Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները ստեղծւած իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում մեզ»

«ԱԼԻՔ» – «ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները ստեղծւած իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում մեզ եւ չեն կարող կանխել երկրին հասցւող վնասը»: Այս մասին երէկ երեկոյեան, հեռուստատեսային ուղերձում յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:
Իր ուղերձում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կենտրոնացել է ազգի միասնութեան, ուրանի հարստացման եւ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների թեմաների վրայ:
Մատնանշելով յունիս ամսին թշնամու կողմից Իրանին պարտադրւած 12-օրեայ պատերազմը՝ այաթ. Խամենէին յայտարարել է, որ թշնամու նպատակն էր տապալել իսլամական համակարգը։ Նա նշել է, որ համազգային միասնութիւնը խափանեց ազգը պառակտելու եւ իսլամական համակարգը տապալելու թշնամու դաւադրութիւնը՝ ընդգծելով, որ պատերազմից ամիսներ անց եւս ժողովուրդը շարունակում է պահպանել իր միասնութիւնը։
«Այդ օրերին ժողովուրդը յեղեղել էր փողոցները եւ նրանց խլացնող կարգախօսները անիծեալ սիոնի ու յանցագործ Ամերիկայի դէմ ազգի ամբողջականութեան եւ միասնութեան խորհրդանիշն էին, ինչ դեռեւս գոյութիւն ունի, եւ կը շարունակի գոյութիւն ունենալ, եւ, իհարկէ, բոլորը պատասխանատու են դրա պահպանման եւ ամրապնդման համար»,- ասել է այաթ. Խամենէին:
Անդրադառնալով ուրանի հարստացման թեմային, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ Իրանը ունի բարձր հարստացւած ուրան արտադրելու կարողութիւն: Նա, միեւնոյն ժամանակ, դարձեալ ընդգծել է, որ միջուկային զէնքի մշակումը երկրի օրակարգում չկայ:
Այաթ. Խամենէին յայտարարել է, որ որոշ միջուկային օբիեկտների ռմբակոծումը չի կարող խանգարել Իրանին հարստացնել ուրանը, քանի որ դրա արտադրութիւնը դարձել է տեղական գիտութիւն։ Նա յաւելել է, որ Իրանն ունի տասնեակ, նոյնիսկ հարիւրաւոր ուրանի հարստացման մասնագէտներ։
Ակնարկելով, ուրանի հարստացումից հրաժարւելու ԱՄՆ-ի անհիմն պահանջներին, այաթ. Խամենէին ընդգծել է. «Իրանը չի ենթարկւել ճնշմանը եւ ապագայում էլ չի անի դա»:
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների թեմային, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յստակեցրել է, ստեղծւած իրավիճակում դրանք ոչ մի օգուտ չեն բերում մեզ եւ չեն կարող կանխել երկրին հասցւող վնասը:
Այաթ. Խամենէին յայտարարել է, որ ամերիկացիները չափազանցւած պահանջներ են ներկայացրել բանակցութիւնների համար, այդ թւում՝ հրաժարւել ուրանի հարստացումից եւ հրթիռներից, ինչն Իսլամական Հանրապետութեան մասին նրանց տգիտութեան արդիւնք է։
«Ստեղծւած իրավիճակում ԱՄՆ կառավարութեան հետ բանակցութիւնները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ եւ չեն կանխի որեւէ վնաս»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ նշելով, որ արժանապատւութիւն ունեցող որեւէ ազգի, ինչպէս նաեւ իմաստուն որեւէ քաղաքական գործչի համար անընդունելի են սպառնալիքներով ուղեկցւող բանակցութիւնները:
Այաթ. Խամենէին կրկին զգուշացրել է, որ միջուկային հարցի, ինչպէս նաեւ այլ թեմաներով ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները միանշանակ փակուղային, անօգուտ եւ վնասակար են լինելու Իրանի համար, եւ, ընդհակառակը, հնարաւորութիւն են ընձեռելու ԱՄՆ գործող նախագահին, միջազգային հանրութեան մօտ պատրանք ստեղծելու այն մասին, որ իր գործադրած ճնշումներն Իրանին ստիպեցին բանակցել եւ գնալ զիջումների:
Իր ուղերձի աւարտին, երկրի խնդիրների կարգաւորման եւ առաջընթացի միակ գրաւականն անւանել է ռազմական, գիտական, կառավարական, կառուցւածքային եւ կազմակերպչական ասպեկտներում հզօրացում՝ յորդորելով. «Խելացի մարդիկ եւ հոգատար մասնագէտները պետք է գտնեն եւ հետապնդեն երկիրը հզօրացնելու ուղիներ, քանի որ եթէ այն ուժեղանայ, միւս կողմն այլեւս նոյնիսկ չի սպառնայ մեզ»։