Ռուս բարձրաստիճան դիւանագէտի գաղտնազերծումը. «ՀՀ իշխանութիւններն իմացել են Ադրբեջանի սպասւող գործողութիւնների մասին»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով ռուս բարձրաստիճան դիւանագէտ Ալեքսանդր Անանիեւի գաղտնազերծումը, հաձայան որի՝ 2023 թւականի սեպտեմբերին ՀՀ գործող իշխանութիւնները տեղեակ են եղել Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի սպասւող ռազմական գործողութիւնների մասին։
Տիգրան Աբրահամեանի գրառումը՝ ստորեւ.
«ՌԴ ԱԳ նախարարի պաշտօնաթող աւագ խորհրդական Ալեքսանդր Անանիեւը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թւականին, Արցախում ծաւալւած իրադարձութիւնների եւ նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին:
Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսւած ռազմական գործողութիւններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչները:
Նրա խօսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծւող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ը դէմ է եղել:
ՌԴ դիւանագէտի հաւաստմամբ, ՀՀ իշխանութիւններն իմացել են Ադրբեջանի սպասւող գործողութիւնների մասին, բայց նրանց ասւել է, որ յայտարարեն, թէ Հայաստանը որեւէ կերպ չի արձագանգելու այդ գործընթացին:
Միանգամից նշեմ, որ Անանիեւի պնդումը, որ ՌԴ-ն փորձել է կանխել էսկալացիան, որեւէ ձեւով չի արդարացնում ՌԴ անկարողութիւնը՝ Արցախի դէմ լայնամասշտաբ պատերազմը չկասեցնելու կամ աւելի վաղ փուլում չկանգնեցնելու առումով:
Ինչ վերաբերւում է ՀՀ իշխանութիւններին, սրանք ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ դեռ 2018-ին էին ցանկանում յանձնել Արցախը, այնպէս որ, նրանց մասով ամէն ինչ վաղուց էր պարզ:
Առհասարակ, միջազգային դերակատարները՝ իւրաքանչիւրն իր պատասխանատւութեան մասով, որեւէ լուրջ քայլ չձեռնարկեց Արցախի բլոկադան թոյլ չտալու, Ադրբեջանին զսպելու, արցախահայերի բռնի տեղահանութիւնը կանխելու համար:
Հիմա բոլորը փորձում են արդարանալ, պատասխանատւութիւնը միմեանց դաշտ փոխանցել, տպաւորութիւն ստեղծել, թէ պայքարում են արցախցիների իրաւունքների վերականգնման կամ հումանիտար խնդիրների վերացման շուրջ, իսկ իրականում նրանց թոյլտւութեան ու լուռ համաձայնութեան ներքոյ, Ադրբեջանը նախ 2020-ին լայնամասշտաբ գործողութիւններ ձեռնարկեց Արցախի դէմ, 2021-22-ին՝ արդէն ՀՀ-ի դէմ ագրեսիայի դիմեց, իսկ 2023-ին ուժի միջոցով ամբողջութեամբ օկուպացրեց Արցախը»: