«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանում սպասւող նախագահական ընտրութիւնների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավէճն անց կացւեց բարեկեցութեան, արդարութեան եւ կրթութեան հասանելիութեան վերաբերեալ տնտեսական հարցերով:
Ի տարբերութիւն առաջին բանավէճի, այս անգամ թեկնածուները մի քանի անգամ ընդհատեցին միմեանց ելոյթները, սակայն կարճատեւ ընդմիջումից յետոյ քննարկումներում հանդարտութիւն նկատւեց։
Փեզեշքեանը ինչպէս նախորդ բանավէճում, փորձեց Իրանի էթնիկ խմբերի թեմայի վրայ մնալ:
Մոստաֆա Փուր Մոհամմադին քննադատեց Փեզեշքեանի, Ջալիլիի եւ Ղալիբաֆի քաղաքական անցեալը: Նոյն կերպ վարւեցին նաեւ Սաիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին եւ Ամիրհոսէյն Ղազիզադէ Հաշեմին քննադատելով միւս թեկանծուներին:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարեւորելով ներքին համախմբւածութիւնը, եւ մի քանի անգամ երկրորդեց մրցակիցների նշումները: Նա միակ թեկնածուն է, ով երկիր ներթափանցող անօրիանական փախստականների դէմ բարձրաձայնելով դիրքորոշւել է, խոստանալով սահմանային պատ կառուցել երկրի արեւելքում:
Յատկանշական է, որ երկու բանավէճերի ընթացքում էլ քննադատութիւնների սլաքը յաճախ ուղղւած է նախկին նախագահ Հասան Ռոհանիի պաշտօնավարման շրջանին, ինչում նաեւ այդ շրջանի ԱԳ նախարարի վարած արտաքին քաղաքականութիւնն է քննադատութիւնների թիրախում:
Նոյն կապակցութեամբ Հասան Ռոհանիի գրասենեակը նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի հետաքննող յանձնաժողովին ուղղւած նամակում պահանջել է արձագանգելու համար նոյնանման առիթ տրամադրւի իրեն:
Հեռուստատեսութեան տնօրինութիւնը եւս նշել է, որ յանձնաժողովի որոշմանը դէմ չի գնայ, եթէ նման պահանջ ներկայացւի հեռուստատեսութեանը:
Իսկ երրորդ հեռուստաբանավէճը, որի թեման մշակութային հիմնախնդիրներն էին, ինչպէս նախորդ երկուսը, աւելի յիշեցնում էր «Չբանավէճ»:
6 թեկնածուները խուսափելով ծրագրային յստակ ելոյթներից, հիմնականում զբաղւած էին ընդհանրախօսութիւններով՝ յատկապէս կանանց հիմնահարցերի եւ հասարակական կեանքում կանանց դերակատարութեան վերաբերեալ, իհարկէ պոպուլիստական քարոզչութեան շրջանակում միայն:
***
Արտաքին քաղաքականութեան կապակցութեամբ թեկնածունների եւ նրանց խորհրդականների ընդգծումներին արձագանգելով «Համաշխարհային ժամանակակից հետազօտութիւնների ինստիտուտ»-ի տնօրէն դոկտ. Շոայբ Բահմանը «Շահրւանդ»-ին տւած հարցազրոյցում նշել է. «Մենք չպէտք է յայտնւենք զոհասեղանին նորից ընկնելով, արդէն իսկ ոչ բարենպաստ դարձած, ԲԱՐՋԱՄ-ի հետքերով: Այն այլեւս ոչ մի ընդհանրութիւն չունի մեր ազգային շահերի հետ»:
Նա յաւելել է. «Թեկնածուներից իւրաքանչիւրը փորձում է ներկայացնել իր թիմի յստակեցւած քաղաքական գիծը: Կողմնորոշումներում առկայ են ռեգիոնալիզմն (տարածաշրջանային) ու Արեւելքի հետ գործընկերութիւնը, միւսը՝ Արեւմուտքին մերձեցման միտումը։ Սակայն այստեղ կարեւորը ազգային հեռանկար ունենալն է: Ցաւօք, ընտրութիւնների ժամանակ, շատ յաճախ, քաղաքական խմբերն ընտրապայքարում աւելի գունեղ երեւալու համար ներկայացնում են հակասական տեսակէտներ, որոնք կարող են համահունչ չլինել նաեւ մեր ազգային շահերին»։