Գառնիկ Դանիէլեան. «ՀՀ պատմութեան մէջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամաւորի հասցէին՝ բարձրացւած խիստ մտահոգիչ հարցերի համար»

«ԱԼԻՔ» – «ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը ֆէյսբուքեան իր էջում հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ յորդորում է ինձ պահպանել պատգամաւորական էթիկայի կանոնները եւ զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրէական օրէնսգրքի յօդւածներով»։ Այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Տիկին Մանասեանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրէակատարողական հիմնարկներում մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից խայտառակ իրավիճակ է, եւ, որ, պատկան մարմինների, ինչպէս նաեւ՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բաւարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թէ այստեղ ՔՕ ո՞ր յօդւածն է խախտւած:
Սա պարզապէս խայտառակութիւն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ. եզակի դէպք ՀՀ պատմութեան մէջ, երբ Մարդու իրաւունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամաւորի հասցէին՝ բարձրացւած խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառոյթը պէտք է լինէր հէնց իմ ահազանգի հետքերով գնալը:
Իսկ յիշո՞ւմ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ.
-ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրայ:
-Իշխանական պատգամաւորը սպառնում է լեզու ու ականջ կտրել:
-Իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ սեռական բնոյթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։
Քննադատութիւնից վրդովւած ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանաւորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելութեան խօսք հնչեցնում։
Որտե՞ղ են վերջինիս յստակ գնահատականներն ու գործողութիւնները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանութեան կողմից կիրառւում են արգելւած միջոցներ, աննախադէպ բռնութիւն։
Բոլոր նման դէպքերում արագ արձագանգում են կամ ընդդիմադիր պատգամաւորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբեւէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրաւունքների պաշտպանին։
Նշեմ նաեւ, որ երբ Սրբազան պայքարի համակիրների աւտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրաւունքների գրասենեակից չլսեցինք որեւէ արձագանգ այդ մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ քրէակատարողական հիմնարկներում պահւող անձանց խնդիրներին, ինքս անձամբ, պարբերաբար այցելութիւններ եմ ունենում այդ վայրեր, եւ փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։
Միայն վերջին 4 շաբաթում քրէակատարողական հիմնարկներում արձանագրւել է 4 մահւան դէպք․ 2-ը ինքնասպանութեան, 1-ը՝ հացադուլի հետեւանքով։
Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախեւառաջ ՄԻՊ-ի գործունէութեան շրջանակներում են: Իսկ թէ ինչու՞ է նման արձագանգի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պէտք է ենթադրել:
Կոչ եմ անում տիկին Մանասեանին դուրս գալ դատախազի դերից եւ սպառնալիքներ հնչեցնելու փոխարէն նոյն ջանասիրութեամբ լծւել իր պարտականութիւնների կատարմանը։ Այլապէս, ոչ մէկիս պատիւ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդէպ աննախադէպ ցածր վստահութիւնն ու վարկանիշը»,- գրել է նա։