Յակոբ Բադալեան. «ՀՀ-ում «քար լռութիւն» է Ուրսուլա ֆոն դեր Լայենի յայտարարութեան առնչութեամբ»

«ԱԼԻՔ» – Քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանի թելեգրամեան գրառումը.
«Հայաստանում գրեթէ «քար լռութիւն» է Սամարղանդում հնչած յայտարարութեան առնչութեամբ, որ արել է Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ յայտարարութիւնն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եւրոպային կապելու համար պէտք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների միջեւ: Եւ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խօսել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակութեան մասին:
Հայաստանում լռութիւն է: Գուցէ լռութեան փոխարէն ձայն ելնէր, եթէ օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին յայտարարութիւն հնչէր Ռուսաստանի որեւէ պաշտօնեայի շուրթերից:
Հարցը տւեալ դէպքում Ռուսաստանը, Եւրամիութիւնը, ԱՄՆ, Իրանը կամ որեւէ մէկը չեն, հարցը տւեալ դէպքում այն է, որ հնչում է ձեւակերպում, որը ըստ էութեան համահունչ է Հայաստանի հանդէպ Ադրբեջանի եւ Թուրքիայի խօսոյթին, մասնաւորապէս ճանապարհների վերաբերեալ:
Նրանց եւ օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրիւսէլի եւ նրանց պատկերացումները նոյնակա՞ն են, թէ՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թէ սկզբունքօրէն, սա անորոշ է: Անորոշ է նաեւ, թէ օրինակ ինչպիսի յարաբերակցութեան մէջ է ճանապարհների վերաբերեալ Երեւանից Բաքւին արւած առաջարկի բովանդակութիւնը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ յայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է յայտարարութիւն, որը համահունչ է Ադրբեջանի եւ Թուրքիայի խօսոյթին ու ձեւակերպումներին, առնւազն սկզբունքի իմաստով:
Հետեւաբար, դրա վերաբերեալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թէ առաջին հերթին պաշտօնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թէ քաղաքական միւս ուժերից:
Ընդորում, դիրքորոշում, որը ոչ թէ զգայական է, կամ այսպէս ասած կոնիւկտուրային-նարատիւային, հակա կամ մետ տրամաբանութիւնների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է եւ պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանգ, Հայաստանի համար ընթացիկ եւ էքզիստենցիալ ռիսկերը ներառող:
Այստեղ էլ իհարկէ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մէկն այն է, որ այդ դաշտը ձեւաւորւել եւ գործում է ըստ էութեան «արձագանգային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանութեամբ, չունենալով երկարաժամկէտ ռազմավարական պլանաւորման ենթարկւած օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կը կառուցի իր ընթացիկ գործունէութիւնը եւ հաղորդակցութիւնը թէ հանրութեան, թէ արտաքին գործընկերների հետ, այդ թւում հէնց նոյն Եւրամիութեան»: