Կարէն Դուրգարեանը ծանր յանցագործութեան մասին յայտարարութիւն է կատարել, նա վկայութիւն է տւել ինքն իր դէմ

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ամօթալի միջադէպի ակտիւ մասնակիցներից մէկի՝ Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրէն Վրէժ Դուրգարեանի անձի շուրջ բարձրացւած աղմուկը չի դադարում։
Յիշեցնենք, որ Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն, տխրահռչակ դիրիժոր Կարէն Դուրգարեանի զարմիկ Վրէժ Դուրգարեանն այդ օրը մագլցել էր Մայր Տաճարի զանգակատանը կից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարեայ տապանաքարին եւ ակնյայտ կերպով ցուցումներ եւ ուղղորդումներ էր կատարում խառնամբոխին՝ ասպատակելու Մայր Տաճարի վրայ։ Ականատես հոգեւորական արժանապատիւ Տէր Վրթանէս քահանայ Բաղալեանի վկայութեամբ, ով փորձում էր կարգի հրաւիրել Վրէժ Դուրգարեանին, վերջինս անպարկեշտ բառամթերքով, հայհոյախառն վարքով ուղղորդում էր հաւաքւած ամբոխին՝ յարձակւելու Մայր տաճարի վրայ։
Եւ ահա մէկ օր անց, ի պաշտպանութիւն զարմիկի, հարցազրոյցով է հանդէս գալիս օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն Կարէն Դուրգարեանը, ով ի թիւս բազմաթիւ հակասական մտքերի, մասնաւորապէս յայտարարում է նաեւ հետեւեալը. «30 տարի օպերային թատրոնը քանդւել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ»։
Երեւի պարոն Դուրգարեանն այնքան էր տարւել զարմիկին արդարացնելու անօգուտ ճիգերով, որ ակամայ յայտարարութիւն է կատարում յանցագործութեան մասին, վկայակոչելով ինքն իրեն։ Հաւանաբար նա մոռացել էր, որ իր իսկ կողմից մատնանշւած 30 տարիների ուղիղ կէսը՝ 15 տարի շարունակ ինքն անձամբ է կանգնած եղել օպերային թատրոնի ղեկավարման հիմքերում։ Նա ուղիղ 15 տարի (2001-2015 թթ.) հանդիսացել է Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխաւոր դիրիժորը եւ, իր բնութագրմամբ, թատրոնը քանդելու համար, այդ նոյն տարիների ընթացքում երեք բարձրագոյն պետական պարգեւի արժանացել՝ Մովսէս Խորենացու մեդալ (2009), Հայաստանի վարչապետի յուշամեդալ (2013), ՀՀ վաստակաւոր արտիստ (2006):
Այստեղ ակամայ հարցեր են ծագում՝ ուղղւած պարոն Դուրգարեանին, որոնք մենք չենք կարող չուղղել նրան, օրինակո՞ւմ էք դուք խուլիգան հռչակում եւ ո՞ւմ ծանր մեղադրանք ներկայացնում օպերային թատրոնը քանդելու հրէշաւոր արարքի համար։
Ինչո՞ւ կամ ո՞ր արարքների ու վաստակի համարէք դուք ձեր կողմից նշւած տարիներին արժանացել վերոյիշեալ պետական բարձր պարգեւների, ընդհուպ մինչեւ ՀՀ Վաստակաւոր արտիստի կոչման, եթէ այդ տարիների ընթացքում օպերային թատրոնը խուլիգանների պատճառով քանդւել է։
Եւ վերջապէս, արդեօ՞ք դուք ի վիճակի էք պատկերացնելու, թէ ի՞նչ ծանր պատիժ է իրենից ներկայացնում 30 տարի շարունակ պետական ակադեմիական թատրոնը քանդելու մեղադրանքը, եթէ դրա ուղիղ կէսը՝ 15 տարի շարունակ այդ թատրոնը ղեկավարել էք դուք։
News.am



