնաւորի մանկապարտէզ-նախակրթարան օղակի դժւարին եւ պատասխանատու, միաժամանակ ամէնից յաճելի գործունէութեանը։

Ելոյթների աւարտին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, գնահատելով գրքի հրատարակման աշխատանքը շնորհաւորեց յաջողութիւնը եւ հակիրճ անդրադարձաւ, որ իր պատգամաւորութեան անցեալ 5 տարիներում, միշտ ականատես է եղել եւ ներկայ մանկապարտէզի աշխոյժ եւ նորարութիւններով լի գործունէութեան, մաղթելով նրանց կանաչ ճանապարհ։

Ելոյթներից յետոյ բեմ հրաւիրւեցին գրքի մեկենասներ՝ Նարբէ (երկրից բացակայ) եւ Նարէ Նազարեանը, Հայկօ Իսախանեանը եւ Մադլէն Քեշիշեանը, որոնք իրենց բարերարութեամբ իրականացրել են մանկապարտէզի 40-ամեայ պատմութեան գրքի հրատարակումը: Ապա որպէս շնորհակալութիւն ծաղկեփնջեր տրամադրւեց  գնահատելու եւ իրենց ծնողների յիշատակը եւս վառ պահելու, որոնց ներդրումը եւս մանկապարտէզի պատմութեան ընթացքում եղել է անփոխարինելի։ Ծաղկեփնջերով գնահատւեցին նաեւ Ժիզէթ Տէր Օհանեանը ու Անգինէ Շահբանդարեանը։ Ուսուցչական կազմի կողմից ելոյթ ունեցաւ նաեւ Անգինէ Մելքոմը՝ իր շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնելով տկն. Մադլէնին։

Ծրագրի պաշտօնական բաժինը աւարտւելուց յետոյ, սրահում ներկայ հիւրերը հիւրասիրւեցին տեսչուհու եւ ուսուցչական կազմի՝ համեստ եւ բարձր ճաշակով պատրաստւած ուտեստներով։

Related Articles

Back to top button