Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յարութիւն Բադալեան. «Առ այսօր Հայաստանում նման օրինակ չունենք»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում դամբարանադաշտ է յայտնաբերւել. ովքե՞ր են թաղւած

«ԱԼԻՔ» – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հողային աշխատանքներ կատարելիս աշխատակիցները դամբարանադաշտ են յայտնաբերել։ Մանրամասների մասին 168.am-ը զրուցել է հնագիտական արշաւախմբի ղեկավար Յարութիւն Բադալեանի հետ։

– Պարո՛ն Բադալեան, ե՞րբ է յայտնաբերւել դամբարանադաշտը։

– Յունւար ամսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի տարածքում՝ Ողջի գետի աջ ափին, հողային աշխատանքներ կատարելու ընթացքում կոմբինատի աշխատակիցները նկատել էին պատերի մնացորդներ, ահազանգել էին կոմբինատի բնապահպանութեան բաժին։ Աշխատանքը դադարեցրել եւ կապ են հաստատել հնագէտների հետ։ Ժամանեցինք նշւած տարածք եւ պարզւեց, որ գործ ունենք դամբարանների հետ։ Մի քանի ամիս տեւած պեղումների ընթացքում յայտնաբերեցինք 7 դամբարան, որոնցից 4-ը, ցաւօք, աւերւած էին, միայն պահպանւած էր դամբարանախցերի մի մասը։ Աշխատանքների ընթացքում եւս 3 դամբարան յայտնաբերեցինք, որոնք գրեթէ անխափան վիճակում էին։ Բաւական հետաքրքիր դամբարաններ էին։ Դամբարաններից մէկն ունի 3,5 մետր տրամագիծ, մինչեւ 2 մետր բարձրութիւն։ Շուրջը կառուցւած է մինչեւ 80 սմ բարձրութեան եռաշերտ պատ՝ կրոմլեխ, որի վրայ քարահողային լիցք էր։ Բացւեց նաեւ յուշասիւն, որը քանդակազարդ էր, աչքերի պատկերներ էին։ Շատ հետաքրքիր է։ Առ այսօր Հայաստանում նման օրինակ չունենք։ Յուշասեան հետեւում զոհասեղան էր՝ քարից, հարթ մակերեսով։

Դամբարանի խցերն աչքի չեն ընկնում իրենց հարստութեամբ, գտել ենք մետաղական նիւթեր, քարից մի շարք ուլունքներ։ Սա եւս բացառիկ երեւոյթ է՝ դամբարաններում ընդհանրապէս խեցեղեն, կաւանոթներ չեն յայտնաբերւել։ Կարծում ենք, որ դամբարանները պատկանում են Ք․ա. 7-6-րդ դարերին։

– Աչքերի պատկերներն ի՞նչ են խորհրդանշում։

– Ըստ երեւոյթին դամբարանը չար աչքից հեռու պահելու գաղափարը։ Կրոմլեխը եւս այդ նշանակութիւնն ունի եւ հազարամեակներով կայ մեր մշակոյթում։ Այդ երեւոյթը բրոնզէ դարից գալիս է եւ հասնում մինչեւ քրիստոնէութիւն։

– Յայտնաբերւած մարմինները եղել են մասնատւած․ սա ինչպէ՞ս է բացատրւում։

– Դամբարաններում առհասարակ ոսկորները վատ էին պահպանւած։ Ամէն խցում ամփոփւած էր մէկ մարդու մարմին։ Կային խցեր, որտեղ բացակայում էր մարդու մարմնի մի մասը։ Օրինակ՝ վերջոյթներ, ողնաշար։ Կարծում ենք, որ ամբողջութեամբ չեն ամփոփել մարդուն։ Դա կարող էր լինել պատերազմի ժամանակ։ Վարկած է՝ մտածում ենք, որ մարմնի մնացորդներ են բերել ու թաղում իրականացրել։

– Այստեղից հետեւութիւն կարող ենք անել, որ ոչ թէ հարուստների, այլ հասարակ մարդկանց դամբարան է։

– Չեմ կարծում, որ սովորական մարդիկ են։ Իմ կարծիքով, բարձրաստիճան զինւորականների թաղումներ են, որովհետեւ գրեթէ բոլոր խցերում ունենք դաշոյն, դանակ։ Ճիշտ է, կան նաեւ ապարանջաններ, ուլունքներ։ Ըստ իս, ոչ թէ ցածր, այլ բարձր խաւի անձինք են թաղւած, որովհետեւ նման դամբարաններ կառուցելն այդ ժամանակ հեշտ չէր, այն էլ՝ նման խնամքով յուշասիւն տեղադրել, պատեր շարել․․․։

– Նաեւ սէյսմակայունութիւնն է ապահովւած եղել։

– Դամբարանները այնպէս չէ, որ հարթ տեղում են, թէք լանջին են, այդ պատճառով վնասւել էին, բայց փառք Աստծոյ, 3 դամբարանում անխաթար վիճակ ունեցանք, եւ դա էր պատճառը, որ ԿԳՄՍ նախարարութեան թոյլտւութեամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցութեամբ դամբարաններից ամենաշքեղը որոշեցինք տեղափոխել եւ նոյնութեամբ վերականգնել Կապանի երկրագիտական թանգարանի բակում, քանի որ մտածում էինք, որ այդտեղ անվտանգ չէ, հետագայ շինարարական աշխատանքները կարող են վնասել։ Մնացած դամբարանները կը ծածկւեն, որոշները կը մնան հողի տակ, եւ սերունդները հետագայում միգուցէ ուսումնասիրեն։

Դամբարանի տարածքում աշխատանքներն աւարտել ենք, հողային աշխատանքները շարունակւում են, քանի որ կոմբինատի համար կենսական նշանակութիւն ունեցող տարածք է։

Եթէ պարզւի, որ այլ դամբարաններ կան՝ պեղումները կը շարունակենք։

– 2024 թւականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, որքանով տեղեակ եմ, տնտեսական նշանակութեան կառոյց էք յայտնաբերել։

– Այո։ Կոմբինատի հետ աշխատում ենք շուրջ 10 տարի։ Կոմբինատին առնչւող տարածքներում բազմաթիւ ծրագրեր ենք իրականացրել իրենց ֆինանսաւորմամբ։ Տասնեակի հասնող յուշարձաններ ենք ուսումնասիրել։ Յայտնաբերել ենք գինու արտադրամաս՝ 12-14-րդ դարերի, ձիթհան ենք պեղել, բնակատեղիներ։ Եւ հերթականը 2023 թ. յայտնաբերեցինք։ Այն Սիւնիք գիւղի տարածքում է, պոչամբարից մօտ 200 մետր դէպի հարաւ։ Պեղումների ընթացքում բացւեց հսկայական խոհանոցային կամ տնտեսական մի կառոյց։ Ցաւօք, մեծ մասը վնասւել է յետխորհրդային շրջանում դէպի պոչամբար բարձրացող ճանապարհը կառուցելու ժամանակ։

Այնուամենայնիւ, յաջողւեց ամբողջութեամբ պեղել այն, ինչ ունենք այսօր։ Դա խոհանոցային խոշոր հատւած է, որտեղ պեղումներով բացւեցին քանդակազարդ օջախներ, դրանց մօտ՝ թոնիրներ, բազմաթիւ հորեր։ Հսկայական խեցեղէն յայտնաբերեցինք։ Ամբողջ համալիրն ըստ խեցեղէնի համեմատական վերլուծութեան՝ թւագրում ենք զարգացած միջնադարով՝ 12-14-րդ դարերով։ 2024 թ. ընդլայնելով ամբողջ տարածքը, մենք այլ հորեր եւս յայտնաբերեցինք։ Հորերից մէկը գտնւում է խոհանոցային տարածքում։ Միւսը բացեցինք դրանից մօտ 5 մետր հեռաւորութեան վրայ։ Թունելով միանում են իրար՝ մօտ երեք մետր խորութեան վրայ։ Կարծում ենք, հորերի կառուցման նպատակը եղել է հացահատիկի պահպանումը։ Լցնելով գարին ու ցորենը կառոյցից դուրս գտնւող հորի մէջ՝ կառոյցի ներսում հորից ցորենը հանել են, մանրացրել, հաց թխել։

Քանի որ անվտանգ չէր աշխատանքը, 3 մետր խորութեամբ էր, դադարեցրեցինք։ Հնարաւոր է՝ փլւածք տեղի ունենար։ Տարածքում նաեւ յայտնաբերւել են ընտանեկան թաղումներ։ Հետաքրքիր է նաեւ վաղ շրջանի նիւթերի յայտնաբերումը՝ աւերւած դամբարաններից, որոնք պատահական են յայտնաբերւել։ Նիւթերը Ք․ա. 7-6-րդ դարերի են, այսպէս կոչւած՝ երկաթի լայն տարածման շրջանի են. գտել ենք վզնոց, ապարանջաններ, ականջօղ եւ այլն։ Լաբորատոր հետազօտութիւնից յետոյ կը յանձնւեն Կապանի երկրագիտական թանգարանին։

– Կառոյցն ինչ-որ մէկի բիզնեսն է եղել երեւի։

– Կարծում եմ՝ խոշոր կալւածատիրոջ, աւատատիրոջ տնտեսական համալիր է, որտեղ պատրաստել են կերակուր, հաց են թխել հսկայական կալւածքի համար։ Սա մի ընտանիքի չի պատկանում։ Հաւանաբար՝ 200-300 հոգու համար ուտելիք են պատրաստել։

Եղել են նաեւ խաղողի այգիներ, որովհետեւ պոչամբարի ափերից մէկում յայտնաբերեցինք գինու հնձան, որը ցոյց է տալիս, որ միջնադարում Կապանում եւս գինէգործութիւնը զարգացած է եղել։

– Որքա՞ն յաճախ էք հանդիպում գանձագողերի ոտնահետքերի։

– Այս տարածքում չենք հանդիպել, քանի որ հսկւում է կոմբինատի անվտանգութեան կողմից։ Սակայն քանի որ գանձագողութեան վտանգ կայ՝ պեղումների ընթացքը շատ չենք հանրայնացնում։ Կան գանձագողեր, ինֆորմացիան քաղում են, պեղումների տեղը ֆիքսում են, ու հնագէտներից յետոյ, հնարաւոր է՝ սկսեն իրենց սեւ գործն անել։ Եղել է, որ գնալով յուշարձանի տարածք՝ նկատել եմ գանձագողերի ոտնահետքեր։ Քանդում են, գողանում, եթէ ինչ-որ բան մնացել է՝ թոնիր եւ այլն։ Մտածում են, որ թոնրի մէջ ոսկի կը լինի, ու ջարդում են։ Չգիտեն էլ, որ թոնիր է, կարծում են՝ կարաս է։ Հեքիաթներից լսել են, որ կարասի միջ ոսկի են դնում։ Դէպքեր կան, որ խաչքար են ջարդում՝ մտածելով, որ ոսկի կամ թանկարժէք իր կը գտնեն։ Գանձագողութիւնը, ցաւօք, շատ տարածւած է Հայաստանում։ Յուշարձաններով հարուստ մարզերում զարգացում է ապրում։ Գանձագողերին ուղղորդում են Երեւանից։

Այն յուշարձաններին, որոնք հսկւում են պետութեան կողմից, այդտեղ այնքան էլ չեն մօտենում գանձագողերը։

– Ինչպիսի՞ զգացողութիւն էք ունենում, որ յայտնաբերած գտածոն յայտնւում է թանգարանում։

– Հնագէտի համար ամենամեծ հաճոյքն է, երբ յայտնաբերածը հանրայնացւում է։

– Ո՞ր դարաշրջանում կուզէիք յայտնւել, ապրել։

– Չեմ մտածել։ Բոլոր դարաշրջաններում շատ հետաքրքիր է, երեւի հելլենիստական, անտիկ ժամանակաշրջանում կուզէի յայտնւել։ Մակեդոնացու արշաւանքից յետոյ բուռն զարգացում է ապրում հելլենիզմը, աշխարհը փոխւում, վերաձեււում է, նոր պետութիւններ են յայտնւում, յատկապէս Հայաստանը հզօրացում է ապրում Արտաշէսեան դարաշրջանում՝ Արտաշէս Առաջինի, Տիգրան Մեծի օրօք։ Հռոմէական կայսրութիւնը կար… կարելի էր:

Զրոյցը՝ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

Related Articles

Back to top button