Ռուս քաղաքագէտ. «Իրանի հարւածի դէպքում թել Աւիւի համար հետեւանքներն աղէտալի կը լինեն»
Իսրայէլն ի վիճակի չէ ոչնչացնել Իրանը

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով փորձագէտ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայութիւնը եւ Իսրայէլի հնարաւոր հարւածը իրանական միջուկային օբիեկտներին:
«Շատ դժւար է հիմա ասել, թէ ինչի կարող է յանգեցնել Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայութիւնը։ ԱՄՆ-ն ցանկանում է Մերձաւոր Արեւելքից իր «մերձակայ բակը»։ Արաբական երկրներին ներքաշելով երկարատեւ տեխնիկական եւ ռազմական համագործակցութեան մէջ՝ նրանց ներգրաւում է իր ուղեծիր։ Միակ պետութիւնը, որը չկայ այդ ուղեծրում, Իրանն է։ Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը նրան հնարաւորութիւն կը տայ բաւական լուրջ դիմակայել ԱՄՆ-ին եւ Մերձաւոր Արեւելքում նրա էքսպանսիային։ Իսկ ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն շատ լաւ հասկանում է, որ եթէ Իրանը միջուկային զէնք ստեղծի, ապա դա ոչ միայն կը սպառնայ Իսրայէլին, այլեւ կը սպառնայ, մասնաւորապէս, Սաուդեան Արաբիայի մօտ նոյն զէնքի ստեղծմամբ: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն մէկ իրական, անկախ, ինքնիշխան խաղացողի փոխարէն ստանում է մի քանիսը: Եւ յետոյ հարց է առաջանում՝ արդեօ՞ք Սաուդեան Արաբիան կը գտնւի ամերիկեան քաղաքականութեան ուղեծրում՝ ունենալով միջուկային զէնք եւ լինելով բացարձակ ինքնիշխան իր որոշումներում եւ կարողութիւններում: Պատասխանը՝ ոչ»,- ասել է փորձագէտը։
Քաղաքագէտի կարծիքով՝ Իսրայէլի միջոցով ԱՄՆ-ն բլեֆ է անում՝ հարւածելով Իրանին, իսկ Իսրայէլին Իրանի պատասխանի դէպքում պաշտօնական Թել Աւիւի համար հետեւանքներն աղէտալի կը լինեն:
«Իրանի պատասխան հարւածն Իսրայէլի ենթակառուցւածքներին ուղղակի աղէտալի կը լինի։ Ես կարծում եմ, որ դա բլեֆ է, Թրամփի խաղի տարրերից մէկը, որպէսզի Իրանին նստեցնի բանակցութիւնների սեղանի շուրջ։ Բացի այդ, ստիպի ստորագրել միջուկային համաձայնագիրը։ Առանց ԱՄՆ-ի համաձայնութեան՝ Իսրայէլը երբեք դա չի անի։ Իսրայէլն այնքան էլ ինքնիշխան չէ, քանի որ զէնքի նոյնիսկ 70%-ը գալիս է ԱՄՆ-ից: Չէ՞ որ հէնց Իսրայէլն էր մեղադրում Բայդէնին, որ իրեն զէնք չի տւել Գազայի հատւածի եւ Լիբանանի խնդիրներն ամբողջ ծաւալով լուծելու համար առաջին ամիսներին կամ նոյնիսկ, կարելի է ասել, հոկտեմբերի 7-ից յետոյ ռազմական գործողութիւնների առաջին տարում։ Հարւածել, սկզբունքօրէն, կարող է, բայց աղէտալի պատասխան կը ստանայ»,- նշել է Մակարենկոն։