The Wall Street Journal. «Եւրոպացի առաջնորդները փոխել են մարտավարութիւնը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար»

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպէս նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Եւրոպական յանձնաժողովի ղեկավարները, անցել է անսպասելիօրէն բարեկամական մթնոլորտում: The Wall Street Journal-ի տւեալներով՝ սա Եւրոպայի կողմից առեւտրի եւ ռազմական ծախսերի հարցում լուրջ զիջումների, ինչպէս նաեւ Դոնալդ Թրամփի հետ գործ ունենալու նոր մարտավարութեան արդիւնք էր:
Եւրոպացի քաղաքական գործիչները փորձել են խօսել ԱՄՆ նախագահի լեզւով՝ նրա ուշադրութիւնը գրաւելու համար։ Թրամփը չի սիրում պատժամիջոցները, բայց սիրում է մաքսատուրքերը, այդ իսկ պատճառով Բրիւսէլն այժմ աւելի ու աւելի է խօսում «Ռուսաստանի դէմ ոչ թէ պատժամիջոցների, այլ մաքսատուրքերի» մասին։
Զելենսկին, իր հերթին, Թրամփին ցոյց է տւել Ուկրաինայի քարտէզը՝ բացատրելով իրավիճակը ԱՄՆ նախագահի բիզնես փորձին մօտ լեզւով։ Եւրոպացի առաջնորդները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային պահանջները համեմատել են ամերիկեան նահանգների, այդ թւում՝ Ֆլորիդայի ենթադրական կորստի հետ։
Բացի այդ, եւրոպացի առաջնորդները փորձում են պահպանել անձնական կապերը նրա հետ։ Օրինակ՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը գոլֆ է խաղացել Թրամփի հետ, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ընդգծում է իր գաղափարական մտերմութիւնը ամերիկացի նախագահի հետ։ Նման շփումները, ըստ WSJ-ի աղբիւրների, օգնում են եւրոպացիներին ամրապնդել Թրամփի վստահութիւնը։