Համայնք

Սերոժ Մարգարեանի յիշատակին

մահւան քառասնօրեակի առթիւ

Սրանից աւելի քան քառասուն օրեր առաջ, 86 տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց Սերոժ Մարգարեանը: Նա ծնւել է 1938 թւականին` Թեհրանում։ Հայոց Ցեղասպանութիւնից  մազապուրծ եղած մօր եւ Գարեգին Նժդեհի ջոկատի, ֆիդայի հօր անդրանիկ զաւակն էր. Փոքր հասակից կորցնելով հօրը, կրտսեր եղբայրների հետ նետւել է կեանքի ասպարէզ` ապահովելու իր ընտանիքը. 1966  -ին, ամուսնացել է Այդա Յարութիւնեանի հետ՝  բախտաւորւելով մէկ որդի եւ մէկ դուստրով:

Երիտասարդ տարիքում, զբաղւել է ծանրամարտով եւ երկրի մասշտաբում ունեցել փայլուն արդիւնքներ:

Իր աշխատանքային ասպարէզում, ինքնակրթութեան եւ ձիրքի շնորհիւ դարձել է երկրի գործարար շրջանակների յաջողակ հայ  մասնագէտներից մէկը: Իր մասնագիտական գործունէութիւնը չի խնայել անգամ  Իրան-Իրաք  պատերազմի օրերին` լինելով Ֆաւ կղզում եւ  Արցախեան  առաջին  պատերազմի օրերին` Արցախում:

Յարաբերութիւններում զուսպ էր, բայց ունէր մաքուր սիրտ, ազնիւ էր ու մարդասէր: Իր տան դռները միշտ  բաց են եղել ոչ միայն  հարազատների առջեւ, այլ` իր  օջախում, սիրով ընդունել է ու սատարել, Հայրենիքից  հիւրաբար Թեհրան ժամանած՝ պատերազմից տուժած ծնողազուրկ բալիկների, բազմաթիւ արւեստագէտների եւ  գործարար-արհեստաւորների:       

Սկսեալ  1978 թւականից,  անդամակցել է Հայ  Մշակութային «Արարատ» Կազմակերպութեանը` մաս կազմելով, նոյն միութեան երգչախմբին եւ մարզաւանի Վարիչ Մարմնին:

Սիրողաբար զբաղւել է գեղանկարչութեամբ, որոնցից իր ամենասիրելին` «Սասունցի Դաւիթ» ձեռանկարը, մինչ օրս զարդարում է «Արարատ» մարզաւանի  շէնքի մուտքի աստիճանաշարի ճակատային մասը:

Իր յոյզերն ու հայրենասիրական ոգին արտայայտել է իր բազմաթիւ ստեղծագործութիւնների  միջոցով,  որոնք  երկարատեւ  տարիներ, տպագրւել են իրենից անբաժան «Ալիք» օրաթերթում։ 2003 թւականին իր գրած «Ղարաբաղ» բանաստեղծութիւնը, շնորհիւ Մաեստրօ Ռազմիկ Օհանեանի, երաժշտութեամբ մշակւեց եւ գործիքաւորւեց  սիմֆոնիկ նւագախմբի եւ թենոր մեներգչի  համար,  պարգեւատրւելով Հայաստանում կազմակերպւած համահայկական մրցանակաբաշխութեան՝ «Սայեաթ֊ Նովա» փառատօնի բարձրագոյն դիպլոմով։ Սոյն երգը բազմիցս հնչել է համայնքիս միջոցառումների ընթացքին։

…Անվերադարձ է ձեր ուղին,

Քայլէք յառաջ վճռական.

Վառէք մարած ջահը կրկին,

Առաջնորդէք հայութեան…

Եւս երկու բանաստեղծութիւններ՝ «Արդարութեան Մարտիկներ»՝ նւիրւած Լիսբոնի անձնազոհ հինգ հերոսներին եւ «Իմ Հայրենիք»-ը, որոնք նոյնպէս մշակւել են սիմֆոնիկ նւագախմբի, մեներգիչ թենորի եւ երգչախմբի կատարման համար՝ Մաեստրօ Ռազմիկ Օհանեանի շնորհիւ եւ բազմիցս հնչել համայնքիս բեմերից:

Ցաւօք, սոյն թւականի յուլիսի 9-ին, այս աշխարհից մեկնեց՝ այդպէս  էլ չկարողանալով հաշտւել  իր սիրեցեալ կնոջ անժամանակ կորստի հետ: Նա ֆիզիքապէս հեռացաւ մեզանից, բայց մնայուն ներկայութիւն կը դառնայ մեր սրտերում։

Թո՛ղ,  որ  հոգիդ  հանգչի  խաղաղութեամբ  մեր շատ սիրելի Սերոժ Մարգարեան:

Ա. Գ.

Related Articles

Back to top button