ՌԴ ԱԳՆ. «Եւրաեռեակի սպառնալիքներն Իրանի հասցէին լուրջ ապակայունացնող գործօն են»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը ռուսական «Կոմերսանտ» պարբերականի համար մեկնաբանել է Իրանի նկատմամբ երեք եւրոպական երկրների սպառնալիքը՝ վերականգնել մինչեւ 2015 թւականը Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կոշտ պատժամիջոցները, եթէ Թեհրանը մինչեւ օգոստոսի 31-ը էական զիջումների չգնայ միջուկային ծրագրի հարցում։
«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի՝ Իրանի նկատմամբ նախկինում չեղարկւած ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը (որը կոչւում է Snapback) գործի դնելու սպառնալիքները լուրջ ապակայունացնող գործօն են»,- յայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատւութեան եւ մամուլի դեպարտամենտը՝ յաւելելով, որ եւրոպացիները հանդէս են գալիս դիւանագիտութեան եւ բանակցութիւնների օգտին, սակայն նրանց պահւածքը հեռացնում է նման հեռանկարը եւ ստիպում կասկածել իրենց բարձրացրած հարցերն ըստ էութեան կարգաւորելու նրանց շահագրգռւածութեանը։
«Զբաղւելով Snapback-ի հետ կապւած մանիպուլիացիաներով՝ եւրոպացիներն իզուր թանկարժէք ժամանակ եւ էներգիա են վատնում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Պէտք է վերադառնալ դիւանագիտութեանը եւ այդ հիմքի վրայ պայմանաւորւել ցանկացած կասկած եւ նախապաշարմունք իրանական խաղաղ ատոմի նկատմամբ վերացնելու հնարաւոր ուղիների շուրջ՝ միջազգային իրաւունքի հիման վրայ եւ պատշաճ կերպով հաշւի առնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան շահերը, ներառեալ՝ միջազգային հսկողութեան ներքոյ քաղաքացիական կարիքների համար ուրանի հարստացման նրա իրաւունքը։ Հէնց դրա վրայ արժէր այժմ կենտրոնացնել բոլոր ջանքերը»,- ընդգծել են գերատեսչութիւնում։
Նշենք, որ օգոստոսի 23-ին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը հեռախօսազրոյց են ունեցել։
Աւելի ուշ, Արաղչին յայտնել է, որ նախարարները քննարկել են միջուկային թեման եւ Թեհրանի համագործակցութիւնը Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ։