ԹեհրանՀամայնք

Դոկտ. Ռուդոլֆ Տէր Գալուստի յիշատակին

(Մահւան քառասնօրեակի առթիւ)

Օգոստոս 14-ին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, հեռաւոր Ամերիկայում իր մահկանացուն կնքեց, բոլորի կողմից սիրւած ու յարգւած, դոկտ. Ռուդոլֆ Տէր Գալուստը, սուգի մատնելով իր ընտանիքին եւ հարազատներին։

Հագուցեալը ծնւել է, 1939 թւին Նոր Ջուղայում  հայրենասէր եւ հաւատացեալ մի ընտանիքում, նախնական կրթութիւնը ստացել է, Նոր Ջուղայի Բողոքականաց տարրական, իսկ միջնակարգը՝ Սպահանի Հարաթի միջնակարգ դպրոցներում, դեկտորայի աստիճանի է արժանացել Սպահանի Պետական Համալսարանի բժշկական Ֆակուլտետից իսկ անասթեզիոլոգի մասնագիտութիւնը՝ Թեհրանի համալսարանի սրտաբանական Հիւանդանոցից։

Պատանի տարիքից անդամագրւել է Նոր Ջուղայի Հայոց Մարզական ակումբին (ներկայիս «Արարատ» միութիւն) եւ մասնակցել է մարզական միաւորին եւ զբաղւել է բարձրացատկով։

Առաջին անգամ 1955 թւին, մասնակցել է Իրանի թեթեւ ատլետի ախոյանական մրցութիւններին եւ բարձրացատկ ճիւղում 4-րդ է հանդիսացել, յետայնու, 1961 եւ 1965 թւականներին, նոյն մրցութիւնների նոյն ճիւղում, գրաւել է 3-րդ եւ 1966 թւին՝ 2-րդ տեղերը իսկ 1964 թւի միջհամալսարանական մրցութիւններում կրկին 2-րդ է հանդիսացել։

Թողնելով մարզական կեանքը, մասնակցել է միութեան Մշակոյթի միաւորին, ստանձնելով միութեան քառաձայն երգչախմբի վերակազմակերպումը ու ղեկավարութիւնը որին նոր որակ փոխանցելով, իր աշխոյժ աշխատանքով, աշխուժացնում է երգչախումբը, բեմ հանելով մի շարք երգահանդէսներ։

Իր բժշկական բազմազբաղւածութեան պատճառով, հրաժարւում է երգչախմբի ղեկավարութիւնից եւ որպէս միութեան բազմամեայ եւ վեթերան անդամ, միանում է միութեան Երէցների միաւորին եւ ընտրւում է նոյն Միաւորի վարչութեան անդամ, ստանձնելով նախագահի պարտականութիւնը։

Ընտրւել է Նոր Ջուղայի ժամանակի Ներկայացուցչական Ժողովի անդամ եւ իր եռանդուն մասնկցութիւնն է բերել, Ժողովի կողմից կեանքի կոչւած զանազան բնագաւառների աշխատանքներին։

Տոգորւած լինելով ազգային գաղափարախօսթեան սկզբունքներին, անսասան հաւատք ունէր Հայ Դատի արդար լուծմանը, առ այդ իր սիրայօժար նիւթական եւ բարոյական օժանդակութիւնն էր ցուցաբերում, Հայ Դատի համար տարւող բոլոր աշխատանքիրներին։

Դոկտ. Ռուդոլֆը թէ՛ իր անձնական կեանքում, եւ թէ՛ ազգային հասարակական գործերում, բծախնդիր, կարգապահ, անկողմնակալ ու անաչառ կեցւածք էր դրսեւորում իսկ առօրեայ կեանքում, ընկերասէր եւ բարեկամասէր էր իսկ ընտանիքի համար՝ հոգատար հայր եւ հաւատարիմ ամուսին։

Յարգանք իր անմոռաց յիշատակին եւ հանգիստ իր աճիւնին։

Թ. Օ.

Related Articles

Back to top button