ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանում բացւել է Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարների ցուցահանդէսը

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդէսը գնում է յիշողութեան, սերունդների հանդիպման եւ ընտանեկան կապերի հետքերով

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի Թեքէյեան կենտրոնում բացւեց «Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» լուսանկարչական ցուցահանդէսը։

Կէս դարից աւելի նա ստեղծել է աւելի քան 60,000 լուսանկար, այդ թւում՝ հազարաւոր իրանահայ բնակավայրեր, որոնք այլեւս դադարել են գոյութիւն ունենալ։

Ցուցահանդէսով  ներկայացւած են Նիկոլ Ֆարիդանիի սեւ-սպիտակ աշխատանքները՝ 1950-ականներից՝ 1970 թւականներ: Անապատներ, ճարտարապետական յուշարձաններ եւ դիմանկարներ, որոնք այսօր կարող են խօսել ժամանակի միջով անցած տարազների եւ, յատկապէս,  բնութեան կրած փոփոխութիւնների մասին:

Ցուցահանդէսի կազմակերպիչ-համադրող Անահիտ Կորիւնն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ արդէն մի քանի տարի է իրանահայ արւեստի ուսումնասիրութեամբ է զբաղւում, եւ շուրջ 100 իրանահայ արւեստագէտի գործունէութիւնն է ուսումնասիրել:

Նա յաւելեց, որ սկզբում որոշել էր կատարաւած աշխատանքն ու ուսումնասիրութիւնը գրքի վերածել, իսկ ընթացքում գաղափար առաջացաւ ցուցահանդէսների ձեւաչափով ներկայացնել իրականացւած հետազօտութիւնը։ «Եւ այս ցուցահանդէսը, «Իրանահայ արւեստի հետքերով» նախագծի անդրանիկ ցուցադրութիւնն է։  Նիկոլ Ֆարիդանիի մահւանից 17 տարի անց, իր 90-ամեակին նւիրել այս ցուցահանդէսը, որոշեցի յարգանքի տուրք մատուցել նրա յիշատակին՝ առաջին անգամ Ֆարիդանիին ներկայացնելով Հայրենիքում»։

Նշելով, որ նախապատրաստական աշխատանքները տեւել են ինը ամիս, յաւելեց. «Հայաստանում նրա ցուցահանդէսն իրականացնելու գաղափարն եղել է իմը: Ես այս մասին յայտնեցի նրա աւագ դստերը՝ Ժակլին Ֆարիդանիին։ Նա առանց վարանելու համաձայնւեց: Ի սկզբանէ, որոշեցինք Նիկոլ Ֆարիդանիին ներկայացնել իր հանրայայտ սեւ-սպիտակ լուսանկարներով։ Ի դէպ, այս որոշմանը նպաստել է 1995 թւականին Ֆարիդանիի «ԱԼԻՔ»-ին  տւած հարցազրոյցը, որտեղ նա ասել է «…լուսանկարչի վարպետութիւնը սեւ-սպիտակ լուսանկարներում է դրսեւորւում»։ 

Նա նշեց նաեւ, որ ընթացքում ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքին է միացել Կատրին Ֆարիդանին: «Նա լուսանկարչի կրտսեր դուստրն է, լուսանկարիչ: Նա ոչ միայն իր վաւերագրական նախագծով միացաւ հայրիկի հետ ցուցադրւելու, այլեւ, օգնեց նկարները մշակելու գործում»,- յաւելեց Անահիտը։

 Ցուցահանդէսին Նիկոլ Ֆարիդանին ներկայացւել է 60 գործով, որից 16-ն իր ձեռքով երեւակւած ու տպագրւած գործերից են:  «Մնացածը՝ մենք ենք տպագրել»,-ասաց նա։                                                                            

Ցուցահանդէսը նաեւ սերունդների միջեւ երկխօսութեան մասին է։ Նկարչի դուստրը՝ Կատրին Ֆարիդանին, ով բնակւում է Կանադաում, հայրիկի կողքին ներկայացրել է իր «Փոխադարձ կապեր» նախագիծը։ Այն ուսումնասիրում է ջրի օգտագործման ընթացքն ստորգետնեայ աղբիւրներից մինչեւ իւրաքանչիւր բնակչի տան ծորակը։

«Մարդկանց մեծ մասը չի գիտակցում, որ ծորակի ջրի մէկ լիտրի դիմաց մի քանի կոպէկ է վճարում, բայց շշի համար՝մէկ դոլար։ Դա խելագարութիւն է, քանի որ պլաստիկը յայտնւում է օւկիանոսներում։ Ինձ համար կարեւոր էր ցոյց տալ, որ այն ենթակառուցւածքները, որոնք մենք չենք տեսնում, նոյնքան արժէքաւոր են, որքան հօրս լուսանկարած անապատը»,- նշել է Կատրին Ֆարիդանին եւ յաւելել, որ առաջին անգամ հօր լուսանկարների հետ միասն ցուցադրւելը յուզիչ իրականութիւն է։

Այցելուների շարքում էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Մուհամմադ Ասադի-Մովահեդը:  Նա նշել է. «Մեծ ուրախութեամբ եմ այսօր այստեղ՝ Հայաստանի ընկերներիս շրջանում։ Այս ցուցահանդէսը ոգեշնչող է։ Ի վերջոյ, մի բան է գրքերում կարդալ լուսանկարչի մասին, եւ բոլորովին այլ բան՝ տեսնել նրա աշխատանքները սեփական աչքերով։ Նրա լուսանկարները դարձել են «Իրանի աչքերը» եւ այժմ ծառայում են՝ որպէս կամուրջ երկու հարեւան երկրների միջեւ»:

Related Articles

Back to top button