Պատարագի ցենզուրայից մինչեւ պետական ողբերգութիւն

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հայաստանը մտել է խորը ամենաթողութեան եւ բանականութեան կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականութիւնն է՝ իր առանձնայատուկ ռիսկերով։
Եթէ առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչութեան պետերից մէկին նշանակի կաթողիկոս, վստահ եղէք, որ իր նախարարները, խմբակցութեան մի մասը, շրջիկ հաւատացեալների համայնքը, ռեկտորները, համայնքապետէրը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպէս իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանութեան բարձրացման եւ հոգեւոր մաքրման ճանապարհին»։ Հասարակութիւնն էլ համակերպւելու է։ Սա արդէն բանականութեան կորուստն է։
Այսօր արդէն, վարչապետը ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է քահանաներին «յուշելու», թէ ինչպէս անցկացնեն պատարագները։ Սա պետական ֆունկցիաների դեգրադացիա է։ Սա ամենաթողութիւն է։
Այս տրամաբանութեամբ՝ Նիկոլը կարող է արգելել՝ իր մասնակցութեամբ ցանկացած միջոցառման ժամանակ այս կամ այն մարդու անունը տալ։ Կարող է գնալ հարսանիք՝ ԱԱԾ աշխատակցին նախապէս ուղարկելով, որպէսզի թամադան յանկարծ չառաջարկի խմել հարսի կողմից խնամոնց կենացը, քանի որ ընդդիմադիր են։ Չմոռանանք, որ նա արդէն հասցրել է թատերական ներկայացում գրաքննել։
Սա կարող էր ծիծաղ յարուցել, բայց երբ ամենաթողութիւնն ու բանականութեան կորուստը չեն զսպւում, հասարակութիւնը չի ցուցաբերում դիմադրութեան եւ մերժման միտումներ, որպէս կանոն տեղի են ունենում խոշոր ողբերգութիւններ։ Մեր պարագայում՝ շատ խոշոր։ Դրա նախադէպն ունենք։
Յանուն արդարութեան, մի բան պէտք է ֆիքսենք։ Նիկոլն այս ամէնը միայնակ չի անում։ Բոլոր անօրինականութիւնները, բանականութիւնից դուրս բոլոր քայլերը, պետութիւնը քանդելու ամբողջ այս գործընթացն արւում է այլ հայորդիների ջանքերով՝ նախարար, պատգամաւոր, քննիչ, դատախազ, դատաւոր, մտաւորական, եպիսկոպոս, դասախօս, դիւանագէտ, օլիգարխ եւ այլք։ Բոլոր նրանք, ովքեր ամէն ինչ շատ լաւ հասկանալով լծւել են այս այլանդակութիւններին, պիտի գիտակցեն, որ իրենք սեփական երկիրը տանում են ինքնաչեղարկման։ Բոլոր նրանք, ովքեր ամէն ինչ շատ լաւ հասկանում են, բայց նախընտրում են «քաղաքականութեամբ չզբաղւել», լռել, նւազագոյնը յանցակից են։
Երբ չորս եպիսկոպոս Երեւանի բանտերում է, երկու նախագահ՝ Բաքւի, իսկ 2019-ին խաղաղ կարգաւորումը մերժածներն իշխանութեան են, ապա նման պետութիւնները ծանր գին են վճարում։
Այս իրավիճակը բնականօրէն ծնում է պայքարի թէ´ հիմնական հարցադրումը, թէ´ կարգախօսը։ Սրա մասին առաջիկայում աւելի մանրամասն կը խօսեմ։



