Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Պատասխանդ մեզնից ես ստանալու, Իլհամ. իւրաքանչիւր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժէք»

«ԱԼԻՔ» – «Պատասխանդ մեզնից ես ստանալու, Իլհամ. իւրաքանչիւր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժէք»: Երէկ՝ մայիսի 29-ին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, «Տաւուշն յանուն հայրենիքի» շարժման պայքարի օրն ամփոփելիս յայտնել է Բագրատ Սրբազանը:

«Հայաստանում կայ ձեւաւորւած շարժում, կան մարդիկ, որոնք ինքնութիւն ունեն, հայրենիք ունեն, եւ այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչը որ հասնում է՝ ասելու։

Հէյդարի որդի Իլհա՛մ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները Հայաստանում են, բայց նրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Նրանք քո դրածոներն են, քո ստրուկներն են, քո գերիներն են, քո ներկայացուցիչներն են։

Պատասխանը մեզնի՛ց ես ստանալու»,- ասել է Սրբազանը՝ յաւելելով. «Ադրբեջանն ու Թուրքիան անհանգստացած են Հայաստանում սկսւած համազգային շարժմամբ։ Թշնամի երկրների ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հասկանում է՝ Շարժման յաղթանակը փակելու է իրենց համար բացւած՝ Հայաստանից ամէն ինչ խլելու հնարաւորութեան պատուհանը»:

Աշոտ Սիմոնեանի վրայ յարձակւած ոստիկանների խուլիգանական բանդայի բոլորի նկարները՝ անուններով հրապարակում էք

Անդրադառնալով ՀՀ ոստիկանութեան վերջին օրերի խուլիգանական պահւածքին եւ բռնի ուժի անսանձ կիրառմանը, Բագրատ Սրբազանը նշել է, որ անհրաժեշտ է  անուն առ անուն արձանագրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Աշոտ Սիմոնեանի վրայ յարձակւած ոստիկանական համազգեստաւորներին, Սարդարապատի յուշահամալիր Վեհափառի եւ եկեղեցականների մուտքը խոչընդոտողներին։ Նրանք արժանի են հանրային պարսաւանքի:

«Գտէք նրանց լուսանկարները, անունները եւ հրապարակէք: Նոյնը նրանց, ովքեր փորձել էին փակել Վեհափառի ճանապարհը: Նրանք պէտք է հանրային հետապնդման ու պարսաւանքի արժանանան: Պարզապէս չպէտք է կարողանան շնչել, չէին կարող այդպէս վարւել»,- ասել է նա:

Իմ ճանաչած Վահէ Ղազարեանն իր «մահկանացուն կնքեց» այսօր

Բագրատ Սրբազանը նաեւ անդրադարձել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահէ Ղազարեանի գործելաոճին.

«Ցաւով եմ ասելու՝ իմ ճանաչած Վահէ Ղազարեանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպէս գործիչ, որպէս բարոյական նկարագիր եւ որպէս հոգեւոր արժէք։ Մահացաւ ինձ համար»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ Վահէ Ղազարեանն այդպէս էլ տղամարդկութիւն չունեցաւ։

«Ես նրա փոխարէն հրաժարական կը գրէի, կը գնայի»,- ասել է Սրբազանը, ապա նշել, որ մինչ այդ նրա մասին այլ կարծիք ունէր։

«Մեզ մօտ՝ գիւղերում առասպելներ են հիւսում՝ Վահէն այսպէս է անում, Վահէն այնպէս է անում, Վաէեն զզւել է, եկել է տուն, գանգատւել է․․․ ինչ ասես՝ պատմում են։ Ես էլ հաւատացել եմ, որովհետեւ ճանաչել եմ նաեւ։ Վարքագիծն եմ տեսել, վերաբերմունքն եմ տեսել, ամէն ինչն էլ տեսել եմ։ Միասին հաց ու աղ ենք բաժանել, չեմ մոռանայ դա էլ։ Բայց ասել եմ նաեւ՝ այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ է մնում այս մարդը, եթէ այդքան դժգոհ է։ Թող հեռանայ։ Ասել են՝ ընկերն է (Փաշինեանի-ԽՄԲ․)։ Պետութիւնն ընկերութեա՞մբ են կառուցում, չեմ հասկանում»,- տարակուսել է Բագրատ Սրբազանը։

Մայիսի 30-ի անելիքների մասին

Խօսելով մայիսի 30-ի անելիքների մասին, Բագրատ Սրբազանը յայտնել է, որ առաւօտեան պայքարի մասնակիցները կը լինեն Հանրապետութեան հրապարակում՝ կառավարութեան շէնքի մօտ։

Առաւօտեան ժամը 11։00-ին  տեղի է ունենալու ՀՀ կառավարութեան նիստ։ Դրանից առաջ՝ 10։30-ին  պայքարին միացած քաղաքացիները հաւաքւելու են Հանրապետութեան հրապարակում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ պահանջը ներկայացնելու նպատակով։

«Այս մարդու որդին մեր երկրում պէտք է հանգիստ չունենայ։ Վաղը շատ կարեւոր օր է։ Պէտք է մտնենք հրապարակ, ներկայ լինենք հրապարակում եւ մեր ասելիքը տեղ հասցնենք»,- ասել է Սրբազանը:

Related Articles

Back to top button