Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յաղթանակն անհնար կը լինէր, եթէ ընդդիմադիր թիմերը յաջողութիւն չունենային՝ միաւորւելու գլխաւոր նպատակի շուրջ. Վարդան Ղուկասեանի գրասենեակի յայտարարութիւնը

«ԱԼԻՔ» – Գիւմրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,

այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհաւորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցէատէրը առաջին հերթին դուք էք, գիւմրեցու երբեւէ չնսեմացող հաւաքական պատիւը եւ ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբեւէ չմոռանա՜ք, որ այս հաւաքական յաղթանակը ուղղակի անհնար կը լինէր առանց ձեր արդարախոհութեան, պատւախնդրութեան եւ անճնշելիութեան. յատկանիշներ, որ յարիր են հայկեան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր յաղթանակը, ինչպէս եւ յայտնի է, կրկին անհնար կը լինէր, եթէ ընդդիմադիր թիմերը յաջողութիւն չունենային միաւորւելու գլխաւոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի եւ հայրենական հարցերի հանդէպ երկրորդական դասւող տարաձայնութիւնների վրայ։

Ըստ այդմ՝ շնորհակալութիւն ենք յայտնում յայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատւիրակած բաժին իշխանութիւնը Վարդան Ղուկասեանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եւս մէկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասեանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր յանձնառութեան կնճռոտ ծանրութիւնը եւ այն պատասխանատւութեան աստիճանը, որն իր ուսերին է առնում արդէն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաեւ զերծ մնալ նրա ապագայ կառավարման «լուծը կիսելու» կամ նրա բանտարկման ռիսկերը որպէս նոր եւ բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամէնը որպէս խոցելիութիւն որակելով։ Պէտք է հասկանալ, որ վերջին հաշւով բանտարկւողը հէնց ինքը՝ Վարդան Ղուկասեանն է, ինչը յետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գիւմրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Այս փուլում բանտարկել Վարդան Ղուկասեանին միիմաստօրէն նշանակում է բանտարկել ողջ Գիւմրին։ Իմանալով նաեւ այն, որ ներկայ իշխանութիւնների կառավարման ներքոյ Հայաստանում իւրաքանչիւր քաղաքացի կարող է բանտարկւել կամայական պահի՝ խոցելիութեան մասին դոկտորական թէզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնոյթ։

Ինչպէս նկատեցիք, մենք չանդրադարձանք Գիւմրու հետ որեւէ կապ չունեցող գիւմրիաբնակ ՔՊ-ական պատգամաւորներին կամ խօսնակներին, քանզի վերեւում արդէն խօսել ենք թուրքերից։Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ յայտարարութիւնների, իսկ նրանցից մէկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցէին հնչեցրած անպատիւ խօսքի համար եւ յորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստւածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը Վարդան Ղուկասեանի մէջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանց» հոգեւոր զրոյցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մէջբերման մասին դատապարտող խօսք տարածած բոլոր կազմակերպութիւններին յորդորում ենք կա՜մ վերանայել իրենց քրիստոնէական հաւատամքը, կա՜մ զօրանալ դրանում՝ ինչու չէ Տաթեւացի ընթերցել սկսելով։

Աւարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասեանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի եւ խիզախ մի քայլ՝ զինւած ոչնչով, բացի ճշմարտութիւնից։ Յուսանք՝ սա կը բացի յաղթանակների շարունակական շղթան՝ իր օրինակով վարակելով մեր այլ քաղաքական գործիչների։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցութիւնը վայելելով՝ նա աւելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտօնը եւ իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կեանքի՝ Գիւմրուն վերադարձնելով նախկին անհոգութիւնը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանւած Գիւմրու աւագանին եւ նրա ընտրեալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կը լինեն արդիւնաւէտ, համակագործակցային եւ փոխզսպող կառավարման լաւագոյն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջեւ եւ կը խրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն հաւատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական յորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանութիւն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողութիւն

Եւ բոլոր հարցերում՝ սէր…»։

Related Articles

Back to top button