Նախաճաշի փաթիլներում ճարպի, շաքարի եւ նատրիումի պարունակութիւնը գնալով աւելի է գերազանցում երեխաների համար առաջարկւող նորման

Նախաճաշի փաթիլները երեխաների եւ նրանց մտերիմների սիրելի ուտեստն են, բայց, հաւանաբար, դա օրը սկսելու ամենաառողջ միջոցը չէ։
Նոր հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են JAMA Network Open ամսագրում, ցոյց է տւել, որ պատրաստի օգտագործման փաթիլները պարունակում են ճարպի, նատրիումի եւ շաքարի աճող քանակութիւն։
Գիտնականները վերլուծել են 2010-2023 թւականներին ԱՄՆ-ում թողարկւած մանկական փաթիլների 1200 տեսակ։ Ստացւած արդիւնքների համաձայն, այս ժամանակահատւածում մէկ չափաբաժնում ճարպի ընդհանուր քանակն աւելացել է մօտաւորապէս 34%-ով։ Նատրիումի պարունակութիւնն աճել է 32%-ով, իսկ շաքարի պարունակութիւնը՝ գրեթէ 11%-ով։
Ըստ հետազօտողների, մէկ չափաբաժնում շաքարի քանակը յաճախ գերազանցել է Ամերիկեան սրտաբանական ասոցիացիայի կողմից երեխաների համար առաջարկւող օրական նորմայի 45%-ը։
Միւս կողմից, օգտակար բաղադրիչների, ինչպիսիք են սպիտակուցը եւ բջջանիւթը, պարունակութիւնը զգալիօրէն նւազել է 2023 թւականին։
Հեղինակների կարծիքով, այս տւեալները վկայում են այն մասին, որ արտադրողները համը գերադասում են սննդային որակից, ինչը «նպաստում է երեխաների ճարպալալմանը եւ սրտանօթային առողջութեան համար երկարաժամկէտ ռիսկերի զարգացմանը»։
news.am