Արցախ Միութիւնը խստիւ դատապարտում է Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերեալ ՀՀ վարչապետի յայտարարութիւնները

«ԱԼԻՔ» – Արցախ Միութիւնը խստիւ դատապարել է նախօրէին Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններն բռնի տեղահանւած արցախահայութեան վերադարձի օրակարգի վերաբերեալ:
Միութեան հրապարակած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«Արցախ Միութիւնը խորը մտահոգութեամբ ու խստիւ կերպով դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները Արցախից բռնի տեղահանւած ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերեալ։ Վարչապետի այն տեսակէտը, թէ այս քննարկումը «ոչինչ չի տայ հէնց փախստականներին» եւ միայն լարւածութիւն կը ստեղծի, խիստ անընդունելի ու անարդար է Արցախի ժողովրդի եւ, ընդհանրապէս, հայ ազգի նկատմամբ։
Նիկոլ Փաշինեանի նշեալ յայտարարութիւնների վերաբերեալ ընդգծում ենք հետեւեալ կէտերը՝
- Ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով ամբողջական հայրենազրկման ենթարկւած Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն անառարկելի ու անսակարկելի է: Այն մարդու եւ ժողովրդի բնական ու հիմնական իրաւունք է, որը բխում է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերից: Ուստի, խիստ տարակուսելի է ժողովրդավարական երկրի՝ ժողովրդավար ներկայացող ղեկավարի կողմից՝ բռնի տեղահանւած անձանց հիմնարար իրաւունքի ու կամքի ոտնահարումը:
- Անընդունելի ու դատապարտելի է Արցախի ժողովրդի իրաւունքների այդ ոտնահարումն արդարացնել «իրատեսականութեան» առերեւոյթ ու կարճաժամկէտ պատրանքով: Իրատեսականութեան խնդիրը ծագում է յատկապէս ՀՀ իշխանութիւնների մերժողական քաղաքականութեան պատճառով, քանի որ հակամարտութիւնների կարգաւորման ջանքերում միջազգային հանրութեան դիրքորոշումների ու գործողութիւնների համար ուղենիշային են լինում կողմերի դիրքորոշումները: Հետեւաբար, միջազգային հանրութեան ոչ մի ներկայացուցիչ աւելին չի անելու Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ու պաշտպանութեան համար, քան Հայաստանն է անում: Իսկ Հայաստանի պատշաճ դիրքորոշման ու դիւանագիտութեան միջոցով, վստահ ենք, հնարաւոր կը լինի գեներացնել միջազգային բաւարար աջակցութիւն ու ճնշում՝ դարձնելով Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը (այդ թւում՝ վերադարձը) իրատեսական ու իրագործւած նպատակ, ինչպէս մի շարք այլ հակամարտութիւններում է տեղի ունեցել:
Ընդ որում՝ նոյնիսկ ՀՀ իշխանութիւնների նման բացասական դիրքորոշման առկայութեան պայմաններում արդէն գոյութիւն ունեն միջազգային աջակցութեան յստակ օրինակներ, ինչպիսիք են՝ Եւրոպական խորհրդարանի բանաձեւը, Շւէյցարիայի օրէնսդիր մարմնի ընդունած բանաձեւը, Բելգիայի խորհրդարանի բանաձեւը, ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակ-յայտարարութիւնը: Անշուշտ, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն ամրագրող շատ աւելի ազդեցիկ ու հիմնարար միջազգային փաստաթղթեր են ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ընդունւել է ՀՀ հայցի հիման վրայ, եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023 թ. հոկտեմբերի 11-ի համատեղ յայտարարութիւնը, որը ստորագրել են նաեւ Հայաստանը, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ ազդեցիկ երկրներ:
- Ինչ վերաբերում է Փաշինեանի նկատի ունեցած լարւածութեան պատճառներին, ապա իրական պատճառը ոչ թէ Արցախի ժողովրդի բնական իրաւունքն ու կամքն է վերադառնալու հայրենիք, այլ՝ ալիեւեան ռեժիմի ցեղասպանական քաղաքականութիւնն ու ապօրինի պահանջները Հայաստանի ու հայ ժողովրդի դէմ: Այդ առումով, Արցախի ժողովրդի եւ նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերն ընդհանրապէս համադրելի չեն՝ անկախ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանութիւնների անհիմն քարոզչութիւնից: Փոխարէնը, որոշակիօրէն համադրելի են ադրբեջանաբնակ հայերի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերը: Այդ նպատակով պէտք է կիրառել միջազգայնօրէն ընկալելի յատկապէս հետեւեալ փաստարկները՝ ցոյց տալու համար Արցախի ժողովրդի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների էական տարբերութիւնները եւ զսպելու ադրբեջանական անհիմն պահանջները՝
Ա. Կարգավիճակ. Արցախի ժողովուրդը ունեցել է եւ ունի միջազգային իրաւունքով եւ պրակտիկայով ճանաչւած ժողովրդի կարգավիճակ, այդ թւում՝ ինքնավարութիւն թէ՛ ԽՍՀՄ տարիներին, թէ՛ անկախութեան տարիներին, կոմպակտ բնակութիւն, արդիւնաւէտ կերպով իրացւած ինքնորոշման իրաւունք եւ ժողովրդի մնացած բոլոր յատկանիշները: Փոխարէնը, ադրբեջանցիները Հայաստանում եղել են որպէս էթնիկ փոքրամասնութիւն՝ առանց որեւէ ինքնավարութեան եւ կոմպակտ բնակութեան:
Բ. Տները լքելու պատճառներ ու ձեւ. եթէ ադրբեջանցիները լքել են Հայաստանում գտնւող իրենց տները կամաւոր ու խաղաղ կերպով եւ նոյնիսկ հնարաւորութիւն ունենալով վաճառել իրենց տները կամ փոխանակել Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ, ապա հայերը Ադրբեջանի իրենց տները լքել են բռնի կերպով՝ պարբերական ջարդերի ու հալածանքների պայմաններում՝ հիմնականում նոյնիսկ չկարողանալով վերցնել իրենց շարժական գոյքը: Իսկ ահա Արցախի ժողովուրդը բռնի տեղահանւել է միջազգային դաժանագոյն երկու յանցագործութիւնների՝ ցեղասպանութեան ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների կատարման հետեւանքով: Յիշեցնենք, որ Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն, Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին յատուկ խորհրդական Խուան Մենդեզը եւ մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագէտներ այն գնահատել են որպէս ցեղասպանութիւն, իսկ Freedom House-ը, Եւրոպական խորհրդարանը եւ այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում, որն իրաւական առումով կարող է լինել կա՛մ ցեղասպանութիւն, կա՛մ մարդկութեան դէմ յանցագործութիւն:
Գ. Իրաւական հիմքեր. եթէ 1980-90-ականներին Հայաստանից տեղափոխւած ադրբեջանցիների վերաբերեալ միջազգային դատական ակտեր ընդհանրապէս չեն ընդունւել, ապա Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն ամրագրել է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը (2023 թ. նոյեմբերի 17-ին)՝ ընդգծելով դրա անվտանգ, անխոչընդոտ ու արագ լինելու անհրաժեշտութիւնը: Իսկ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անդամ 40 երկրներ, այդ թւում՝ Հայաստանը, ԱՄՆ-ն եւ Արեւմտեան բազմաթիւ երկրներ, 2023 թ. հոկտեմբերի 11-ին ընդունած համատեղ յայտարարութեամբ շեշտադրել են Արցախի ժողովրդի արագ, կամաւոր, անվտանգ, արժանապատիւ ու կայուն վերադարձի անհրաժեշտութիւնը: Աւելին, հայ-ադրբեջանական հակամարտութեան պատճառով բռնի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքի վերաբերեալ արժէքաւոր ու նախադէպային դատական ակտ է նաեւ ՄԻԵԴ վճիռը Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի գործով՝ ընդունւած 2015 թ. յունիսի 16-ին՝ Շահումեանի շրջանից տեղահանւած ընտանիքի վերաբերեալ:
Դ. Ժամկէտ. Որքան էլ վերադարձի իրաւունքը անժամկէտ է միջազգային իրաւունքում, սակայն գործնական ու քաղաքական առումներով թարմ տեղահանման հրատապութիւնը եւ վերադարձի հնարաւորութիւնները շատ աւելի մեծ են՝ հաշւի առնելով զրկանքների թարմութիւնը, իրենց հայրենի բնակավայրերի կանգուն լինելը, մարդկանց կամքը եւ այլն:
Ե. Քանակ. Նշանակալի է ադրբեջանաբնակ հայերի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների քանակների տարբերութիւնը՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ մարդահամարների տւեալները եւ փորձագիտական վերլուծութիւնները: Մասնաւորապէս, եթէ 1988 թ. դրութեամբ ադրբեջանաբնակ հայերի (բացառութեամբ ԼՂԻՄ բնակչութիւնը) քանակը, ըստ ոչ վստահելի Ադրբեջանի պաշտօնական աղբիւրների, մօտ 360,000 էր (ըստ փորձագիտական հաշւարկների՝ աւելի քան 500,000 ), ապա Հայաստանում ադրբեջանցիների քանակը եղել է շուրջ 160,000 (թւերը մօտաւոր են ներկայացւած): Ինչպէս նշեցինք, ԼՂԻՄ հայերի քանակը վերոնշեալ թւերում ներառւած չէ, որը եղել է շուրջ 130,000: Ուստի, քանակական առումով նոյնպէս տարբերութիւնները շատ մեծ են՝ ի վնաս ադրբեջանական կողմի:
Զ. Վերադառնալու որոշման եղանակ. վերադառնալու հնարաւոր որոշումը, ըստ միջազգային իրաւունքի, պէտք է կամաւոր կայացւի, սակայն Ադրբեջանն այնպիսի բռնապետական ու աւտորիտար պետութիւն է եւ փախստականների մի մասին այնպիսի կախեալ վիճակում է պահել առ այսօր, որ իշխանութիւններն ի վիճակի են նրանց հարկադրել վերադառնալու Հայաստան: Այնինչ Հայաստանը ո՛չ ցանկութիւն, ո՛չ էլ կարողութիւն ունի որեւէ որոշում պարտադրելու փախստականներին, քանի որ ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանում մնացած փախստականներին ինտեգրել է իր հասարակութեան մէջ:
- Հայաստանի Հանրապետութիւնը ստանձնել է եւ դեռեւս շարունակում է կրել պատասխանատւութիւն ու պարտաւորութիւններ Արցախի ժողովրդի իրաւունքների (այդ թւում՝ վերադարձի իրաւունքի) պաշտպանութեան ու անվտանգութեան երաշխաւորման, ինչպէս նաեւ Ղարաբաղեան հիմնահարցի համապարփակ ու արդարացի կարգաւորման համար: Այդ պարտաւորութիւնները բխում են բազմամակարդակ աղբիւրներից, եթէ նոյնիսկ չքննարկենք ազգային ու բարոյական դիտանկիւնները, մասնաւորապէս՝ Ա. Ներպետական ակտեր. ՀՀ Անկախութեան հռչակագիրը, որի դէմ այդքան կատաղի պայքարում է ալիեւեան ռեժիմը, Արցախի ժողովրդի հանդէպ ՀՀ պատասխանատւութեան գլխաւոր ներպետական աղբիւրն է: Բացի դրանից, առկայ են բազմաթիւ այլ իրաւական ակտեր, որոնք ամրագրում են այս կամ այն պարտաւորութիւնը, իսկ դրանցից ամենաթարմն ու ամենարդիականը ՀՀ գործող կառավարութեան 2021-2026 թթ. ծրագիրն է, որում գործող իշխանութիւնները լրջագոյն խոստումներ ու պարտաւորութիւններ են ներառել:
Բ. Միջազգային դատական ակտեր. Արցախի ժողովրդի իրաւունքների (յատկապէս՝ վերադարձի իրաւունքի) վերաբերեալ ամենաբարձր ու ամենահամապարփակ դատական ակտը ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանն է: Այն ամրագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձի իրաւունքը՝ ի թիւս այլ իրաւունքների: Անշուշտ, կարեւոր են նաեւ նոյն դատարանի նախորդ հրամաններն՝ ընդունւած 2021 թ. դեկտեմբերի 7-ին (հայատեացութեան կանխման, գերիների եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերաբերեալ) եւ 2023 թ. փետրւարի 22-ին (Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերեալ): Թէեւ այս հրամաններն ուղղւած են եղել Ադրբեջանին, սակայն Հայաստանը, որպէս հայցւոր կողմ, յստակ պատասխանատւութիւն է ստանձնել այդ հրամանների կատարմանը հետամուտ լինելու առումով:
Գ. Փախստականների իրաւունքների վերաբերեալ միջազգային փաստաթղթեր. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութիւնը (1950 թ.), Փախստականների կարգավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի կոնւենցիան (1951 թ.) եւ դրա արձանագրութիւնը (1967 թ.) յստակօրէն ամրագրում են փախստականների վերադարձի (հայրենադարձութեան) իրաւունքը եւ Բարձր յանձնակատարի ու պետութիւնների պարտաւորութիւնը ապահովելու նրանց կամաւոր ու անվտանգ վերադարձը: Ընդ որում՝ հիւրընկալ երկրները առանձնայատուկ պարտաւորութիւն ունեն, փախստականների կամքի ու անհրաժեշտ պայմանների առկայութեան դէպքում, նպաստելու հայրենի երկիր նրանց վերադարձին:
Դ. 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութիւն. որքան էլ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութիւնը փաստացի չի գործում՝ Արցախի լրիւ բռնազաւթմամբ ու ՌԴ խաղաղապահ զօրակազմի դուրս բերմամբ պայմանաւորւած, միեւնոյն է՝ այն դեռեւս ուժի մէջ է: Որպէս այդ փաստաթղթի կողմ՝ Հայաստանը պարտաւորութիւն ունի բարձրացնելու դրա դրոյթների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի տարածք փախստականների վերադարձի վերաբերեալ 7-րդ կէտի կատարման հարցը:
- Հաշւի առնելով Արցախի ժողովրդի վերոնշեալ իրաւունքները եւ միջազգային հանրութեան ու Հայաստանի կոնկրետ պարտաւորութիւնները՝ ՀՀ վարչապետի նշւած յայտարարութիւնը հնչում է որպէս բազմաղբիւր պատասխանատւութիւնից հրաժարւելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» եւ ադրբեջանական յանցագործութիւնները լեգիտիմացնելու հերթական ակտ:
- Կայուն խաղաղութիւնը հնարաւոր չէ առանց հակամարտութեան հիմնական խնդիրների արդար ու արդիւնաւէտ հասցէագրման: Իսկ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը հակամարտութեան գլխաւոր հիմնահարցն է: Ուստի, Արցախի ժողովրդի վերադարձը պէտք է դառնայ ցանկացած բանակցային գործընթացի առանցքային կէտ։ Առանց դրա՝ որեւէ «խաղաղութիւն» կարող է լինել միայն խաբկանք եւ ինքնին լարւածութեան շարունակական աղբիւր։
- Իսկ ահա նախքան վերադարձը՝ Արցախի ժողովուրդը պէտք է Մայր Հայաստանում ունենայ կեանքի արժանապատիւ ու կայուն պայմաններ, որպէսզի հնարաւոր լինի ոչ միայն լուծել մարդասիրական բնոյթի խնդիրները, այլեւ՝ պատշաճ ու արդիւնաւէտ կերպով իրացնել ու զարգացնել արցախահայութեան ներուժը յանուն բոլորիս հայրենիքի ու պետութեան բարգաւաճման ու զօրացման: