Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» տելեգրամեան ալիքը վկայակոչելով դիւանագիտական իր աղբիւրներին տեղեկացրել է, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։
«Դիւանագիտական շրջանակների մեր աղբիւրները յայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացւած խաղաղութեան պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիեւի վարչակազմը պահանջում է, որպէսզի Հայաստանը հրաժարւի միջազգային տարբեր ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացւած բոլոր հայցերից:
Խօսքը վերաբերւում է ե՛ւ Արցախի հայութեան դէմ Ադրբեջանի իրականացրած խտրականութեան ե՛ւ էթնիկ զտումների քաղաքականութեանը, թէ՛ Բաքւում պահւող հայ գերիների վերաբերեալ ՀՀ բողոքներին, թէ՛ ՀՀ օկուպացւած տարածքներն ազատելու մեր պահանջներին:
Դիւանագիտական շրջանակների մեր աղբիւրները պնդում են, որ Փաշինեանի կառավարութիւնը տրամադրւած է բաւարարել Ալիեւի նաեւ այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրաւական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանի զայրոյթը: Վերջինս պնդում է, որ յետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստւած հայցերը եւ պատրաստւում է, այդպէս էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»,- գրել է ալիքը։