Վրէժի կշեռքը կը կշռի նրանց, ովքեր դաւաճանել են իրենց հողն ու ազգը. Թեհլիրեանի գործողութեան 104-ամեակը Մարսէլում

«ԱԼԻՔ» – Երբ աշխարհը լռեց, Թեհլիրեանը գործեց։ Այսօր մեզ էլ են փորձում լռեցնել, բայց մենք չենք խոնարհւի։ Դաւաճանները թո՛ղ չուրախանան. արդարութեան օրը անխուսափելի է։ Մենք կա՛նք եւ կը լինե՛նք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն։ Մարսէլ, 15 մարտի, 2025 թ.։
Մարսէլի Բոմոն թաղամասում տեղի ունեցաւ ազգային վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի արդարադատութեան գործողութեան 104-ամեակին նւիրւած ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միութեան կազմակերպած ամենամեայ միջոցառումը։
Հանդիսաւոր միջոցառմանը ելոյթ ունեցաւ Ֆրանսիայի սենատոր, քաղաքական գործիչ Վալերի Բուայեն շեշտելով, որ տարածաշրջանի մշակութային բազմազանութիւնն է վտանգւած. «Մենք չենք կարող անտարբեր մնալ Բաքւի բանտերում պահւող, ժամանակին իրենց Արցախի դաշնակիցն ու պաշտպանը յայտարարողների կողմից լքւած, հայ պատանդների ճակատագրի հանդէպ,- ասաց նա։ Ռուբէն Վարդանեանը արդէն 23 օր է հացադուլի մէջ է եւ դարձել է այս տառապանքի խորհրդանիշը։ Միւսները, ինչպիսիք են Դաւիթ Բաբայեանը եւ Բակօ Սահակեանը, ենթարկւում են անասելի դաժան պայմաններում պահւելուն։ Այս անարդարութեան առջեւ մենք սուրբ պարտաւորութիւն ունենք լինել յիշողութեան եւ ճշմարտութեան պահապանները։ 1915 թւականից ի վեր հալածանքները չեն դադարել։ Այսօր եւս, մի ամբողջ ժողովուրդ լռեցւած է կոռումպացւած եւ հզօր թուրք-ադրբեջանական դաշինքի սպառնալիքի ներքոյ։ Բայց ճշմարտութիւնը չի կորչի։ Առանց արդարութեան չկայ ո՛չ ժողովրդավարութիւն, ո՛չ ազատութիւն։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպէսզի ճնշւածների ձայնը լսելի դառնայ, եւ արդարութիւնը յաղթանակի», եզրափակեց Վալերի Բուայեն։
ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միութեան անունից խօսք առաւ Քրիս Չոփուրեանը, նոյնպէս ընդգծելով, որ այսօր այստեղ մենք չենք հաւաքւել միայն Թեհլիրեանի յիշատակի համար։ «Մենք այստեղ ենք ճշմարտութեան լոյսը վերստին վառելու համար։ Մենք այստեղ ենք՝ փառաբանելու Սողոմոն Թեհլիրեանի վեhյանձնութիւնը. մարդու, որը 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի սրտում, իրագործեց պատմութեան արդարութեան դատավճիռը՝ տապալելով Թալէաթ փաշային, երբ ողջ աշխարհը մեղսակցօրէն լռում էր Հայոց Ցեղասպանութեան առջեւ։ Մէկուկէս միլիոն անմեղ հայոց զաւակներ անասելի տանջանքների մատնւեցին։ Սպանւեցին, խաչւեցին, անարգւեցին… Եւ աշխարհը քար լռութեամբ ընդունեց այդ ոճիրը։ Բայց գտնւեց մի մարդ, որի ձեռքով ճեղքւեց այդ լռութեան պատը։ Այդ մարդն էր Սողոմոն Թեհլիրեանը։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խորհեց, վճռեց, եւ յանձնեց նրան այս սրբազան առաքելութիւնը։ Առաքելութիւն, որ, վեց տարի անց, վերականգնեց հայ ժողովրդի ոտնակոխ եղած պատիւն ու արդարութիւնը։ Երբ աշխարհը մատնւած էր քաղաքական հաշիւների կարգաւորմանը, երբ մեծ պետութիւնները ուրանում էին մարդկային իրաւունքները՝ անձնական շահերին ընդառաջ, Թեհլիրեանն ի ցոյց դրեց, որ հայ ազգի ցասումը չի կարող առեւտրի առարկայ դառնալ։
«Ես սպանեցի մարդուն, բայց ոճրագործ չեմ»։ Այս խօսքերը զարկեցին աշխարհի խղճին։ Եւ այն ժամանակ, երբ փորձեցին նրան դարձնել յանցագործ, երբ փորձեցին զրկել նրան վեհութիւնից, նա արդէն ամրագրել էր իր տեղը պատմութեան մէջ։ Այսօր նոյնը փորձում են անել Դաշնակցութեան հետ։ Փորձում են նսեմացնել, վարկաբեկել, քարոզել, թէ մենք անցեալի յուշ ենք, միայն ու միայն այն բանի համար, որ չենք լռում, չենք խոնարհւում, չենք գնւում ու չենք ծախւում։ Մեզ ասում են՝ ձեր ժամանակն անցել է։ Բայց արդարութեան ձայնը չի կարող անցեալ դառնալ։ Թո՛ղ մտածեն, թէ կարող են մեզ լռեցնել։ Թո՛ղ հեգնանքով նայեն մեր պայքարին։ Եւ թո՛ղ յիշեն, որ այդ նոյն հեգնանքով էին նայում Թեհլիրեանին, մինչդեռ այսօր նրա անունը փառաբանութեամբ են արտաբերում։ Մենք խէ՞նթ ենք։ Միգուցէ։ Բայց յեղափոխութիւնը խելամիտ հնազանդների տեղը չէ։ Այսօր մենք չենք յիշատակում միայն Թեհլիրեանի գործը։ Մենք վերստին յայտարարում ենք աշխարհին, որ նրա ոգին մեր ներսում է։ Ժամանակներն անշուշտ փոխւել են։ Բայց արդեօ՞ք փոխւել է ճշմարտութիւնը։ Թո՛ղ չխաբւեն նրանք, ովքեր կարծում են, թէ մեր պայքարն աւարտւած է, թէ մեր ձայնն այլեւս նշանակութիւն չունի։ Քանզի մենք գիտենք՝ օրն անխուսափելիօրէն գալու է։ Օրը, երբ վրէժի կշեռքը կը կշռի նրանց, ովքեր դաւաճանել են իրենց հողն ու ազգը։ Օրը, երբ պատմութիւնն իր վճիռը կը կարդայ նրանց համար, ովքեր յանձնեցին Արցախը, ովքեր դիտեցին, թէ ինչպէս 120 հազար հայ աքսորւեց իր իսկ Հայրենիքից, ովքեր թշնամու հետ ձեռք սեղմեցին, ովքեր ամօթով ստորագրեցին նւաստացուցիչ պայմանագիրը։ Թո՛ղ զուր յոյսեր չփայփայեն։ Թո՛ղ չկարծեն, թէ պատմութեան անիւը շարժւում է միայն իրենց ցանկութեամբ։ Քանզի արդարութեան օրը գալու է։ Եւ մենք այն մարդիկ ենք, ովքեր չեն յետեւում ժամանակի քմահաճոյքներին։ Մենք չենք լռելու։ Մենք չենք խոնարհւելու։ Մենք կանք եւ կը լինենք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը»։
Յիշեցնենք, որ Մարսէլում Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմեանն է, ով եւ նւիրաբերել է արձանը քաղաքին։ Կիսանդրին զետեղւել է 2024 թ. մարտի 15-ին, Մարսէլի հայաբնակ Բոմոն թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռաւորութիւն վրայ՝ Լուի Պաստորի անունը կրող հրապարակում։